Հայ-ատրպէյճանական բանակցութիւններ. հնարաւոր զարգացումներ

Գէորգ Ղուկասեան

Քաղաքական գիտութիւնների թեկնածու, ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի կեդրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու

2020 թ. աղետալի պատերազմից յետոյ սկսուած հայ-ատրպէյճանական բանակցային գործընթացի նոր փուլը երբեք կանխատեսումների պակաս չի ունեցել, ընդ որում ոչ միայն փորձագիտական, այլ նաեւ պաշտօնական, այդ թւում միջազգային խոշորագոյն ուժային կեդրոններից։ Քանիցս նշուել են շրջանակային համաձայնագրի կամ այսպէս կոչուած խաղաղութեան պայմանագրի ստորագրման մօտաւոր ժամկէտներ։ Այդպիսի ժամկէտների մասին յայտարարութիւններ, որոնք գլխաւորապէս վերաբերում էին Դեկտեմբեր ամիսներին, ընդ որում ե՛ւ 2021 թ. Դեկտեմբերին, ե՛ւ 2022 թ.-ի եւ 2023 թ.-ի, պարբերաբար հնչում էին ե՛ւ Ուաշինկթոնից, ե՛ւ Պրուքսէլից, ե՛ւ Մոսկուայից։ Միջազգային յարաբերութիւններում քաղաքական գործընթացի տարբերակման փորձի բացակայութիւնը հայ եւ օտար փորձագէտներին դրդում էին գրեթէ անվերապահօրէն հաւատալու գերտէրութիւններից եկող գրեթէ հաստատական խօսքին։ 2020 թ. Նոյեմբերից ցայսօր, երբ ենթադրւում էր, որ բանակցային գործընթացը պէտք է առաջնորդէր խաղաղութեան, հայ-ատրպէյճանական պետական սահմանին, ապա նաեւ շփման գծում արձանագրուել են մի շարք խոշորամասշտապ բախումներ, Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածքի օկուպացիա, Արցախում էլ՝ էթնիկ զտման ցեղասպանական գործողութիւն։ Յատկանշական է, որ ե՛ւ 2021, ե՛ւ 2022 Ատրպէյճանը Հայաստանի Հանրապետութեան, իսկ ե՛ւ 2023 թ. Արցախի Հանրապետութեան նկատմամբ ագրեսիա է սանձազերծել աշնան ամիսներին, այսինքն ենթադրեալ ստորագրումից կարճ ժամանակ առաջ՝ պարզ դարձնելով, որ խաղաղութեան պայմանագիրը, նոյնիսկ այն ձեւով որ բանակցւում է, իր համար ընդունելի չէ։ Ատրպէյճանը որդեգրել է բանակցային գործընթացից իրավիճակային օգուտներ քաղելու մարտավարութիւն, երբ կարեւորը ոչ թէ դէպի վերջնարդիւնք գնալն է, այլ այդ ընթացքում Հայաստանին հնարաւորինս շատ վնասելը։

Ստեղծուած իրավիճակում աւելի քան ակնյայտ է, որ բանակցային այս փուլը դէպի արժանապատիւ, արդար ու իրաւահաւասար խաղաղութեանն ուղղուած գործընթաց չէ։ Այսօր արդէն լիովին պարզ է՝ հայ-ատրպէյճանական բանակցութիւններում ուղղակի եւ անուղղակի ներառուած, ինչպէս նաեւ այդ գործընթացին առնչուող ցանկացած կողմ ունի հետաքրքրութիւնների իր ուրոյն շրջանակը։ Ատրպէյճանի համար դա իր յաղթանակները իրաւաքաղաքական ամրագրման տանելու, իր ծաւալապաշտութեանը յագուրդ տալու, Հայաստանի ռազմաքաղաքական անվտանգութեան համակարգը վերջնականապէս կազմալուծելու եւ Հայաստանին տեւական ժամանակ «ձախողուած պետութեան» խարանով կնքելու, Արցախի ցեղասպանութիւնը մարսելու մի գործընթաց է։ Հայաստանի համար այս գործընթացը խիստ հաւանական համարուող պատերազմի մեկնարկը յետաձգելուն, իսկ հնարաւորութեան դէպքում խաղաղութեան հասնելու մի գործընթաց է, ինչը Հայաստանի իշխանութիւնների պարտուողական կեցուածքի, թշնամական պահանջները ՀՀ ներքաղաքական տիրույթ բերելու արատաւոր գործելաոճի պարագայում նոյնպէս հեռանկարում լաւատեսական լինել չի կարող։

Միջնորդ պետութիւնները, իւրաքանչիւրն իր մասով փորձում է Հարաւային Կովկասում հաստատել իր երաշխաւորած խաղաղութիւնը։ Հարաւային Կովկասում տարածաշրջանային քաղաքականութեան վրայ ախարհաքաղաքական ազդեցութիւնը էապէս ահագնացել է աշխարհում բռնկուած պատերազմների եւ միջազգային վերադասաւորումների արդիւնքում հանգուցային ցամաքային կապուղիների վտանգուածութեամբ կամ յաճախ ի սպառ փակմամբ։ Ռուսաստանի նկատմամբ արեւմտեան պատժամիջոցները Մոսկուային աւելի նախանձախնդիր են դարձրել հարաւային ուղղութեան կապուղիների վրայ վերահսկողութիւն հաստատելու ծրագրերում, Իրանի համար այս տարածքը դէպի հիւսիս եւ ԵԱՏՄ շուկայ դուրս գալու անփոխարինելի կենսական գօտի է, Թուրքիայի եւ Ատրպէյճանի համար Հայաստանով անցնող միջանցքը հարիւրամեայ այնպիսի նպատակ է, որի կարեւորութեան մասին այնքան շատ է խօսուել, որ չարժի էլ անդրադառնալ։

Այս ամբողջ թնճուկի մէջ Արեւմուտքն էլ ունի իր բազմաշերտ շահերը։ Հարաւային Կովկասում խաղաղութիւնը, ճանապարհատրանսպորտային երթուղիների ապաշրջափակումը Թուրքիայի ծաւալումը Արեւմուտքից դէպի Արեւելք ուղղորդելու եւ Ռուսաստանի ներկայութիւնը էապէս սահմանափակելու գրաւական է։ Միաժամանակ, Արեւմուտքը պէտք է դիվերսիֆիկացնի Թուրքիայի հանդէպ իր քաղաքականութիւնը։ Աշխարհակարգի կանոնները քանիցս ոտնահարած, Ռուսաստանի համար տնտեսական պատժամիջոցների շրջանցման հիմնական գօտու վերածուած Թուրքիան որքան էլ որ ՆԱՏՕ-ի համար առանցքային երկիր է, միաժամանակ թուրքական անկանխատեսելիութիւնը Արեւմուտքին պարտադրում է որոշակի կոմբիանցիաներով զսպել այդ երկրի ամբիցիոզ ախորժակը։ Այստեղ տեղին է յիշել Հենրի Քիսինջերի «Դիւանագիտութիւն» գրքի առաջին բաժնում զետեղուած այն միտքը, որ միջազգային յարաբերութիւնների աւելի ագրեսիւ անդամների հետագայ նպատակաները հսկողութեան տակ են պահւում միջազգային յարաբերութիւնների այլ դերակատարների կոմբինացիայի միջոցով, ինչն աշխարհում ուժի հաւասարակշռման ապահովման նպատակ է հետապնդում։

Որքան էլ պարադոքսալ հնչի, այս գործընթացի անյաջող ընթացքի մեղաւորներից է նաեւ ՀՀ գործող իշխանութիւնը։ Ատրպէյճանական գրեթէ բոլոր պահանջների բաւարարմանը նպատակադրուած՝ ՀՀ գործող իշխանութիւնը շարունակապէս գայթակղում է Ատրպէյճանին նոր զիջումների հնարաւորութիւններով, ինչի պարագայում խաղաղութեան պայմանագրի ստորագրումը Ատրպէյճանին կը զրկի յաւելեալ զիջումներ կորզելու հնարաւորութիւնից։

Վերը յիշատակուածը հարաւ-կովկասեան ներկայ թնճուկի մի փոքր նկարագրութիւնն է միայն։ Այս տարածաշրջանը մարդկութեան պատմութեան ողջ ընթացքում է ուժային կեդրոնների բախման գօտի հանդիսացել, սկսած ներկայ գլոբալիզացիայի նախատիպ համարուող հելլենիզմի ժամանակներից ու Ալեքսանդր Մակեդոնացու արշաւանքներից։ Ուստի հիւանդագին միամտութիւն է կարծել թէ Հարաւային Կովկասում, կամ Առաջաւոր Ասիայի այս հատուածում շուտով խաղաղութիւն է հաստատուելու։ Այս առումով արժէ մտաբերել Ղարաբաղեան հիմնախնդրի յայտնի գիտակներ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի եւ Քարնեգի հիմնադրամի առաջատար գիտաշխատող Թոմաս դը Վաալի հետեւեալ մտքերը.

Կազիմիրով – «Դժուար է անգամ ասել, ինչով է աւելի հարուստ ղարաբաղեան կարգաւորման փորձը՝ Ռուսաստանի եւ որոշ արեւմտեան երկրների համագործակցութեա՞մբ, թէ՞ նրանց մօտեցումների տարբերութեամբ եւ միմիանց դէմ պայքարով»։

Դը Վաալ – «Միացեալ Նահանգներն, ըստ էութեան, որեւէ ռազմավարական շահ չունի Արեւմտեան Պալքաններում։ Համեմատէք Լեռնային Ղարաբաղի հետ։ Հակամարտութեան գօտու հիւսիսում Վրաստանն ու Ռուսաստանն են, արեւմուտքում՝ Թուրքիան, հարաւում՝ Իրանը։ Պաքու-Թիֆլիսի-Ջեհեան նաւթամուղն անցնում է շփման գծից ընդամէնը 12 մղոն դէպի հիւսիս։ Ատրպէյճանը դէպի Աֆղանստան զինուժի տեղափոխման հանգուցային կէտ է։ Հայ համայնքը Ուաշինկթոնում ամենաբարձր ձայն ունեցողներից է։ Այլ խօսքով, օբիէկտիւօրէն ասած, այդ հակամարտութիւնը Միացեալ նահանգների համար շատ աւելի մեծ ռազմավարական նշանակութիւն ունի, քան երբեւէ Պոսնիան ունեցել է»։

Այսպիսով բազմաշերտ խնդիրներով, օբիէկտիւ եւ սուբիէկտիւ պատճառներով, աշխարհքաղաքական բախումների թատերաբեմ հանդիսացող Հարաւային Կովկասում վերջնական ու արդար խաղաղութեան հեռանկարը դեռեւս շատ մշուշոտ է։ Հայ-թաթարական, հայ ատրպէյճանական բախումների պատմութիւնը աւելի քան 100 տարուայ պատմութիւն ունի, պատմութիւն, որի տրամաբանութիւնը յանգում է հայութեանը կենսական տարածքներից զրկելու, ցեղասպանելու եւ պետականազրկելու ռազմավարական նպատակադրմանը։ Ներկայ իրավիճակում յատկապէս՝ երբ թարմ են վերջին պատերազմների վէրքերը, էթնիկ զտումների փաստը եւ այլն կողմերի միջեւ ի սպառ բացակայում է փոխվստահութիւնը, եւ վերը յիշատակուած ու տասնեակ այլ պատճառներով այս գործընթացը զուրկ է իրապաշտութիւնից։

Քննարկման այլ հարց է ստորագրուող պայմանագրի բնոյթը. արդեօք դա յարաբերութիւնների ամբողջական կարգաւորմանն ուղղուած պայմանագիր է լինելու, թէ շրջանակային համաձայնագիր, ինչն առաւելապէս ուղղուած կըլինի երկու պետութիւնների միջեւ յարաբերութիւնների կարգաւորման եւ զարգացման սկզբունքներին։ Դատելով յայտարարութիւններից՝ կարելի է ենթադրել, որ քննարկման փուլում է գտնւում շրջանակային համաձայնագիր, որում սակայն Ատրպէյճանը փորձում է դետալային ամրագրման հասցնել իր համար կարեւոր դրոյթները, իսկ Հայաստանի համար կարեւոր դրոյթները՝ թողել հետագայ բանակցութիւնների կամ քննարկումներին։ Այդպիսիններից է օրինակ սահմանազատման հարցը, որն Ատրպէյճանն առաջարկում է թողնել հետագայ քննարկումների։ Նկատենք, որ միայն սկզբունքերի հաստատմամբ կնքուած պայմանագիրը, որը մանրամասն հասցէագրման չի ենթարկելու առկայ խնդիրները իր բնոյթով վտանգաւոր է, քանի որ խոշոր հաշուով Հայաստանն ու Ատրպէյճանը միմիանց միջեւ միջազգային յարաբերութիւնների սկզբունքների եւ միջազգային իրաւունքի շուրջ պաշտօնական դիրքորոշմամբ յայտարարուած տարբերութիւններ չունեն, խնդիրը այդ սկզբունքների եւ իրաւունքի ատրպէյճանական սուբիէկտիւ մեկնաբանման մէջ է։ Օրինակ, հայկական կողմի դիրքորոշմամբ՝ Հայաստանը երբեք Ատրպէյճանից տարածքային պահանջ չի ունեցել, քանի որ խնդիրը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունք է, այն ժողովրդի, որը երբեք անկախ Ատրպէյճանի կազմում չի ապրել։ Այս մօտեցումը, որն ամբողջութեամբ համապատասխանում է միջազգային իրաւունքին, Ատրպէյճանը բնականաբար չի ընդունում։

Այնուամենայնիւ, անկախ մեր կամքից այս գործընթացը շարունակւում է, Հայաստանն էլ, բնականաբար, չի կարող հրաժարուել դրանից, նոյնիսկ իշխանափոխութեան դէպքում։ Ուստի պէտք է փորձել հնարաւորինս իրապաշտօրէն հասկանալ այս տեղապտոյտից բացուող հնարաւոր ճանապարհները՝ Հարաւային Կովկասում զարգացումների հնարաւոր սցենարները.

Խաղաղութիւն

Բնականաբար ենթադրւում է, որ խաղաղութեան ցանկացած գործընթացի վերջնարդիւնքը պէտք է լինի յարաբերութիւնների կարգաւորումը։ Ինչպէս վերը նկատեցինք, ներկայ տրամաբանութեամբ այս գործընթացը հեռու է խաղաղութեան առաջնորդելուց։ Ամէն դէպքում արժանապատիւ խաղաղութեան համար անհրաժեշտ են նախապայմաններ՝ արդարութիւն, կողմերի միջեւ արժանապատիւ փոխյարաբերութիւններ, ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառում, Արցախի ժողովրդի իր հողում պաշտպանուած ու արժանապատիւ կեանքի ապահովումը եւ այլն, որոնք այսօր քննարկուող հարցերի շրջանակից դուրս են։

Միջազգային միջնորդութիւն եւ երաշխաւորութիւն

Ըստ ամենայնի, բացառել չի կարելի, որ ներկայ գործընթացը կը յանգեցնի միջազգային որեւէ ուժային կեդրոնի կամ կեդրոնների կողմից ե՛ւ Արցախում ե՛ւ Հայաստան-Ատրպէյճան յարաբերութիւնների կարգաւորման գործընթացում միջնորդական ինստիտուտների ներդրման եւ միջազգային երաշխաւորութեան։ Սա չի կարելի բացառել նաեւ հաշուի առնելով կողմերի միջեւ առկայ փոխվստահութեան խիստ անբաւարար մակարդակը եւ համատեղ թշնամական անցեալը։

Պատերազմ

Ատրպէյճանի կողմից նոր ռազմական արկածախնդրութիւնը եւս այս գործընթացի հնարաւոր արդիւնքներից մէկն է՝ հաշուի առնելով յատկապէս վերջին շրջանում Պաքուի կողմից սրուած հռետորաբանութիւնը, ուժի կիրառման սպառնալիքն ու Հայաստանին անթաքոյց ներկայացուող տարածքային պահանջները, ինչպէս նաեւ ՀՀ իշխանութիւնների կրաւորական կեցուածքը։ Հնարաւոր պատերազմի հաւանակութիւնը մեծացնող բազմաթիւ այլ գործօններ կան, որոնցից է ամէն գնով հայկական բանակի վերականգնումը խափանելու ձգտումը, միջազգային խորացող անորոշութիւնը եւ այլն։

Հակամարտութեան կառավարում/սառեցում

Առկայ խնդիրների ծաւալով եւ միջազգային դերակատարների միջեւ կոնսենսուսի բացակայութեամբ պայմանաւորուած՝ հնարաւոր է նաեւ արձանագրուի հակամարտութեան սառեցման եւ բանակցային գործընթացով դրա կառավարման գործընթաց։

Սպառազինութեան մրցավազք

Խաղաղութեան բացակայութեան եւ ատրպէյճանական հնարաւոր ագրեսիայի, դրա դիմակայութեանն ուղղուած հայկական հակաքայլերը կարող են յանգեցնել սպառազինութեան մրցավազքի, որն իրականում արդէն իսկ սկսուել է։ Սպառազինութեան նոր մրցավազք է ուղեկցել ե՛ւ երկրորդ ե՛ւ երրորդ սցենարներին։

Նուազագոյն այն իրաւաքաղաքական միջավայրը, որը կարող է գոնէ խաղաղութեան յոյս ներշնչել

Հայկական աշխարհը, այդուհանդերձ, պէտք է յստակ արձանագրի այն նուազագոյն դրոյթները, որոնք թոյլ կը տան որեւէ համաձայնագրի տակ դնել հայկական կողմի ստորագրութիւն։ Այս առումով ՀՅԴ Բիւրոյի Փետրուարի 5-ի յայտարարութիւնը պարունակում է սթափ եւ հակիրճ մօտեցումներ, Մասնաւորապէս,

  • ՀՀ ինքնիշխան տարածքից ատրպէյճանական զօրքերի դուրսբերում, բոլոր ռազմագերիների ու պահուող անձանց վերադարձ, մշակութային ժառանգութեան պահպանում
  • Ստորագրուելիք պայմանագիրը պէտք է լինի յարաբերութիւնների կարգաւորման ամբողջական փաստաթուղթ, լուծումներ ամրագրի համաձայնեցման ենթակայ հարցերի ողջ փաթեթի վերաբերեալ,
  • որեւէ համաձայնութիւն չպէտք է վտանգի հայ ժողովրդի անժամանցելի եւ անօտարելի իրաւունքները,
  • սահմանազատման եւ սահմանագծման հիմք պէտք է հանդիսանան Ատրպէյճանական Հանրապետութեան ԱՊՀ անդամակցման պահին (Սեպտեմբեր 24, 1993) գործող փաստացի սահմանները։ Երկու երկրների միջեւ սահմանազատումը եւ սահմանագծումը պէտք է համապատասխանի միջազգային լաւագոյն պրակտիկային ու նորմերին,
  • տրանսպորտային եւ հաղորդակցութեան այլ ուղիների ապաշրջափակումը պէտք է լինի ամբողջական եւ համաժամանակեայ, առանց ինքնիշխանութեան որեւէ սահմանափակման,
  • մինչեւ Արցախի հարցի վերջնական քաղաքական կարգաւորումը եւ Արցախի ժողովրդի հիմնարար իրաւունքների լիակատար իրացումը ապահովել արցախահայերի հաւաքական, անխոչընդոտ եւ անվտանգ վերադարձը հայրենիք՝ հիմնուած էթնիկ զտման հետեւանքով բռնաճնշումների ենթարկուած եւ բռնի տեղահանուած անձանց իրաւունքների լիարժէք յարգման վրայ: Վերադարձի նախապայման պէտք է դիտարկել.

– Արցախին միջանկեալ կարգավիճակի տրամադրումը՝ ապահովելով ողջ ծաւալով արցախահայերի միջազգային նորմերով երաշխաւորուած քաղաքացիական եւ քաղաքական իրաւունքները,

– Արցախի ժողովրդի անվտանգութեան գործուն երաշխիքների ապահովումը, ներառեալ՝ խաղաղապահ ուժերի տեղակայումը,

– Հայաստանի հետ անխոչընդոտ ցամաքային կապի ապահովումը։

Comments are closed.