ՀՅԴ Արցախի Կեդրոնական կոմիտէի յայտարարութիւնը

Յունուարի 17-ից մեկնարկելու է Ատրպէյճանում պահուող 23-ից 16 հայ պատանդների, ներառեալ՝ Արցախի ռազմական եւ քաղաքական ղեկավարների ապօրինի դատավարութիւնը։ Բոլորի համար պարզ է, որ այդ շինծու դատավարութեան հիմնական նպատակը քաղաքական է, որի միջոցով Ատրպէյճանի բռնակալ պետութիւնը փորձելու է ճնշում բանեցնել Հայաստանի Հանրապետութեան վրայ, վարկաբեկել Արցախի պետականութիւնը։
Դատավարութեան ապօրինի ընթացքը եւ մարդու տարրական իրաւունքների խախտումն ու անտեսումը անվիճարկելի են։ Մեզ համար պարզ է, որ բազմաբնոյթ ճնշումների ներքոյ կորզուած հաւանական ցուցմունքները չեն կարող հանդիսանալ որեւէ փաստական հիմք՝ Արցախի պետականութիւնն ու նրա գոյութեան փաստը հարցականի տակ դնելու համար։

Յստակ է, որ թշնամու կողմից պատանդառուած գերիներն ու ռազմաքաղաքական ղեկավարները եղել են Արցախի պետականութեան պահապանն ու կերտողը։

2023 թուականի Սեպտեմբերի իրադարձութիւններն ապացուցեցին ռազմաքաղաքական ղեկավարների յանձնառու կեցուածքը Արցախի ժողովրդի անվտանգութեան նկատմամբ։ Այդ արժանապատուօրէն իրացուած պատասխանատու կեցուածքն ապացուցուեց մինչեւ վերջին պահը ժողովրդի կողքին մնալով եւ անձնական ազատութիւնը ստորադասելով, ինչի հետեւանքով նրանք յայտնուեցին Պաքուի բանտում։

Արցախի պետականութիւնը հիմնուել է հայ ժողովրդի կամքի թելադրանքով եւ հազարաւոր ազատատենչ հայորդիների պայքարի ու արեան գնով։ Հետեւաբար, թշնամու դատարանում դատուողը ոչ միայն պատանդառուածներն են, այլեւ իւրաքանչիւր հայ, ով ցանկանում է Հայրենիք ունենալ եւ ազատութեան համար մաքառել։

ՀՅԴ Արցախի ԿԿ
15 Յունուար 2025 թ.

Comments are closed.