ՀՅԴ կը դատապարտէ Սուրիոյ տարածքէն ներս թրքական պատերազմական գործողութիւնները

Հերթական անգամ ոտնահարելով պետութիւնների և ժողովուրդների միջազգայնօրէն ամրագրուած իրաւունքները, Թուրքիան բացայայտ ռազմական ագրեսիա է ձեռնարկել Սիրիայի հիւսիս-արևելքում: Ենթադրեալ անվտանգութեան գօտի ստեղծելու թրքական նպատակադրումը սպառնալիքի տակ է դնում ոչ միայն Սուրիայի հողային ամբողջականութիւնը, այլև այդ տարածքներում ապրող քիւրտ մեծամասնութեան, ինչպէս նաև ազգային և կրօնական տարբեր փոքրամասնութիւնների, այդ թւում` հայերի անվտանգութիւնը և միտուած է ժողովրդագրական նոր իրավիճակ ստեղծելուն:

Երկար ժամանակ հովանաւորելով Սուրիայում գործող ծայրահեղականներին, Թուրքիան, ահաբեկչութեան դէմ պայքարի պատրուակով, այսօր ստեղծում է ռազմական գործողութիւնների նոր սրացման, ջարդերի և տեղահանութեան, ահաբեկչական կազմակերպութիւնների վերաշխուժացման և մարդասիրական աղէտի նոր վտանգ:

Մտահոգիչ է, որ այս ամէնը տեղի է ունենում Սուրիայում հաշտութեան և խաղաղութեան մթնոլորտի ձևաւորման, ներքին թնճուկների յաղթահարման ուղղութեամբ միջազգային ջանքերի գործադրման շրջանում: Առաւել մտահոգիչ է միջնորդական գործընթացների մէջ ներգրաւուած ուժերի և կազմակերպութիւնների անհամարժէք արձագանգը ցեղասպանի ձեռագիր ունեցող պետութեան նոր յանցաւոր գործողութիւններին:

Արդ` Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոն`

– դատապարտում է թրքական ոճրագործ ռեժիմի ձեռնարկած պատերազմական գործողութիւնները ինքնիշխան պետութեան դէմ և ցեղասպան միտումները քրտական մեծամասնութեան և ազգային փոքրամասնութիւնների դէմ.
– պատրաստակամութիւն է յայտնում օժանդակելու ռազմական գործողութիւնների անմիջական գօտում յայտնուած մեր հայրենակիցների անվտանգութեան ապահովման և նրանց ցուցաբերելիք օժանդակութիւնների հարցերում.
– զօրակցութիւն է յայտնում Սուրիոյ եղբայրական ժողովրդին և անհրաժեշտ է համարում տարածաշրջանային գործընթացում ներգրաւուած տէրութիւնների և միջազգային հանրութեան գործօն քայլերի ձեռնարկումը թրքական ռեժիմին սաստելու, տարածաշրջանում կայուն խաղաղութիւն ապահովելու ուղղութեամբ:

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրօ

Leave a Comment

You must be logged in to post a comment.