ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների աշխատանքների ամփոփագիր (Փետրուարի 15-Մարտի 1) Հայ Դատի Կեդրոնական գրասենեակ

Ս.թ. Փետրուարի 24-25-ը Մատրիտում անցկացուեց Սոցիալիստական Ինտերնացիոնալի խորհրդի նիստը` Սպանիայի սոցիալիստական աշխատաւորական կուսակցութեան Կեդրոնատեղիում։ Շուրջ հարիւր երկրներից քաղաքական կուսակցութիւններ համախմբող մոլորակի խոշորագոյն քաղաքական այս կազմակերպութեանը ՀՅ Դաշնակցութիւնն անդամակցում է դեռեւս 1907 թուականից։ ՀՅԴ Բիւրոյի նախկին անդամ, ՀՅԴ Հայ դատի Կեդրոնական խորհրդի անդամ Մարիո Նալպանտեանը Սոցիալիստական Ինտերնացիոնալի փոխնախագահներից է, ով մասնակցել է խորհրդի եւ նախագահութեան նիստերին եւ ընտրուել ֆինանսական ու կազմակերպական հարցերի յանձնաժողովի անդամ։ Սոցինտերնի նախագահ, Սպանիայի վարչապետ Փետրօ Սանչեսը կազմակերպութեան նախագահութեան եւ խորհրդի նիստերի բացման ելոյթներում ակնարկել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերեալ։

Սոցինտերնի նախագահութեան եւ խորհրդի նիստերին Մարիո Նալպանտեանը ներկայացրել է Ատրպէյճանի ցեղասպանական քայլերով Արցախի էթնիկ զտման հետեւանքով ստեղծուած իրավիճակն ու մարտահրաւէրները, ինչպէս նաեւ Ատրպէյճանի կողմից Հայաստանի Հանրապետութեանն ուղղուած բռնութեան քայլերը, սպառնալիքներն ու պահանջները։ Սոցինտերնի խորհուրդը որդեգրել է Արցախի հարցով բանաձեւ, որտեղ, ի թիւս այլնի, ասւում է. «Մինչեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական քաղաքական կարգաւորումը եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրաւունքների լիարժէք իրացումը՝ ապահովել ժողովրդի հաւաքական, անկաշկանդ եւ անվտանգ վերադարձը հայրենիք։ Լեռնային Ղարաբաղի համար միջազգային նորմերով երաշխաւորուած միջանկեալ կարգավիճակ ապահովել՝ երաշխաւորելով քաղաքացիական եւ քաղաքական իրաւունքների ամբողջ ծաւալը, տրամադրելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգութեան արդիւնաւէտ երաշխիքներ, ինչպէս նաեւ Հայաստանի հետ անխոչընդոտ ցամաքային կապ»։

Ամերիկայի Միացեալ Նահանգներ

Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի կազմակերպմամբ՝ ԱՄՆ Կոնգրեսում, Մարտի 13-ին, կայացել է «Ցեղասպանութեան հակադարձում. Արցախի բնիկ հայերի իրաւունքների եւ անվտանգ վերադարձի ապահովում» խորագրով քննարկում` աւելի քան մէկ տասնեակ կոնգրեսականների, փորձագէտների, Կոնգրեսի աշխատակիցների, համայնքի ներկայացուցիչների եւ լրատուամիջոցների ներգրաւուածութեամբ։ Մասնաւորապէս, ուշագրաւ ելոյթներով են հանդէս եկել Ցեղասպանութեան կանխարգելման Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրէն Էլիզա ֆոն Եոդէն-Ֆորգին, միջազգային իրաւունքի փորձագէտ եւ վերջերս ստեղծուած Արցախի ժողովրդի հիմնարար իրաւունքների պաշտպանութեան յանձնախմբի անդամ Գառնիկ Քերքոնեանը, վերջերս Հայ դատի Ամերիկայի յանձնախմբին միացած, իսկ նախկինում Հայ դատի Արցախի յանձնախմբի աշխատակից Գեւ Իսկաջեանը։

Կոնգրեսականներից ելոյթ են ունեցել սենատոր Էդ Մըրքին, Կոնգրեսի հայկական հարցերով յանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոնը, Կոնգրեսի ՆՓ անդամներ Գաբէ Ամոն, Ջուդի Չուն, Ջիմ Կոստան, Սէթ Մագազիները եւ Բրադ Շնայդերը։ Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի գործընկեր համայնքային կազկակերպութիւններից քննարկմանը ներկայ էին «Ամերիկա-յունական առաջնորդութեան խորհուրդ» եւ «Քրիստոնեաների պաշտպանութիւն» կազմարեպութիւնների ներկայացուցիչները։ Քննարկման մոդերատորն էր Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի Ուաշինկթընի գրասենեակի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը։

Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարեանը Կոնգրեսի առաջնորդներին կոչ է արել հրապարակայնօրէն ճնշում գործադրել Պայտընի վարչակազմի վրայ, որպէսզի վերջինս անյապաղ միջոցներ ձեռնարկի՝ Արցախում ցեղասպան գործողութիւններ իրականացնելու համար Ատրպէյճանին պատասխանատուութեան ենթարկելու եւ արցախահայութեան անվտանգ եւ ապահով վերադարձի իրաւունքն ուժով պաշտպանելու ուղղութեամբ։

Մարտի 21-ին Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի ղեկավարութեանը, զոյգ պալատների արտաքին հարցերի, ռազմական ծառայութիւնների եւ յատկացումների յանձնաժողովների նախագահներին հասցէագրուած նամակով՝ Համբարեանը խիստ յանդիմանել է Պայտընի վարչակազմի ձախողումն Ատրպէյճանի կողմից Արցախի հայերի ցեղասպանութիւնը կանխելու եւ բռնապետական վարչակարգին իր ագրեսիայի համար պատասխանատուութեան ենթարկելու գործում։ Համբարեանը նկատել է՝ վարչակազմը շարունակապէս հրաժարւում է ականջալուր լինել տասնեակ օրէնսդիրների կոչերին, բարձրաձայնուած մի շարք նամակներում եւ բանաձեւերում, որտեղ կոչ է արւում անյապաղ արձագանգել անցեալ տարի Ատրպէյճանի կողմից Արցախի շրջափակմանը, ինչի հետեւանքով տարածաշրջանի 120․000 հայերը 10 ամսով զրկուեցին սննդի, վառելիքի, դեղորայքի եւ մարդասիրական ապրանքների հասանելիութիւնից: Համբարեանը յայտարարել է՝ Պայտընի վարչակազմը «ոչ միայն չկարողացաւ կաշկանդել Ատրպէյճանին, այլեւ բազմիցս խթանել եւ քաջալերել է Պաքուի ագրեսիան»։

Եւրոպա

«Եւրոպացիները յանուն Արցախի» շարժումը, Փետրուարի կէսերին, նամակ է յղել Միջազգային օլիմպիական կոմիտէի (ՄՕԿ) նախագահին՝ 2024 թ․ Փարիզում կայանալիք ամառնային օլիմպիական խաղերին Ատրպէյճանին մասնակցութիւնից զրկելու վերաբերեալ եւ կոչ է արել ՄՕԿ-ին կոնկրետ միջոցներ ձեռնարկել այդ երկրի մասնակցութեան դէմ։ Նամակն ուղարկուել է նաեւ Ֆրանսայի Հանրապետութեան նախագահին, Ֆրանսայի ազգային օլիմպիական կոմիտէին, Ֆրանսայի օլիմպիական խաղերի կազմկոմիտէին, Փարիզի քաղաքապետարանին, ինչպէս նաեւ սպորտի, օլիմպիական ու պարօլիմպիկ խաղերի նախարարին։

Ելնելով Արցախի ժողովրդի դէմ Ատրպէյճանի կողմից իրականացուած էթնիկ զտման փաստից` «Եւրոպացիները յանուն Արցախի» շարժումը ՄՕԿ-ին կոչ է արել արգելել Ատրպէյճանին՝ որպէս պետութիւն, ներկայացուած լինել գալիք Օլիմպիական խաղերում եւ թոյլ տալ ատրպէյճանցի մարզիկներին հանդէս գալ միայն չէզոք դրօշի ներքոյ։

Եւրոպական խորհրդարանը Փետրուարի 28-ի իր լիագումար նիստում ընդունել է 2023 թ. ԵՄ ընդհանուր արտաքին եւ անվտանգութեան քաղաքականութեան իրականացման, ինչպէս նաեւ ԵՄ պաշտպանական եւ անվտանգութեան ընդհանուր քաղաքականութեան վերաբերեալ տարեկան զեկոյցներ։

Եւրոպական խորհրդարանի երկու զեկոյցներն էլ կարեւոր դրոյթներ են պարունակում Ղարաբաղեան հակամարտութեան, Արցախում Ատրպէյճանի կողմից իրականացուած էթնիկ զտումների, Հայաստանի Հանրապետութեան նկատմամբ Ատրպէյճանի ագրեսիայի, ինչպէս նաեւ ԵՄ-Հայաստան յարաբերութիւնների վերաբերեալ։

Մասնաւորապէս, ԵՄ ընդհանուր արտաքին եւ անվտանգութեան քաղաքականութեան իրականացման զեկոյցը խստօրէն դատապարտում է Ատրպէյճանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի դէմ նախապէս ծրագրուած եւ չարդարացուած յարձակումը, կոչ անում Ատրպէյճանի իշխանութիւններին թոյլ տալ հայ բնակչութեան անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ՝ տրամադրելով իրենց իրաւունքների պաշտպանութեան ամուր երաշխիքներ։ Խորհրդարանը նաեւ պահանջում է պաշտպանել Արցախում հայկական մշակութային, պատմական եւ կրօնական ժառանգութիւնը՝ ԵՈՒՆԵՍԿՕ-ի չափանիշներին եւ Ատրպէյճանի միջազգային պարտաւորութիւններին համապատասխան։ Խորհրդարանը Արցախի նկատմամբ Պաքուի յարձակումը որակում է որպէս միջազգային իրաւունքի եւ մարդու իրաւունքների, 2020 թուականի Նոյեմբերի 9-ի յայտարարութեան, ինչպէս նաեւ ԵՄ միջնորդութեամբ ընթացող բանակցութիւններում ձեռք բերուած պարտաւորութիւնների կոպիտ եւ ակնյայտ խախտում։

Եւրոպական խորհրդարանը 2024 թ․ Մարտի 13-ին ընդունել է «Եւրոպական միութեան եւ Հայաստանի միջեւ կապերի սերտացման եւ Ատրպէյճանի ու Հայաստանի միջեւ խաղաղութեան համաձայնագրի անհրաժեշտութեան մասին» բանաձեւը։ ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակի դիրքորոշումը յիշեալ բանաձեւի վերաբերեալ հետեւեալն է․ «Հայ Դատի Եւրոպայի գրասենեակը երախտապարտ է Եւրոպական խորհրդարանին՝ Արցախի եւ Հայաստանի Հանրապետութեան նկատմամբ Ատրպէյճանի ապակառուցողական քաղաքականութեան վերաբերեալ օբիեկտիւ դիրքորոշման համար։ Իբրեւ համաեւրոպական բնոյթի համայնքային կազմակերպութիւն՝ Հայ Դատի Եւրոպայի յանձնախումբը եւ իր տեղական յանձնախմբերն ակտիւօրէն աշխատել են եւ աշխատելու են Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ աւելի ամուր, սերտ եւ դինամիկ կապերի հաստատման համար: Միեւնոյն ժամանակ, հաշուի առնելով տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրողութիւնները, փոխլրացնող արտաքին քաղաքականութիւնը Հայաստանի համար այն ուղին է, որով պէտք է առաջ շարժուել՝ յանուն ամուր եւ կենսունակ հայկական պետականութեան»։

Մարտի 24-ին Պրուքսէլում տեղի է ունեցել ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի յանձնախմբի նոր գրասենեակի բացման արարողութիւնը․ նշանակալի իրադարձութիւն նրա հիմնադրութիւնից՝ 2002 թուականից ի վեր: Ի խորհրդանշում Հայ Դատի առաքելութեան օժանդակման՝ կարմիր ժապաւէնը կտրել են Մայք եւ Էվելինա Սարեանները, որոնց ընտանիքի առատաձեռն նուիրատուութեան շնորհիւ էլ ձեռք է բերուել նոր գրասենեակը։ Բացման արարողութեանը ներկայ են գտնուել տասնեակ հիւրեր, այդ թուում՝ ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակի երկարամեայ բարերարներ Րաֆֆի Արսլանեանը եւ Ատոմ Թենճուկեանը, ՀՅ Դաշնակցութեան Բիւրոյի ներկայացուցիչ եւ Հայ Դատի յանձնախմբերի Կեդրոնական խորհրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանը, Եւրոպական միութիւնում ՀՀ առաքելութեան ղեկավարի տեղակալ Վարդան Սարգսեանը, պելճիքացի պատգամաւորներ, լրագրողներ, հասարակական գործիչներ, ինչպէս նաեւ Պելճիքայի, Կիպրոսի, Ֆրանսայի, Գերմանիայի, Հոլանտայի, Հռոմի եւ Միացեալ Թագաւորութեան հայ համայնքների ներկայացուցիչներ։

Պելճիքայի Սենատում Մարտի 25-ին տեղի է ունեցել «Աշխարհաքաղաքական զարգացումները Հարաւային Կովկասում. կիզակէտում Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը/Արցախը» խորագրով կլոր սեղան-քննարկում: Քննարկումը կայացել է սենատոր Մարկ Տեմէսմէյքերի եւ ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակի համագործակցութեան արդիւնքում, որին մասնակցել են պելճիքացի խորհրդարանականներ, դիւանագէտներ, լրագրողներ եւ քաղաքացիական հասարակութեան ներկայացուցիչներ:

Քննարկման առաջնային նպատակն էր համապարփակ վերլուծութեան ենթարկել 2020 թ․ Սեպտեմբերից ի վեր Հարաւային Կովկասի տարածաշրջանում աշխարհաքաղաքական զարգացումները, մասնաւորապէս՝ Արցախեան հակամարտութեան լոյսի ներքոյ։ Բանախօսները միջազգային իրաւունքի, մարդու իրաւունքների եւ միջազգային հանրութեան արձագանգի տեսանկիւններից ներկայացրել են տարածաշրջանային զարգացումները։ Յատուկ ուշադրութիւն են արժանացել միջնորդական ջանքերի կարեւորութեան վերաբերեալ քննարկումները` անդրադարձ կատարելով յատկապէս Եւրոպական Միութեան դերին: Քննարկման մասնակիցները փորձել են նախանշել ապագայ հեռանկարները, հնարաւոր զարգացումները եւ կոնկրետ քայլերը՝ Արցախի հայերի անօտարելի իրաւունքները պաշտպանելու համար:

«Եւրոպացիները յանուն Արցախի» հարթակը, Մարտի 24-ին` Պրուքսէլում, համախմբել է Եւրոպայի հայ համայնքների ներկայացուցիչներին՝ Արցախի շահերի պաշտպանութեան ուղղութեամբ առաջիկայ անելիքները քննարկելու համար։ Քննարկմանը մասնակցել են Պելճիքայի, Կիպրոսի, Ֆրանսայի, Գերմանիայի, Հոլանտայի, Հռոմի, Միացեալ Թագաւորութեան հայ համայնքների ներկայացուցիչները։ Հիմնական քննարկումները ծաւալուել են նաեւ ինքնորոշման եւ Արցախի ժողովրդի հաւաքական վերադարձի հիմնարար իրաւունքների շուրջ։ Ընդգծուել է Հայաստան տեղահանուած 150.000 արցախահայերի բնակարանային կարիքները հոգալու հրատապ պահանջը՝ իբրեւ ժամանակաւոր բնակութեան վայրերում նրանց արժանապատիւ կեանքն ապահովելու անհրաժեշտութիւն, մինչեւ իրաւունքների միջազգային պաշտպանութեամբ Արցախի հայութիւնը կարողանայ ապահով վերադառնալ հայրենիք:

Միացեալ Թագաւորութիւն

Միացեալ Թագաւորութեան եւ Իռլանտայի հայոց թեմի առաջնորդ Յովակիմ Սրբազանի հրաւէրով Լոնտոնում գտնուող Հայաստանի մարդու իրաւունքների նախկին պաշտպան Արման Թաթոյեանը Մարտի 17-ին Լոնտոնի «Նաւասարդեան» Կեդրոնում հանդիպել է Մեծ Բրիտանիայի հայ համայնքի հետ։ Միջոցառումն անցկացուել է Միացեալ Թագաւորութեան եւ Իռլանտայի հայոց թեմի հովանու ներքոյ, Միացեալ Թագաւորութեան Հայ դատի յանձնախմբի համակազմակերպմամբ:

Արման Թաթոյեանը ներկայացրել է Ատրպէյճանի ներխուժումը Հայաստանի միջազգայնօրէն ճանաչուած սահմանից ներս՝ յատկապէս Ներքին Հանդ, տեղում ստեղծուած հումանիտար իրավիճակը, քննարկել ցեղասպանական շրջափակումից յետոյ Արցախի բնիկ հայ բնակչութեան էթնիկ զտումները եւ անդրադարձել Հայաստանում սահմանադրական փոփոխութիւնների խնդրին։ Միջոցառման մասնակիցները նաեւ շեշտել են սփիւռքի համախմբման կարեւորութիւնը՝ հայ ժողովրդի իրաւունքների պաշտպանութեան գործում։ Համայնքի անդամները բանախօսին հարցեր ուղղելու հնարաւորութիւն են ունեցել։

Հայ Դատի Մեծն Բրիտանիայի յանձնախմբի կազմակերպմամբ եւ յանձնախմբի նախագահ Անէթ Մոսկոֆեանի ուղեկցութեամբ՝ Մարտի 18-ին Թաթոյեանն այցելել է Վեսթմինսթերեան պալատ եւ հանդիպել է Մեծն Բրիտանիայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամութեան խմբի անդամների, այդ թւում խմբի նախագահ Թիմ Լոթնի հետ: Թաթոյեանը խորհրդարանականներին ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի բռնազաւթումները, Արցախի էթնիկ զտումները, սահմանային անվտանգութեան եւ սահմանամերձ գիւղերի ու քաղաքների բնակչութեան իրաւունքների խախտումները եւ այլն։

Գանատա

Հայաստանում Գանատայի դեսպան Էնտրիւ Թըրնըրը Փետրուարի 22-ին այցելել է Թորոնթոյի «Հայ Կեդրոն» եւ հանդիպում ունեցել ՀՅԴ Հայ Դատի Գանատայի յանձնախմբի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկուել են Գանատա-Հայաստան երկկողմ յարաբերութիւնները։ Մտքեր են փոխանակուել Արցախեան հիմնախնդրի, ինչպէս նաեւ ՀՀ ինքնիշխանութեան եւ տարածքային ամբողջականութեան հանդէպ գանատական կառավարութեան դրական դիրքորոշումների վերաբերեալ։

Արդէն Փետրուարի 26-ին դեսպան Թըրնըրն այցելել է Մոնթրէալի եւ Լաւալի «Հայ Կեդրոններ» եւ մօտիկից ծանօթացել հայկական կեդրոնների եւ դրանց հովանու տակ գործող կազմակերպութիւնների տասնամեակների պատմութիւն ունեցող աշխատանքներին։

Դեսպանը նախ առանձնազրոյց է ունեցել ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ եւ Հայ Դատի Կեդրոնական խորհրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի հետ, որից յետոյ Հայ Դատի Գանատայի յանձնախմբի գործադիր տնօրէնի, յանձնախմբի անդամների եւ համայնքային այլ կազմակերպութիւնների ներկայացուցիչների հետ։

ՀՅԴ Հայ Դատի Գանատայի յանձնախումբը Մարտի 3-ին, ի պատիւ գանատացի սենատոր Լէօ Հուսաքոսի, կազմակերպել էր յատուկ ընդունելութիւն՝ ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր Խաչատուրեանի եւ համայնքային մի շարք կազմակերպութիւնների ղեկավարների ներկայութեամբ։ Միջոցառման բացման խօսքում Հայ Դատի Լաւալի յանձնախմբի ատենապետ Հերակ Հերկելեանը ողջունել է սենատորին՝ բարձր գնահատելով վերջինիս երկարամեայ հայանպաստ գործունէութիւնը, նրա աշխատանքն Արցախեան հիմնախնդրի եւ դրան առնչուող տարբեր զարգացումների վերաբերեալ։

Իր հերթին սենատոր Հուսաքոսը հաւաստել է Հայաստանին ու հայ ժողովրդին գանատական պետութեան բազմամեայ բարեկամութիւնը։ Սենատորը հանգամանօրէն անդրադարձել է Ղարաբաղեան հակամարտութեանը, Արցախի շրջափակմանն ու հայաթափմանը։ Հուսաքոսը իր քննադատական կարծիքն է արտայայտել վերջերս գանատական կառավարութեան կողմից Թուրքիայի հանդէպ կիրառուած զինամթերքի արտահանման արգելքի մասին որոշման չեղարկման կապակցութեամբ։ Նա գանատահայ համայնքին կոչ է արել նոյն թափով շարունակել ակտիւ մասնակցութիւն ունենալ Գանատայի հասարակական-քաղաքական կեանքի բոլոր ոլորտներում եւ նաեւ այդպիսով հետապնդել Հայ Դատի պայքարը։

Մարտի 16-ին Մոնթրէալի «Հայ Կեդրոն» է այցելել Գանատայի Պահպանողական կուսակցութեան փոխնախագահ Մելիսա Լանթսմանը սենատոր Լէօ Հուսաքոսի ուղեկցութեամբ եւ հանդիպել Հայ Դատի Գանատայի յանձնախմբի ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ընթացքում Հայ Դատի Գանատայի յանձնախմբի նախագահ Խորէն Տիմիթեանն անդրադարձել է Արցախի հիմնախնդրին, Ատրպէյճանում կալանքի տակ գտնուող հայ ռազմագերիներին, Արցախի պատմական յուշարձանների դէմ իրագործուող ատրպէյճանական վայրագութիւններին եւ արցախահայութեան ինքնորոշման իրաւունքին՝ շեշտելով, որ Արցախի եւ արցախահայութեան այսօրուայ իրավիճակը Գանատայի հայ համայնքին յուզող գլխաւոր հարցն է։

Իր խօսքում Մելիսա Լանթսմանը ներկայացրել է Գանատայի ներքաղաքական կացութիւնն ու ընդդիմադիր Պահպանողական կուսակցութեան քաղաքական հայեցակարգը՝ նշելով, որ իշխանութեան հասնելու պարագայում, Պահպանողական կուսակցութիւնը ինչպէս անցեալում, շարունակելու է համագործակցել Գանատայի հայ համայնքի եւ յատկապէս Հայ Դատի յանձնախմբի հետ։

Իրան

Հայ Դատի Թեհրանի յանձնախմբի նախաձեռնութեամբ՝ Փետրուարի 15-ին եւ 16-ին կազմակերպուեց «Հայ Դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը՝ Հայաստանից, Արցախից հրաւիրուած հիւրերի եւ իրանահայ երեք թեմերի ներկայացուցիչների ու ազգային մարմինների մասնակցութեամբ:

15-րդ խորհրդաժողովի խորագիրն էր «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականութեան եւ ինքնիշխանութեան պահպանման համար»: Խորհրդաժողովի հիմնական թեմաներն էին Արցախի հիմնահարցն ու կորուստը, Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնները, տարածաշրջանային իրավիճակը, ապագայ հնարաւոր զարգացումները, ինչպէս նաեւ Հայ Դատի յանձնախմբի անելիքները։

Խորհրդաժողովին մասնակցել եւ զեկոյցներ են ունեցել ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կեդրոնական գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը, ՀՅԴ ԳՄ անդամ եւ ՀՀ ԱԺ պատգամաւոր Լիլիթ Գալստեանը, «Ալիք» օրաթերթի գլխաւոր խմբագիր Արամ Շահնազարեանը, ՀՅԴ Արցախի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Արթուր Մոսիեանը, ՀԱԵ Տաւուշի թեմի առաջնորդ Բագրատ Գալստանեանը, ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր Տիգրան Աբրահամեանը, վերլուծաբան Արտոյտ Զոհրապեանը, Սպահանի հայոց թեմից Վարուժ Մովսիսեանը եւ այլք։

Նոյն խորհրդաժողովի շրջանակում, Փետրուարի 18-ին արդէն իրանական փորձագիտական շրջանակների եւ հիւրերի համար անցկացուեց «Իրանի ու Հայաստանի ազգային անվտանգութիւնը, տարածաշրջանային ու արտատարածաշրջանային սպառնալիքների շրջագծում» վերտառութեամբ խորհրդաժողովը։ Խորհրդաժողովի ընթացքում ելոյթներ ունեցան եւ տարածաշրջանային քաղաքական ու անվտանգային զարգացումներին անդրադարձան հայ եւ իրանցի մի խումբ փորձագէտներ:

Հայկական իրաւական կեդրոն

«Միջազգային եւ համեմատական իրաւունքի հայկական կեդրոնը» (նախագահ՝ Սիրանուշ Սահակեան), Հայ Դատի համակարգում գործող «Արդարադատութեան եւ մարդու իրաւունքների հայկական իրաւական կեդրոնի» հովանու ներքոյ, 2024 թ․ Մարտի սկզբին պաշտօնապէս հայ ութ զինուորականների գործեր է ներկայացրել ՄԱԿ-ի հարկադիր կամ ակամայ անհետացածների հարցերով աշխատանքային խմբին։ Բոլոր գործերը ներկայացուել են տուժողների ընտանիքների հետ համագործակցաբար։

ՄԱԿ-ի մարդու իրաւունքների խորհրդի կողմից ստեղծուած յիշեալ աշխատանքային խմբի մանդատը ներառում է մարդկանց հարկադիր անհետացումների մանրակրկիտ հետաքննութիւն՝ բացայայտելու վերջիններիս անհետացման հանգամանքները, ինչպէս նաեւ մեղաւորներին պատասխանատուութեան ենթարկելու իրաւական հիմքի ձեւաւորում։

Ներկայացուած գործերից իւրաքանչիւրում տուժած զինուորական անձինք եղել են կամ զօրակոչուած, կամ կամաւոր զինծառայողներ։ Ցաւօք, որոնողափրկարարական աշխատանքների արդիւնքում յայտնաբերուած աճիւնները չեն նոյնականացուել որպէս անյայտ կորած անձանց մասունքներ։

«Հայկական իրաւական կեդրոնը» ու «Միջազգային եւ համեմատական իրաւունքի հայկական կեդրոնը» շարունակում են աշխատանքը հայ ռազմագերիների, անհետ կորած անձանց, ինչպէս նաեւ կատարած պատերազմական յանցագործութիւնների համար Ատրպէյճանին պատախանատուութեան ենթարկելու ուղղութեամբ։

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կեդրոնական գրասենեակ

02.04.2024 թ.

Comments are closed.