Հայ Յեղափոխական Դաշնակցութեան մամուլը որպէս հայ ազգային-քաղաքական մտքի ձեւաւորման գործօն (19-րդ դարի վերջ – 20-րդ դարասկիզբ)

ԱՐՄԻՆԷ ՄՈՒՔՈՅԵԱՆ

Հայ քաղաքական մտքի եւ ազգային պայքարի պատմութեան մէջ առանձնայատուկ տեղ ունի Հայ Յեղափոխական Դաշնակցութեան մամուլը։

Դեռ 19-րդ դարի վերջից Դաշնակցութեան մամուլը ձեւաւորեց ազգային-ազատագրական մտածողութիւն, այն գաղափարական դաստիարակութեան դպրոց էր, ինքնութեան պաշտպանութեան միջաւայր եւ քաղաքական դիմադրութեան գործիք։

ՀՅԴ մամուլը միաւորում էր հայութեանը՝ Թիֆլիսից մինչեւ Ժնեւ, Պոլսից մինչեւ Պոստոն։
19-րդ դարի վերջ – 20-րդ դարասկզբին այն բառացիօրէն պայքարի զէնք էր․ չկար պետականութիւն եւ թերթն էր, որ մարմնաւորում էր գաղափարական պետութիւնը։

Բանասիրական գիտութիւնների թեկնածու Մարիամ Յովսէփեանը, իր «ՀՅԴ կուսակցական եւ համակիր պարբերական մամուլը Օսմանեան Թուրքիայում 1909-1915 թթ. եւ 1918-1923 թթ.» գիտական աշխատութեան մէջ՝ հիմնուելով Մ. Վարանդեանի «Հ.Յ. Դաշնակցութեան պատմութիւն» եւ Սիմոն Վրացեանի «Յուշապատում Հ.Յ. Դաշնակցութեան (1890-1950)» աշխատութիւններին, նշում է, որ 19–րդ դարի վերջին հիմնուել եւ 20–րդ դարի սկզբին բուռն ծաղկում է ապրել Հայ Յեղափոխական Դաշնակցութեան պարբերական մամուլը, որը յաճախ միեւնոյն պարբերականը տպագրել է տարբեր անուններով՝ թուրքական կամ ռուսական կառավարական համապատասխան մարմինների արգելքներից խուսափելու նպատակով։

Այդ տարիներին Թիֆլիսում լոյս է տեսնում «Յառաջը» (1905 թ.), «Ալիքը» (1906 թ.), «Երկիրը» (1906 թ.), «Զանգը» (1906 թ.) «Ժամանակը» (1906-1907 թթ.), 1907 թ.«Փայլակը», «Խարիսխը», «Ժայռը», «Արորը», «Կովկասի առաւօտը», «Նոր ալիքը», «Վտակը» (1907-1908 թթ.) «Զանգակը» (1908 թ.), «Գործը» (1908-1909 թթ.), «Հորիզոնը» (1909-1918 թթ.), «Նոր ուժը» (1914 թ.): Բագւում հրատարակւում են «Գրոհ» (1906-1907 թթ.) եւ «Թռուցիկ» (1906 թ.) թերթերը, Ալեքսանդրապօլում՝ «Ժայռը» (1909-1911 թթ.), Ֆիլիպէում (այժմ Պլովդիւ)՝ «Ռազմիկը» (1905-1910 թթ.), Կարինում՝ «Յառաջը» (1909-1914 թթ.), «Ալիքը» (1914 թ.) եւ «Երկիրը» (1914 թ.), Էրզրումում՝ «Արորը» (1910-1911 թթ.), Տրապիզոնում՝ «Պիծակը» (1911-1912 թթ.), Իզմիրում՝ «Գոյամարտը» (1919-1920 թթ.), Թաւրիզում՝ «Այգը» (1912-1922 թթ.): Կ. Պօլսում 1908-1909 թթ. լոյս է տեսել «Ազդակ» շաբաթաթերթը, որը չի եղել ՀՅԴ պաշտօնաթերթ, այլ հրատարակուել է դաշնակցականների ջանքերով:

Թուրքիայի մայրաքաղաք Կ. Պօլսում եւ բուն արեւմտահայ գաւառում ու գաղթավայրերում ՀՅԴ-ն հրատարակել է բազմաթիւ պարբերականներ: Աշխատութեան հեղինակը նշում է, որ Կ. Պօլսի ՀՅԴ պարբերական մամուլի օրգանները 1909-1924 թթ. հրատարակուել են 2 փուլով. 1909-1915 թթ. եւ 1918-1924 թթ.: 1909-1915 թթ. հրատարակուել են «Ազատամարտ» օրաթերթը (1909-1915 թթ.), «Ուսանող» (1909-1914 թթ.) եւ «Երկունք» (1909-1914 թթ.) ամսաթերթերը, հասարակագիտական եւ գրական ուղղուածութեամբ «Ազդակ» շաբաթաթերթը (1908-1909 թթ.), «Շանթ» (1911-1915 թթ.) ու «Մեհեան» հանդէսները (1914 թթ.), «Նաւասարդ» տարեգիրքը (1914 թ.), «Ամենուն տարեցոյցը» (1909-1914 թթ.), իսկ 1918-1924 թթ.` «Ճակատամարտ» օրաթերթը (1918-1924 թթ.), «Ճակատամարտ» գիւղատնտեսական ամսօրեայ (1919-1920 թթ.) եւ «Ճակատամարտ» մանկավարժական ամսօրեայ (1918-1920 թթ.) յաւելուածները, «Շանթ» գրական-քաղաքական (1918-1919 թթ.) եւ «Հայ սկաուտ» մարզական (1919-1922 թթ.) հանդէսները:

Մարիամ Յովսէփեանի գնահատմամբ՝ հրատարակութեան առաջին փուլում Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Կոստանդնուպոլսի պարբերականների հիմնական առաքելութիւնը կուսակցութեան ծրագրային դրոյթներն ու գաղափարական սկզբունքները հանրութեանը ներկայացնելն է եղել։

Հետեւաբար կարող ենք ասել, որ ՀՅԴ-ն նպատակ է ունեցել ոչ միայն ընթերցողին ծանոթացնել իր քաղաքական դիրքորոշումներին, այլեւ համակարգուած կերպով ներկայացնել կուսակցութեան աշխարհայեացքային ամբողջական պատկերը՝ ընդգրկելով հասարակական, գրական եւ մշակութային հիմնահարցերի վերաբերեալ իր տեսլականը։ Ուստի հստակ է, որ այս գործընթացը միտուած էր ընթերցողի մէջ ձեւաւորելու ոչ թէ պարզապէս տեղեկացուածութիւն, այլ գիտակցուած գաղափարական դիրքաւորում։ Այդպիսով, մամուլը ՀՅԴ-ի համար հանդէս էր գալիս որպէս գաղափարական դաստիարակութեան գործիք։

Երկրորդ փուլում, ըստ հեղինակի, առաջնահերթութիւնները փոխուել են։ Գերակայ են դարձել հայապահպանութեան մարտահրաւէրները, Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման եւ դատապարտման ուղղութեամբ ծաւալուած գործընթացը, Հայաստանի առաջին Հանրապետութեան հետ կապերի հաստատումն ու հնարաւորութեան սահմաններում հայրենիքին նիւթական եւ բարոյական աջակցութիւն ցուցաբերելը։

Այսպիսով, երկրորդ փուլում ՀՅԴ մամուլի գործունէութիւնը ձեռք է բերում գործնական եւ ռազմավարական ուղղուածութիւն, վերածւում է ազգային դիմակայութեան, յիշողութեան պահպանման եւ համահայկական համախմբման կարեւորագոյն գործիքի՝ միաժամանակ ծառայելով թէ՛ քաղաքական պայքարին, թէ՛ հայրենիք-սփիւռք կապերի ամրապնդմանը։

1909–1915 թթ., հայ ժողովրդի ճակատագրական տարիներին պարբերականներ են հրատարակուել ոչ միայն Կոստանդնուպոլսում, այլեւ արեւմտահայ գաւառներում ու գաղթավայրերում, որոնք հիմնականում եղել են շաբաթաթերթեր, երկշաբաթաթերթ կամ ամսաթերթ, որոնցում կուսակցութեան գործունէութեան կողքին ներկայացուել է արեւմտահայ գաւառների հասարակական կեանքը՝ իր խնդիրներով, մտահոգութիւններով եւ պահանջներով։

ՀՅԴ այս մամուլի ամբողջական հաւաքածուները պահւում են Վիեննայի Մխիթարեան միաբանութեան գրադարանում։

Հ. Տասնապետեանը իր “History of the Armenian Revolutionary Federation Dashnaktsutiun (1890-1924)” աշխատութեան մէջ նշել է, որ 1909 թ. օգոստոս-սեպտեմբերին Վառնայում գումարուած ՀՅԴ 5-րդ համաժողովը, կարեւորելով տարածաշրջանային գործունէութիւնը, որոշում է կայացրել թերթեր հրատարակել թէ՛ երկրում, թէ՛ Կոստանդնուպոլսում։

Եւ Կարինի «Յառաջի» եւ Թիֆլիսի «Հորիզոնի» հետ 1909 թ. Կ. Պօլսում սկսել է հրատարակուել «Ազատամարտը»՝ Ռ. Զարդարեանի խմբագրութեամբ, որի համար «Հայրենիք»-ը գրում է (1924, թիւ 3, էջ 67-71, թիւ 5, էջ 93-97). «Թերթը իր շնորհիւ կուսակցութեան մը օրգանը չեղաւ միայն, այլ՝ հայ ժողովուրդի առողջ բնազդներուն ամբողջական արտայայտութիւնը, հայ մտքին ճիգերուն ասպարէզը»։ Թերթը, առաջնորդուելով «Ամէն ինչ ժողովրդի համար եւ ժողովրդի միջոցով» նշանաբանով, նպաստել է հայրենի գրականութեան զարգացմանը՝ հայ գիրը հասցնելով անգամ Արեւմտեան Հայաստանի ամենահեռաւոր անկիւններ։

«Ազատամարտի» էջերում է եղել հայ մտաւորականութեան սերուցքը` Գր. Զոհրապը, Դ. Վարուժանը, Սիամանթօն, Աւ. Իսահակեանը, Ռ. Սեւակը, Ա. Ահարոնեանը, Զ. Եսայեանը, Գ. Տէր-Կարապետեանը, Գ. Խաժակը, Ա. Վռամեանը, Մ. Կիւրճեանը, Մ. Վարանդեանը, Լ. Շանթը եւ ուրիշներ:

1915 թ. ապրիլի 24-ի կէսգիշերին ձերբակալւում ու բանտարկւում է «Ազատամարտի» աշխատակազմը, որոնց հետ եւ Ռ. Զարդարեանը, ով հրաժարուել էր հեռանալ երկրից՝ ասելով. «Ես «Ազատամարտի» գլուխը պէտք է ըլլամ մինչեւ իր վերջին օրը» («Հայրենիք» ամսագիր, Պոստոն, 1925, թիւ 3, էջ 28-44)։

Մ. Վարանդեանի գնահատմամբ՝ «Ազատամարտ»-ը կարեւոր դիրք ու ազդեցութիւն է ունեցել պետական կեանքում․ նրա ձայնը լսելի է եղել իշխանութիւնների համար, իսկ անկախ, անկողմնակալ եւ քննադատական խօսքը գրաւել է լայն մտաւորական շրջանակներին։

Պրոֆեսոր Յակոբ Սիրունին «Ազատամարտի» դերը բնորոշում է. «Երիտասարդութեան համար տեսակ մը սրբավայր էր «Ազատամարտ»ի շէնքը: Հոն էր, կերպով մը, հայ կեանքին բազկերակը»։

Հայ մանկավարժ, մատենագէտ, խմբագիր Արտաշէս Տէր–Խաչատուրեանի «Հ.Յ. Դաշնակցութեան 100-ամեայ մամուլը (1890-1990)» ուսումնասիրութեան համաձայն, արեւմտահայ գաւառում 1908-1915 թթ. ՀՅԴ-ն տպագրել է 2 տասնեակից աւելի կուսակցական եւ համակիր պարբերական: Վասպուրականում, օրինակ, դրանցից մի քանիսը հրատարակուել են թուրքալեզու («Սապահիւլ խայր»-ը) կամ հայերէն ու թուրքերէն էջերով: Ընդ որում, դրանք մինչեւ 1908 թ. երիտթուրքական յեղաշրջումը տպագրուել են ընդյատակեայ եւ հիմնականում եղել են խմորատիպ: 1896-1897 թթ. ՀՅԴ-ն Վասպուրականում տպագրել է «Թռուցիկ» թերթը, իսկ ՀՅԴ Վասպուրականի մամուլի հիմքը դրել է Իշխան Միքայէլեանը` (Վանի Իշխան, Նիկոլ Պողոսեան, Միքայէլեան) 1905 թ. այստեղ լոյս ընծայելով «Արեան ձայն» թերթը: Իսկ արդէն նրա հիմնադիր-խմբագրմամբ 1910-1915 թթ. Վանում լոյս է տեսել «Աշխատանք» գրական, քաղաքական եւ տնտեսական շաբաթաթերթը, որը նաեւ ՀՅԴ Վասպուրականի Կենտրոնական կոմիտէի օրգանն էր:

Առանձին-առանձին իւրաքանչիւր թերթ, իր առանձնայատկութիւններով հանդերձ, կիսում էր մի շարք ընդհանուր գծեր. բոլորը միտուած էին նոյն գաղափարական ուղղութեանը՝ ազգային ինքնագիտակցութեան ձեւաւորմանը, կրթական ու մշակութային զարգացման խթանմանը եւ հասարակութեան քաղաքական գիտակցութեան բարձրացմանը։

Սիմոն Վրացեանը վկայում է, որ Հայաստանի խորհրդայնացումով եւ Պօլսոյ քեմալացումով Հ.Յ. Դաշնակցութեան մամուլը զարգացաւ արտասահմանի մէջ: Հ.Յ. Դաշնակցութեան մամուլի գլխաւոր կեդրոնները դարձան Փարիզը, Կահիրէն, Պոստոնը, Սիրիան ու Լիբանանը։

19-րդ դարի վերջին, երբ հայ ժողովուրդը զրկուած էր սեփական պետականութիւնից եւ գտնւում էր Օսմանեան ու Ռուսական կայսրութիւնների վարչական վերահսկողութեան ներքոյ, այսպիսի ընդգրկուն մամուլը վկայում է, որ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան համար այն ունեցել է ռազմավարական նշանակութիւն, հանդէս է եկել որպէս ինքնակազմակերպման, գաղափարական համախմբման եւ քաղաքական ուղղութեան ձեւաւորման միջոց։

ՀՅԴ մամուլը ապահովել է ազգային գաղափարախօսական համակարգի ձեւաւորում ու տարածում։ Կուսակցութեան ծրագրի, սոցիալ-քաղաքական հայեացքների եւ ազգային-ազատագրական գաղափարախօսութեան համակարգուած ներկայացումը նպաստել է միասնական քաղաքական ինքնագիտակցութեան կայացմանը՝ թէ՛ Օսմանեան կայսրութեան, թէ՛ Կովկասեան տարածաշրջանի, եւ թէ՛ սփիւռքեան համայնքների շրջանակներում։ Այս իմաստով ՀՅԴ մամուլը, փաստօրէն, ձեւաւորում էր համահայկական հաղորդակցական դաշտ՝ միաւորելով տարբեր երկրներում եւ գաղթավայրերում բնակուող հայութեանը։

1915 թ. նախորդող եւ յաջորդող ժամանակաշրջանում այն ստանձնել է պահանջատիրութեան ձեւակերպման դեր, ազգային ինքնութեան պահպանման եւ մշակութային դիմադրութեան գործառոյթ։ Այն վերածուել է գոյապայքարի գործիքի՝ բարձրաձայնելով Հայոց Ցեղասպանութեան իրողութիւնը, հետապնդելով միջազգային ճանաչման հարցը եւ ամրապնդելով կապերը Հայաստանի Առաջին Հանրապետութեան հետ։

Վերջապէս, հետխորհրդայնացման եւ քեմալականացման պայմաններում ՀՅԴ մամուլի կենտրոնների տեղափոխումը սփիւռք, փաստում է նրա կառուցուածքային շարունակականութիւնը՝ դառնալով սփիւռքի ինքնակազմակերպման մեխանիզմ։

Ուստի կարելի է ասել, որ ՀՅԴ-ի համար մամուլը ռազմավարական ռեսուրս էր եւ քաղաքական-գաղափարական կառոյց՝ իրականացնելով քաղաքական, գաղափարական, կազմակերպչական, հաղորդակցական եւ ազգային մշակոյթի պահպանման գործառոյթներ։ ՀՅԴ մամուլի դերը, ինչպէս նշում են մի շարք ուսումնասիրողներ, ըստ էութեան, գերազանցել է դասական կուսակցական լրատուամիջոցի սահմանները եւ վերածուել համահայկական քաղաքական տարածքի ձեւաւորման առանցքային գործօնի։

Ուստի 19-րդ դարի վերջի քաղաքական եւ սոցիալ-մշակութային իրողութիւնների համատեքստում ՀՅԴ մամուլը պէտք է դիտարկել ոչ միայն որպէս կուսակցական օրգան, այլ ազգային քաղաքական կեանքի կառուցուածքային բաղադրիչ։

Այս տեսանկիւնից կարելի է պնդել, որ առանց ՀՅԴ մամուլի դժուար է ամբողջականօրէն ըմբռնել 20-րդ դարասկզբի հայ քաղաքական մտքի զարգացումը, քանի որ հէնց այդ մամուլն էր այն միջաւայրը, որտեղ ձեւակերպւում, բախւում եւ համակարգւում էին ազգային-ազատագրական գաղափարներն ու ռազմավարական մօտեցումները։