ՀՀ իշխանութիւնը ջղաձգւում է, երբ արտաքին ճակատում ՀՅԴ-ն հայկական շահն է ներկայացնում
- (0)

«Բոլորի համար այլեւս ակնյայտ է, ե՛ւ Հայաստանի ներսում, ե՛ւ դրսում, որ այն, ինչ իրականացւում է Հայաստանի Հանրապետութիւնում դասական քաղաքական հետապնդում է, ընդ որում՝ ամենալկտի դրսեւորումներով», Երկիր-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Հայ Դատի Կեդրոնական գրասենեակի ծրագրերի պատասխանատու Գէորգ Ղուկասեանը՝ անդրադառնալով այս օրերին դաշնակցականների նկատմամբ ուժային կառոյցների կողմից իրականացուող ապօրինի գործողութիւններին։
Յիշեցնենք, որ երէկուանից իշխանութիւնը իրաւական գործողութիւնների ներքոյ քաղաքական հետապնդումներ է իրականացնում ՀՅԴ-ականների նկատմամբ։ Կան ձերբակալուածներ, կալանքի է ենթարիկուել ՀՅԴ ՀԵՄ անդամ 18-ամեայ պատանի՝ խաղային միաւոր ունենալու համար։
Դիտարկմանը, որ բանը հասել է նրան, որ իշխանութիւնները իրաւապահների միջոցով կռիւ են տալիս անգամ Դաշնակցութեան՝ 1890-ականներից գործածուող «Մահ կամ ազատութիւն» կարգախօսի հետ, Գէորգ Ղուկասեանը ծիծաղելի համարեց․ «Եթէ Թուրքիայում եւ Ատրպէյճանում որեւէ քննչական գործողութեան արդիւնքում այդ կարգախօսով հագուստ գտնուէ, այնտեղ իշխանութիւնները կարող էին դա համարել վտանգաւոր իրենց պետութեան համար, բայց զարմանալի է, թէ ՀՀ իրաւապահների պատկերացմամբ ի՞նչն էր վտանգաւոր։ Հայաստանի պետական ռեգիստրում գրանցուած Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն կուսակցութեան զինանշանի կարգախօսն է։ Խնդիրն այն է, որ այդ քայլով իշխանութիւնը հեղինակազրկում է պետական համակարգը»։
Գէորգ Ղուկասեանը մանրամասներ ներկայացրեց նաեւ, օրերս, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղթէլեանի՝ Պրուքսէլ կատարած այցի մասին։ Եւրոպական քաղաքական շրջանակների հետ հանդիպումների օրակարգը բաւական յագեցած է եղել, առանցքային հանդիպումներ են ունեցել ու կարեւոր հարցեր քննարկուել։
«Կ’ուզեմ անդրադառնալ մի խնդրի, այդ հանդիպումների ժամանակ, եւրոպացի մեր գործընկերներին Հայաստանի իրական վիճակը կամ օբիեկտիւ իրականութիւնը փորձում ենք ներկայացնել այնպէս, որպէսզի դրա արդիւնքում Հայաստանը չկորցնի արտաքին քաղաքական զօրակցութիւնը։ Սա իսկապէս մարտահրաւէր է մեր համար, բայց փորձում ենք հմուտ աշխատանքի արդիւնքում կառավարելի դարձնել այդ մարտահրաւէրը», ասաց Գէորգ Ղուկասեանը։
Հարցին, թէ՝ Եւրոպայում քաղաքական շրջանակներն օբիեկտիւօրէն պատկերացնո՞ւմ են ինչ է կատարւում Հայաստանւոմ, մեր զրուցակիցն ասաց, որ տեղեկացուած են․ «Գործադիր իշխանութիւնը աւելի շատ, խորհրդարանը բաւարար մակարդակի, իսկ խորհրդարանի այն պաշտօնեաները, ովքեր ուղղակիօրէն ներգրաւուած են Հայաստանի հետ յարաբերութիւններում, բաւական լաւ տեղեկացուած են։ Մի օրինակ բերեմ, յայտնի անձի վերջին հակաեկեղեցական գրառումներից մէկը բաւական լայն տարածում էր գտել Եւրոպայում, մեր շատ գործընկերներ դա համարում էին խայտառակութիւն՝ չկարողանալով հասկանալ, թէ ինչպէս կարող է մի երկրի ղեկավարը, որը երկրի նման արտաքին ու ներքին քաղաքական մարտահրաւէրներ է դիմագրաւում, կարող է եկեղեցականների հասցէին նման գրառումներ անել եւ ընդհանրապէս պայքարի դաշտ բացել եկեղեցականների նկատմամբ», ասաց Գէորգ Ղուկասեանը։