ՀՅԴ Արցախի երիտասարդական միութեան 30-ամեակ. նոյն եռանդով շարունակելու կամքով
- (0)

Արցախեան առաջին պատերազմից անմիջապէս յետոյ ազատագրուած Արցախում իր ծիլերն է գցել ՀՅԴ Արցախի երիտասարդական միութիւնը (ԱԵՄ) եւ մինչեւ 2023 թուականի բռնի տեղահանութիւնը ակտիւ դերակատարութիւն ունեցել Արցախի երիտասարդական, հասարակական ու քաղաքական կեանքում։
Այսօր միութիւնն իր գործունէութիւնը շարունակում է մայր Հայաստանում` նոյն եռանդով շարունակելու կամքով։ Փետրուարի 23-ին կայացած ՀՅԴ ԱԵՄ-ի 30-ամեակին միջոցառումը յարգանքի տուրք էր անցած տասնամեակների ընթացքում ՀՅԴ ԱԵՄ-ի կազմաւորման ու զարգացման գործում աւանդ ունեցող հազարաւոր երիտասարդների, նուիրեալների, ովքեր անխոնջ աշխատանքով մասնակցութիւն ունեցան Արցախի երիտասարդական-հասարակական կեանքում։
Նախքան պաշտօնական մասի մեկնարկը 8 նորագիրներ համալրել են ՀՅԴ ԱԵՄ-ի շարքերը։ Խոստման արարողութիւնը տեղի է ունեցել Եռաբլուրում՝ ՀՅԴ ԱԵՄ-ի անդամ Արտակ Իշխանեանի շիրիմին։
«Մեր արմատները գալիս են Արցախից եւ գնում են դէպի Արցախ։ Այս կարգախօսն է այսուհետ մեզ առաջնորդելու․ այն յիշեցնում է մեզ, թէ ով ենք մենք, որտեղից ենք գալիս եւ ուր ենք գնում։ Այո, մեզ համար նշանակալից այս օրը մենք ստիպուած ենք նշել մեր հայրենի բնօրրանից՝ Արցախից հեռու։ Ֆիզիքապէս հեռու, բայց սրտով միշտ այնտեղ», իր խօսքում նշել է ՀՅԴ ԱԵՄ-ի Կեդրոնական վարչութեան ատենապետ Վ․ Խաչատրեանը։
Միջոցառման ժամանակ ելոյթ են ունեցել ՀՅԴ Բիւրոյի անդամ Յովսէփ Տէր Գէորգեանը, ՀՅԴ Բիւրոյի երիտասարդական գրասենեակի պատասխանատու Ցօղիկ Աշըգեանը, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արա Պուլուզեանը, տարբեր տարիների ՀՅԴ ԱԵՄ-ի գործունէութիւնը համակարգած գործիչներ։ Նրանք կարեւորել են ԱԵՄ-ի գործունէութիւնը եւ մաղթել յաջորդ յոբելեանները նշել Արցախի հողի վրայ։