Հայ դատի պաշտպանութիւնը կենսական է հենց հայկական պետականութեան համար

Սեպտեմբերի 13-ին, Մարսէյում Հայ Դատի Ֆրանսայի յանձնախմբի կողմից կազմակերպուած՝ «Հայ Դատ համալսարանի» երկրորդ շրջանի ընթացքում ՀՅԴ Բիւրոյի անդամ Յովսէփ Տէր Գէորգեանի ելոյթը.

Տիկնայք եւ պարոնայք,

Այսօր մենք համախմբուել ենք քննարկելու մի կարեւոր հարց.

«Արդեօ՞ք հնարաւոր է, որ սփիւռքը պայքարի ի նպաստ Հայ Դատի հակադրուելով Հայաստանի կառավարութեան վարած քաղաքականութեանը»:

Իմ պատասխանը յստակ է. այո՛, դա հնարաւոր է։ Եւ աւելին՝ դա անխուսափելի է ու անհրաժեշտ։

Հայ դատը եւ հայ ժողովրդի պատմական իրաւունքների պաշտպանութիւնը կախուած չեն որեւէ կառավարութիւնից։ Այն սերնդէսերունդ է փոխանցուել՝ վերապրածների, քաղաքական ու համայնքային գործիչների, մտաւորականների եւ առհասարակ հայ ժողովրդի միջոցով։ Դա պայքար է մեր անօտարելի իրաւունքների վերականգնման եւ Հայաստանի ու հայ ժողովրդի անվտանգութեան համար։ Այն նախ եւ առաջ մեր յիշողութեան, մեր արժանապատուութեան եւ մեր ազգային ինքնութեան արտայայտութիւնն է։

Այսօր, երբ Հայաստանի կառավարութիւնը շարունակում է ուրանալ Արցախը, ցեղասպանութեան զոհերի յիշատակը եւ ազգային ինքնիշխանութիւնը, Հայ Դատի յանձնախմբերը եւ գրասենեակները, համաշխարհային ցանցի ձեւով կազմակերպուած, ամուր կանգնած են քաղաքական, դիւանագիտական եւ տեղեկատուական պայքարի առաջնագծում։

Այս հրաժարումի պայմաններում կարեւոր է յիշեցնել այն քաղաքական ուղղութիւնները, որոնցով սփիւռքը եւ յատկապէս Հայ Դատի յանձնախմբերը իրականացնում են իրենց գործողութիւնները։
Առաջին՝ մեր աջակցութիւնը Հայաստանի Հանրապետութեանը արտայայտւում է հետեւեալով․

– Իրական խաղաղութեան խթանում Հարաւային Կովկասում՝ հիմնուած արդարութեան եւ իրաւունքի վրայ, այլ ոչ թէ ուժի եւ ցեղասպան գործողութիւնների

– Հայաստանի տարածքային ամբողջականութեան եւ ինքնիշխանութեան պաշտպանութիւն, ինչպէս նաեւ «Սիւնիքի միջանցքի» վտանգների մասին Հայաստանի ժողովրդին եւ միջազգային կառոյցներին իրազեկում

– Ատրպէյճանի բռնագրաւող ուժերի դուրսբերման պահանջ Հայաստանի տարածքից

Այս համատեքստում մեր գլխաւոր առաքելութիւնն է ահազանգել միջազգային հանրութեանը Հայաստանի դէմ Ատրպէյճանի հնարաւոր ներխուժման եւ պատերազմի վտանգների մասին։ Այս կապակցութեամբ մենք յիշեցնում ենք 1992 թ. ԱՄՆ «Ազատութեան աջակցութեան ակտի» 907-րդ յօդուածի կարեւորութիւնը – մի հնարաւորութիւն, որն իր ուժը, ցաւօք, նվազագոյնը մէկ տարով կորցրեց, ուաշինկթընեան վերջին գործընթացի արդիւնքում, երբ ձեռք բերուած պայմանաւորուածութիւնների արդիւնքում ԱՄՆ նախագահը կիրառեց իր իրաւասութիւնը եւ մէկ տարով կասեցրեց 907-րդ բանաձեւի գործունէութիւնը։

Յաճախ լսւում է, որ հայ ժողովուրդը լքուած է իր դաշնակիցների կողմից։ Կտրուկ լարուած աշխարհաքաղաքական միջավայրում խելամիտ ու ռազմավարական կը լինէր, որ հայկական պետութիւնը օգտուէր Հայ Դատի յանձնախմբերի ու գրասենեակների ցանցից որպէս լրացուցիչ դիւանագիտական լծակ։ Սակայն այսօր այս ցանցը չի դիտարկւում Հայաստանի կառավարութեան կողմից որպէս լրացուցիչ ուժ, որը կարող է պաշտպանել հայ ժողովրդի շահերը միջազգային ասպարէզում։

Դժուար է աջակցել մի կառավարութեան, որը կարծես հրաժարուել է սեփական պետութեան շահերը պաշտպանելուց։ Օրինակ՝ այն դէպքում, երբ Հայ Դատի յանձնախմբերը մշտապէս բարձրացնում են ատրպէյճանական ուժերի դուրսբերման հարցը Հայաստանի բռնագրաւուած տարածքներից, Հայաստանի կառավարութիւնը լռում է կենսական կարեւորութեան այս հարցի շուրջ։

Արցախի հարցում մեր առաջնահերթութիւնները հետեւեալներն են․

– Պաքուում պատանդ պահուող հայ գերիների ազատ արձակման հասնելը

– Արցախի հարցի միջազգային մակարդակի բարձրացումը, այդ թուում՝ Արցախի հայերի իրաւունքների պաշտպանութեան համար հարթակների ստեղծում եւ խթանում

– Արցախահայութեան վերադարձի իրաւունքի պաշտպանութիւնը իրենց հայրենիքում՝ արժանապատիւ պայմաններով եւ միջազգային երաշխիքներով

– Արցախի մշակութային ժառանգութեան պահպանումը

– Արցախի փախստականների իրաւունքների պաշտպանութիւնը

– Արցախի պետական ինստիտուտների գործառոյթի պահպանումը

– Ատրպէյճանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների կիրառումը

Այս շրջանակում Հայ Դատի յանձնախմբերն ակտիւօրէն աշխատում են Պաքուում պահուող հայ գերիների վերադարձի ուղղութեամբ, սակայն Հայաստանի կառավարութիւնը մշտապէս անարձագանգ է թողնում այս գծով կատարուած կարեւոր դիւանագիտական նախաձեռնութիւնները։

Բացի այդ, մենք համագործակցում ենք այլ ՀԿ-ների հետ՝ ակտիւացնելու ԵԱՀԿ Մոսկուայի մեխանիզմը՝ անկախ փորձագիտական առաքելութիւն գործուղելու համար, որը կը քննի Պաքուում պահուող մեր պատանդների իրաւունքների կոպիտ խախտումները։

Մեր հիմնական գործողութիւնը Արցախի հարցում ուղղուած է Արցախի ժողովրդի վերադարձի իրաւունքի պահանջին աջակցելուն, մասնաւորապէս՝ Զուիցերիական Խաղաղութեան Նախաձեռնութեան միջոցով։

Այս նախաձեռնութիւնը, որն առաջ է տարւում Զուիցերիայի բազմակուսակցական խորհրդարանական յանձնախմբի միջոցով եւ ընդունուել է խորհրդարանի երկու պալատների կողմից, նպատակ ունի կազմակերպել բանակցութիւններ Ատրպէյճանի եւ Արցախի ներկայացուցիչների միջեւ՝ երաշխաւորելու այս հիմնարար իրաւունքը։ Մենք ակտիւօրէն առաջ ենք տանում այս գործընթացը Ֆրանսայում, Պելճիքայում, ԱՄՆ-ում, Գանատայում, Մեծն Բրիտանիայում, Գերմանիայում եւ այլ երկրներում։

Եւրոպայում Հայ Դատի յանձնախմբերի գործունէութիւնը, յատկապէս Պրուքսէլի գրասենեակի աշխատանքը Արցախի օգտին, այնքան կարեւոր է, որ նոյնիսկ մեր թշնամիներն են այն ընդունում։ Իլհամ Ալիեւը 2022 թ․ Յուլիսի 19-ին Դաւիթ ՄակԱլիսթերի գլխաւորած Եւրոպական խորհրդարանի պատուիրակութեան հետ հանդիպման ժամանակ յայտարարել էր․ «Իրականում Եւրախորհրդարանը աւելի ագրեսիւ է Ատրպէյճանի նկատմամբ, քան Հայաստանի խորհրդարանը։ Երբեմն թուում է, որ որոշ հայկական լոբբիստական խմբեր (նա նկատի ունէր Հայ Դատի Եւրոպայի յանձնախումբը) ուժեղ ազդեցութիւն ունեն Եւրախորհրդարանի վրայ»։

Ցեղասպանութեան հարցում մեր առաջնահերթութիւնները յայտնի են ամբողջ աշխարհում․

– Պատմական արդարութեան վերականգնում եւ Հայոց Ցեղասպանութեան ճանաչում, ինչպէս նաեւ թուրք-ատրպէյճանական ժխտողականութեան դէմ պայքար, եւ, ի հարկէ, փոխհատուցումների հարցը

Այս ոլորտում Հայ Դատի յանձնախմբերի աշխատանքը անվիճելի է։ Անհրաժեշտ չէ կրկնել աւելի քան հարիւր տարուայ նուիրումն ու ձեռքբերումները, որոնք Նիկոլ Փաշինեանը փորձում է ջնջել։ Նրա կառավարութիւնը որդեգրել է երկիմաստ, նոյնիսկ ժխտողական դիրքորոշում Հայոց Ցեղասպանութեան նկատմամբ։ Վերջին ամիսներին Փաշինեանը յայտարարել է, թէ Ցեղասպանութեան միջազգային ճանաչումը «ոչինչ չի բերել Հայաստանին»։ Ցիւրիխում հանդիպման ժամանակ նա նոյնիսկ ակնարկել է, որ պէտք է «հասկանալ, թէ ինչու տեղի ունեցաւ Ցեղասպանութիւնը», դրանով փորձելով վերանայել պատմութեանը հակասական մեկնաբանութեամբ։ Այս մօտեցումը թուլացնում է Հայաստանի դիրքերը՝ միաժամանակ ուժեղացնում Թուրքիայի եւ Ատրպէյճանի ժխտողական ռազմավարութիւնները։

Փաշինեանը սխալւում է․ խաղաղութիւնը չի գալու մեր յիշողութիւնից հրաժարուելով կամ բոլոր ճակատներում կապիտուլիացիայի գնալով։ Ինչպէս Չերչիլն ասաց Չեմբերլենին 1938-ին՝ Հիթլերին խաղաղեցնելու քաղաքականութեան կապակցութեամբ. «Դուք պէտք է ընտրէիք պատերազմն ու անպատուութիւնը. դուք ընտրեցիք անպատուութիւնը, եւ կ’ունենաք պատերազմ»։ Այս պատմական յիշեցումն արդիական է նաեւ այսօր նրանց համար, ովքեր կարծում են, թէ հնարաւոր է խաղաղութիւն կառուցել՝ զոհաբերելով մեր իրաւունքները, ճշմարտութիւնը եւ մեր արժանապատուութիւնը։
Սփիւռքի մոբիլիզացիայի հարցում մենք աշխատում ենք հետեւեալ ուղղութիւններով․

– Սփիւռքի հայկական համայնքների իրաւունքների պաշտպանութիւն եւ նրանց քաղաքական կազմակերպուածութեան ամրապնդում (օրինակ՝ Երուսաղէմի հայկական թաղամասի պաշտպանութիւնը)

– Երիտասարդութեան համար կրթական ծրագրերի իրականացում՝ նրանց քաղաքականապէս իրազեկելու եւ շարունակաբար մոբիլիզացնելու նպատակով։ Օրինակ՝ Լէո Սարգսեանի ամառային ծրաիրը, ANCA-ի Capital Gateway ծրագրի եւ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակի առաջնորդութեան դպրոցը, որոնց միջոցով ձեւաւորւում են երիտասարդ առաջնորդներ՝ իրաւունքի, դիւանագիտութեան եւ մետիայի ոլորտներում։

Այնուամենայնիւ, Նիկոլ Փաշինեանի կառավարութիւնը ոչ միայն չի աջակցում սփիւռքին, որը համաշխարհային մակարդակով կազմում է հայ ժողովրդի երկու երրորդից աւելին, այլեւ որդեգրում է հեռաւորութեան կամ նոյնիսկ պառակտման քաղաքականութիւն։ Յստակ է, որ այս դիտաւորեալ ռազմավարութիւնը լուրջ վտանգներ է պարունակում հայ ժողովրդի ապագայի համար։

Բայց ինչո՞ւ սփիւռքը պէտք է շարունակի պայքարել Հայ Դատի համար, եթէ հայկական կառավարութիւնը փորձում է այն թաղել։

1. Նախ՝ քանի որ հայ ժողովրդի յիշողութիւնն ու իրաւունքները չեն կարող ծառայել որպէս քաղաքական առեւտրի առարկայ։

2. Երկրորդ՝ քանի որ սփիւռքը ազատ է իր գործողութիւններում։ Ի տարբերութիւն Հայաստանի կառավարութեան, սփիւռքը անկախ է իր քաղաքական առաջնահերթութիւնների սահմանման եւ իրականացման հարցում։ Հայ Դատի ցանցը երբեք չի պայմանաւորել իր նպատակները որեւէ կառավարութեան դիրքորոշումներով, այդ թուում՝ Հայաստանի։

3. Երրորդ՝ քանի որ Հայ Դատը արժէքների կողմնացոյց է հայ ժողովրդի համար։ Հիմնուած լինելով համամարդկային սկզբունքների վրայ՝ արդարութիւն, յիշողութիւն, արժանապատուութիւն՝ այն դուրս է քաղաքական հաշուարկներից եւ ճնշումներից։

4. Չորրորդ՝ քանի որ Հայ Դատը նաեւ օգնում է սփիւռքին պահպանել իր ինքնութիւնը։ Ցեղասպանութեան յիշողութիւնը, հայ ժողովրդի իրաւունքներն ու արդարութեան սկզբունքները պաշտպանելով՝ այն պահպանում է կենդանի հաւաքական յիշողութիւնը, որը սերնդէսերունդ փոխանցւում է։ Այս ընդհանուր յիշողութիւնը ազգային միասնութեան կապող օղակն է՝ անկախ սահմաններից եւ տեղական տարբերութիւններից։ Այն թոյլ է տալիս սփիւռքին մնալ կապուած իր պատմութեանը, արժէքներին ու առաքելութեանը՝ անկախ աշխարհագրական հեռաւորութիւնից կամ փոփոխուող քաղաքական միջավայրերից։

Հայ Դատի յանձնախմբերի ցանցը որպէս կազմակերպուած շարժում գոյութիւն ունի ութսուն տարուց աւելի, իսկ Ֆրանսայում՝ վաթսուն տարուց աւելի։

Այն կայացաւ այն ժամանակ, երբ Հայաստանը անկախ պետութիւն չէր։ Այսօր ժամանակաւոր խոչընդոտները չպէտք է մեզ շեղեն մեր նպատակներից։

70 տարուայ խորհրդային ռեժիմի պայմաններում պաշտօնական Հայաստանը լռեցուած էր։ Այնուամենայնիւ, Հայ Դատը ոչ միայն գոյատեւեց, այլեւ ծաղկեց՝ սփիւռքի դինամիկայի շնորհիւ։

Այսօր եւս, չնայած ներկայիս կառավարութեան ստեղծած անբարենպաստ պայմաններին, Հայ Դատի յանձնախմբերն ու գրասենեակները փորձում են քայլ առ քայլ առաջ տանել մեր նպատակները։ Սակայն մենք լիովին գիտակցում ենք, որ առանց Հայաստանի կառավարութեան ակտիւ աջակցութեան կարեւոր արդիւնքների հասնելը չափազանց դժուար է։ Հետեւաբար, պիտի շարունակենք պայքարը, որպէսզի Հայաստանում փոխուի իշխանութիւնը եւ վերջապէս ձեւաւորուի մի կառավարութիւն, որը կը կանգնի Հայ Դատի կողքին։ Մենք խորապէս հաւատում ենք, որ Հայ Դատի պաշտպանութիւնը կենսական է հենց հայկական պետականութեան համար։

Հայ Դատի պայքարը չի՛ մահանայ Հայաստանի իշխանութիւնների քաղաքական հրաժարումից։ Այն կը մահանայ, եթէ հայ ժողովուրդը՝ Հայաստանի եւ սփիւռքի հատուածներով դադարի պայքարել: