ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմինի Յայտարարութիւն

Տեւական ժամանակ է` Հայաստանի Հանրապետութեան իրաւապահ համակարգը քաղաքական իշխանութեան պատուէրով շարունակում է քաղաքական հետապնդումները` ապօրինի քրէական գործեր հնարելով:

Քաղաքական այս վրէժխնդրութիւնը, որի նպատակն է բոլոր միջոցներով լռեցնել հայրենադաւ իշխանութեան դէմ պայքարողներին, ոչ միայն ժողովրդավարութեան, իրաւունքի եւ օրինականութեան բացայայտ արհամարհանք է, այլ նաեւ քաղաքական անբարոյականութեան ցցուն օրինակ:

Դաշնակցութեան անդամների եւ համակիրների բնակարաններում, կուսակցութեան գրասենեակներում խուզարկութիւնները, ձերբակալութիւններն ու կալանաւորումներն իրականացւում են Հայաստանի Հանրապետութեան քրէական օրէնսգրքի 236-րդ յօդուածի 2-րդ մասի (հաւաքներին մասնակցելու համար նիւթապէս շահագրգռելը) քողի ներքոյ: Նախաձեռնուած շինծու քրէական գործերի շրջանակներում ապօրինաբար խոչընդոտում են կուսակցութեան գործունէութիւնը` կազմալուծելով կուսակցութեան մարզային գրասենեակների աշխատանքը: Վերջին օրինակը Վայոց Ձորի մարզում է, երբ ապօրինաբար ձերբակալուեցին կուսակցութեան անդամ եւ համակիր հանդիսացող 12 անձ, այդ թւում` կուսակցութեան Գերագոյն մարմնի, ինչպէս նաեւ մարզային կառոյցի ղեկավար մարմնի անդամներ, որոնց կէսից աւելին կալանաւորուեցին` ընդհուպ 2 ամսով, մի մասի նկատմամբ սահմանուեց տնային կալանք կամ բարձր գրաւ:

Երկամսեայ նախաքննութեան ընթացքում չյայտնաբերելով որեւէ հանգամանք, որը թէկուզ փոքր-ինչ կը վկայէր նշուած ենթադրեալ արարքում ազատութիւնից զրկուած անձանց մեղսակցութիւնը, քննչական կոմիտէն` գլխաւոր դատախազութեան եւ Նիկոլ Փաշինեանին հպատակ դատաւորների միջոցով որոշել է երկարացնել կալանքի ժամկէտները, նոր` կեղծ եւ իրականութեան հետ աղերս չունեցող փաստարկներ բերելով: Սա այն դէպքում, երբ Քրէական օրէնսգրքի վկայակոչուած կանոնը, որը Հայաստանի Հանրապետութեան Քրէական օրէնսգրքում ներդրուել է ՔՊ-ական իշխանութեան կողմից, ոչ միայն ներկայումս վիճարկւում է Սահմանադրական դատարանում, այլ նաեւ այս կանոնի իրաւակիրառ հակաիրաւական բնոյթի մասին արձանագրել է նաեւ ԵԽԽՎ-ն` իր 2024 թուականի յունիսի 26-ի` Հայաստանի ստանձնած պարտաւորութիւնների վերաբերեալ բանաձեւում:

Անգամ ներկայումս առկայ ձեւակերպման պայմաններում նշուած արարքի համար նախատեսուած պատիժը սկսւում է 10000 դրամ տուգանքից եւ առաւելագոյն պատիժը հաշուի առնելով` համարւում է միջին ծանրութեան յանցագործութիւն, որի համար որպէս խափանման միջոց չէր կարող կիրառուել նման երկարատեւ կալանք եւ այն էլ տեսակցութեան խստիւ սահմանափակմամբ: Աւելի՛ն` կալանքներ եւ տնային կալանքներ են տրւում մարդկանց, ովքեր ունեն իրենց խնամքի տակ անաշխատունակ ծնողներ կամ անչափահաս երեխաներ, իսկ տեղաշարժի եւ տեսակցութիւնների խստիւ սահմանափակման պայմաններում նրանց ընտանիքները զրկւում են գոյատեւման համար անհրաժեշտ նուազագոյն եկամուտներ վաստակելու հնարաւորութիւնից: Եթէ սրան էլ աւելացնենք այն, որ մի շարք դէպքերում քրէական վարոյթ իրականացնող մարմինը անյաղթահարելի խոչընդոտներ է ստեղծում անգամ մարդկանց նուազագոյն դրամական միջոցների հասանելիութեանը, որոնք պէտք է ուղղուեն վարկային պարտաւորութիւնների կատարմանը, ապա անձանց եւ նրանց ընտանիքների խոշտանգումը ամբողջական կը դառնայ:

Այլ կերպ ասած` մենք գործ ունենք Հայաստանում հաստատուած քաղաքական վարչակարգի եւ նրան հպատակ իրաւական մի համակարգի հետ, որի համար չկան նուազագոյն իրաւական, քաղաքական եւ բարոյական սկզբունքներ:

Առ այդ, խստիւ դատապարտելով նման վարքագիծը` տեղական եւ միջազգային իրաւապաշտպան կազմակերպութիւնների, ժողովրդավարութեան եւ իրաւունքի գերակայման խնդիրներով զբաղուող կառոյցների ու դեսպանատների ուշադրութիւնն ենք հրաւիրում հակաժողովրդավար, հակաիրաւական եւ հակաբարոյական այս երեւոյթների եւ այն առաջ տանող Հայաստանում գործող իրաւաքաղաքական վարչակարգի ցուցաբերած գործելակերպի վրայ:

Միաժամանակ ի լուր բոլորի յայտարարում ենք. մեր պայքարը չի դադարելու այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում չի հաստատուել հայոց պետականութիւնն ու անվտանգութիւնը երաշխաւորող, ժողովրդավարութիւնը, մարդու հիմնական իրաւունքներն ու ազատութիւններն ապահովող իշխանութիւն:

ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՅՆ ՄԱՐՄԻՆ

14 օգոստոս 2024

Comments are closed.