ՀՅԴ Հայ Դատի կեդրոնական գրասենեակը հայ ռազմագերիների հարցով դիմել է ԵԱՀԿ պատասխանատուներին

Horizon Weekly Newspaper

ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի կեդրոնական գրասենեակը Պաքվում պահուող 23 հայ գերիների (ներառեալ՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները) ազատ արձակմանն աջակցելու համար դիմել է Եւրոպայի անվտանգութեան և համագործակցութեան կազմակերպութեան (ԵԱՀԿ) պատասխանատուներին՝ առաջարկելով, որ գործարկեն ԵԱՀԿ-ի տրամադրութեան տակ գտնուող գործիքակազմերը՝ ԵԱՀԿ շրջանակում Ադրբեջանի յանձնառութիւնների համատեքստում գնահատելու օրէնսդրական և վարչական ընթացակարգերը, փաստերը արձանագրելու, ինչպէս նաև համապատասխան առաջարկներ և խորհրդատուուութիւններ կատարելու համար։

ԵԱՀԿ-ի բարձրաստիճան պաշտօնեաներին փոխանցուած են նաև մի շարք տեղեկութիւններ Ադրբեջանում դատական համակարգի թերութիւնների, ինչպէս նաև ի աջակցութիւն հայ գերիների՝ տարբեր պետութիւնների և միջազգային կազմակերպութիւնների դիրքորոշումների մասին։

Միաժամանակ, շարունակում է գործել ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի կեդրոնական գրասենեակի կողմից ստեղծուած հարթակը՝ https://armeniancause.net/ հասցեով, որտեղ հնարաւոր է ստորագրել առցանց խնդրագիր՝ ուղղուած ԵԱՀԿ համապատասխան պաշտօնեաներին։

Իւրաքանչիւր օրը ճակատագրական է մեր գերիների բարօրրութեան ու կեանքի համար։ Միջազգային հանրութիւնը պէտք է ճնշում գործադրի Ադրբեջանի և նախագհահ Իլհամ Ալիևի վրայ, որպէսզի դադարեցուեն մարդու իրաւունքների կոպիտ խախտումներն ու ազատ արձակուեն ապօրինի կերպով ձերբակալուած բոլոր հայ գերիները։

Ստորագրութիւնների թիւը ներկայումս հասել է վեց հազարի, սակայն, անհրաժեշտ է մեծացնել այն։ Ուստի, ՀՅԴ Հայ դատի կեդրոնական գրասենեակը, նրանց, ովքեր դեռևս չեն միացել յիշեալ պահանջին, խնդրում է ստորագրել խնդրագիրը և օժանդակել Պաքվում ապօրինի պահուող հայ գերիների ազատ արձակման աշխատանքներին։

ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի կեդրոնական գրասենեակ
29 ապրիլի, 2025