Հայ դատի յանձնախումբը Եւրոպական Խորհրդարանում ստորագրահաւաք է սկսել
COP29-ին ընդառաջ ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերն այս օրերին ակտիւ աշխատանքներ են տանում միջազգային հանրութեան ուշադրութիւնը սեւեռելու Ատրպէյճանում մարդու իրաւունքների խախտումներին եւ պահանջում ապօրինի պահուող հայ պատանդների եւ ռազմագերիների վերադարձը։
ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի գրասենեակի նախագահ Գասպար Կարապետեանը «Ապառաժ»ի հետ զրոյցում անդրադարձել է այս ուղղութեամբ տարուող աշխատանքներին։
«ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի գրասենեակը եւ «Եւրոպացիներ յանուն Արցախի» հարթակը COP29-ը համարում են միջոց՝ միջազգային ճնշում գործադրելու Ատրպէյճանի վրայ, Արցախի ռազմական եւ քաղաքական պատանդներին, պատերազմի գերիներին ազատ արձակելու համար։ Այդ ուղղութեամբ թէ՛ քարոզչական աշխատանքով եւ թէ՛ տարբեր հանդիպումներով մեծ աշխատանք է կատարւում, նաեւ միջազգային մամուլով ներկայացնելով Ատրպէյճանի իրական պատկերը։
Այս օրերին ՀՅԴ Հայ դատի յանձնախումբը Եւրոպական Խորհրդարանում ստորագրահաւաք է սկսել եւ յայտարարութեամբ է հանդէս գալու երեք կարեւոր հարցերի առնչութեամբ՝ գերիների եւ պատանդների վերադարձ, Ատրպէյճանի կողմից Արցախի մշակութային ժառանգութեան ոչնչացման եւ Ատրպէյճանը՝ որպէս սպառնալիք Հայաստանի համար։ Մեր յայտարարութեանը միացել են Եւրախորհրդարանի մեծ թուով պատգամաւորներ։
Նոյեմբերի 5-ին Եւրոպական խորհրդարանում նախատեսում ենք կազմակերպել մեծ խորհրդաժողով, որը հիմնականում նուիրուած կը լինի ռազմական եւ քաղաքական գերիների եւ պատանդների ազատ արձակմանը, որին ակնկալում ենք նաեւ նրանց ընտանիքներից ներկայութիւն։ Անշուշտ ներկայ կը լինեն Եւրոպական պատգամաւորներ, քաղաքական այլ անձիք, ընկերային ոչ կառավարական կազմակերպութիւնների ներկայացուցիչներ եւ նաեւ հայ համայնքի ներկայացուցիչներ»։
Գ․Կարապետեանի փոխանցմամբ յանձնախումբն աշխատանք է տանում նաեւ Եւրոպական խորհրդարանի բանաձեւերում գերիների եւ պատանդների վերադարձի հարցը արծարծելու ուղղութեամբ։ «Մեր ամբողջ քարոզչական մեքենան այս ուղղութեամբ է աշխատում, տարբեր երկրներում մեր յանձնախմբերն իրենց երկրների պատգամաւորների հետ հանդիպումներ են ունենում, ակնկալում ենք, որ որոշ պատուիրակութիւններ Պաքուում այդ հարցերը կը բարձրացնեն։ Շատ կարեւոր է, որովհետեւ Ատրպէյճանը փորձում է տարբեր երես ցոյց տալ, արդէն մեր ամբողջ քարոզչական աշխատանքով փորձում ենք ցոյց տալ, որ Ատրպէյճանն այսօր այն չէ, ինչ ներկայանում է եւ միջազգային գրեթէ բոլոր կարեւոր լրատուականների միջոցով ներկայացւում է թէ մարդկային իրաւունքների տեսակէտից Ատրպէյճանը ինչ մակարդակում է եւ Արցախի ժողովրդի հանդէպ ինչ վերաբերմունք ունի», նշել է նա։
Գ․ Կարապետեանը յաւելեց, որ COP29-ով չի դադարի աշխատանքներն այս ուղղութեամբ եւ Հայ դատի գրասենեակներն իրենց ունեցած քաղաքական բոլոր լծակներով աշխատանք են տանելու, որպէսզի Պաքուում պահուող հայ ռազմագերիներն ու պատանդները վերադառնան։
Comments are closed.