ՀՅԴ Բիւրոյի յայտարարութիւնը

Վերջին օրերին հերթական անգամ առերեսուեցինք դաւադիր պայմանաւորուածութիւնների նոր դրսեւորումների։ Տագնապի ու անընդունելի կորուստների ընթացքը շարունակւում է։ Եւ կրկին հայրենադաւ իշխանութիւնները իրենց բնորոշ դերի մէջ են՝ ստերով եւ կեղծ մտահոգութիւններով քողարկելով սեփական յանցաւոր վարքագիծը։ Ակնյայտ է, սկսվել է սողացող կապիտուլիացիայի նոր գործընթաց, գործընկերների հետ յարաբերութիւններում արձանագրւում են նոր սխալներ եւ կրկին թշնամու պահանջների կատարումը ներկայացուելու է որպէս հաւանական նոր պատերազմի կանխարգելմանն ուղղուած պարտադրուած քայլ։

Հենց այս համատեքստում պէտք է դիտարկել վերջին օրերին մեծ հնչեղութիւն ստացած Արցախը Հայաստանին կապող ճանապարհային միջանցքի և դրա շուրջ հնարաւոր զարգացումների հարցը։ Այն իրօք ճակատագրական հարց է եւ բազմաթիւ բացայայտ ու թաքնուած վտանգներ է պարունակում։

2020 թ. նոյեմբերի 9-ի յայտարարութեան կամայական մեկնաբանութիւններով փորձ է արւում բաւարարում տալ ադրբեջանական ապօրինի պահանջներին։

Լինելով ահաբեկչական պետութիւն, հակաահաբեկչական պայքարի քօղի տակ Ադրբեջանն ու իր «եղբայր» Թուրքիան շարունակում են իրենց հակահայ քաղաքականութիւնը։ Ադրբեջանի կողմից բացայայտ ագրեսիայի, ուժի կիրառման սպառնալիքների, Արցախի Հանրապետութեան ապառազմականացման և Պաշտպանութեան բանակի կազմալուծման պահանջի պայմաններում՝ Հայկական բանակի մարտունակութեան վերականգնման ուղղութեամբ անհրաժեշտ քայլեր չձեռնարկելը, ՀՀ ԶՈւ-ի ստորաբաժանումները Արցախից դուրս բերելը ոչ այլ ինչ է, եթէ ոչ հայրենազրկման եւ նոր կապիտուլիացիայի գործընթաց։

Նոյնքան վտանգաւոր ու կործանարար հետեւանքներ կարող են ունենալ ժողովրդի թիկունքում տեղի ունեցող միւս՝ Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների, Ադրբեջանի հետ սահմանազատման-սահմանագծման գործընթացի, հաղորդակցութիւնների բացման, Ադրբեջանի հետ խաղաղութեան պայմանագրի կնքման հետ կապուած գործընթացները։

Մշտապէս ահազանգել ենք, որ այս իշխանութիւնները չեն սպասարկել եւ չեն սպասարկում հայկական շահերը, սրանց գոյութիւնը անխուսափելիօրէն հանգեցնելու է նորանոր աղէտների։ Ցաւօք, շատերը դեռ չեն անդրադառնում, որ այս վարչակարգը «խաղաղութեան դարաշրջան» խոստանալով՝ բերելու է նոր պատերազմ, նոր կորուստներ, նոր զոհեր, նոր աւերածութիւններ, նոր նուաստացումներ։

Սեփական ուժերին ապաւինելով, միասնական ջանքերի, ճիշտ, հետեւողական քայլերի, բանիմաց ղեկավարման պարագայում այս դժուար իրավիճակում անգամ կարելի է լուծումներ գտնել ազգային-պետական շահերը պաշտպանելու համար։ Դա միանգամայն հնարաւոր է ։

Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միաւորելու իրենց ջանքերը՝ ապազգային իշխանութիւններին հեռացնելու, հայ ժողովրդին ու մեր պետականութեանը սպառնացող վտանգները չէզոքացնելու, նոր որակի իշխանութիւններ ձեւաւորելու եւ համահայկական կարողականութեամբ ուժեղ Հայաստանի ու Արցախի Հանրապետութիւններ կառուցելու գործում։ Այս փուլում համահայկական մակարդակով պայքարը աւելի քան անհրաժեշտ է այս իշխանութիւնների պատճառած ազգային կորուստներն ու վնասները նուազագոյնի հասցնելու համար։

Դարձեալ դիմում ենք աշխարհասփիւռ հայութեանը չվհատուելու, չհիասթափուելու եւ չյուսահատուելու. մեր ազգային շահերի պաշտպանութեան համար մեր յանձնառութիւնը ամբողջական է, եւ յարատեւ պայքարով ի վերջոյ կը հասնենք մեր համազգային նպատակներին։

ՀՅԴ ԲԻՒՐՕ
9 օգոստոսի 2022 թ.

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.