Հայրենիքը գրում եմ մեծատառ

Արմինէ Մուքոյեան

Տօնական օր էր։

Հայ կեդրոնի բակը մարդաշատ էր, զարդարուած եռագոյն դրոշօներով, որոնց կողքին հպարտօրէն ծածանւում էին Արցախի դրօշները։

Հայկական կեանքն ու մշակոյթը իր շուրջն էր հաւաքել հայրենիքից հեռու, բայց և հայրենիքով ապրող հայ համայնքը։

Բոլորը ուրախ տրամադրութեամբ համակուած, օրը գեղեցիկ դարձնելու իրենց պարտականութիւնների մէջ էին… ուրախ մանուկներ, ժպտուն աչուկներ, յուզուած հայեացքներ, մէկը պարում էր, միւսը ասմունքի իր փորձն էր անում, մէկ այլը սպասում էր երգելու իր ժամին…

Իսկ ես լուռ հետևում էի տօնական այդ եռուզեռին։ Յանկարծ գեղեցիկ համազգեստով շրջաբակին մօտեցաւ սկաուտական շեփորախումբը, բոլորը աշխոյժ պատանի-պարմանուհիներ… նրանց ոգևորութիւնը այնքան բարձր էր, որ էլ աւելի բերկրանքով և հպարտութեամբ էր լցնում արդէն խանդավառ մթնոլորտը։ Աչքս ընկաւ փոքրամարմին, կոկիկ հագնուած, լուռ կանգնած մի պատանու, ով առաջինն էր, որ անմիջապես ենթարկուեց խմբի ղեկավարի՝ շարքում ամէն մէկը իր տեղը զբաղեցնելու հրահանգին։ Տղան իր տեղը զբաղեցրեց և սպասում էր միւսներին։

Տէր Աստուած, ինչ խոհուն հայեացք ունի, ինչ համեստ է ,- մտածեցի ես։

Շարունակում էի նայել, տղան իր տեղում էր… ոչ մէկ քայլի շեղում։

Ես պէտք է ծանօթանամ այս պատասխանատու տղային,-մտածում էի ես։

Եւ որոշեցի, որ միջոցառման աւարտին անպայման ծանօթանամ այս հետաքրքիր փոքրիկ հային։

Միջոցառումը աւարտուեց, ես սկսեցի փնտռել տղային՝ չգտայ։ Մի քանի օր շարունակ ծանօթներիս նկարագրում էի տղային, յոյսով, որ մէկը կը ճանաչի։

Օրեր անց գտայ փոքրիկ պարտաճանաչ և պատասխանատու հային, բայց շաբաթներն անցնում էին, իսկ նա այդպէս էլ չէր համաձայնւում ինձ հետ ծանօթանալ… ծնողները փոխանցում էին, որ ամաչում է։ Ի՞նչ արած, պէտք է համբերատար սպասէի։

Վերջապէս եկաւ փոքրիկ շեփորահարի հետ հանդիպման օրը։

Փոքրիկ հայը իսկապես շատ ամչկոտ էր, հայեացքը՝ բարի, համեստ, նրա գեղեցիկ սև աչքերը այնքան խոհուն էին…

Մեր զրոյցը շատ հետաքրքիր էր, նա մեկ ամօթխած ժպտում էր, մէկ աչքերը կկոծում արևելահայէրենս հասկանալու համար, և դառնում էր շատ լուրջ, երբ մեր զրոյցի թեման հայրենիքն էր։

Նա չէր տեսել հայրենիքը, բայց նկարել էր այն իր մեղմ հոգու զգայուն գոյներով, պայմանների բերումով չէր յաճախում հայկական դպրոց, բայց խօսում էր հայերէն, գրում ու կարդում հայերէն։

Տղան համեստորէն խոստովանեց, որ չգիտեր՝ մի օր կը լինի նա Հայրենիքում, թէ ոչ։

Նա ինձ հարցեր էր տալիս՝ իսկ Երևանը գեղեցի՞կ է, հոն բոլորը հայերէ՞ն կը խօսին, հոն դպրոցները սիրո՞ւն են, ո՞ւր կը խաղան երեխաները, հոն մեզի նման ակումբ ունի՞ն (Հայ Կեդրոն)։

Իսկ ին՜չ ուշադիր էր լսում պատասխանները։

Բաւական ուշ էր։ Նա պէտք է պատրաստուէր իր յաջորդ օրուայ դասերին։

– Ես Հայրենիքը կը գրեմ մեծատառ, – փոքրիկ հայը վերջացրեց իր զրո՚յցը։

Նա հօր ձեռքը բռնած հեռանում էր։ Ականջիս ընկաւ…

– Վաղը ընկերներուս կը պատմեմ, որ հոն Հայ կեդրոն չունին։

Մեր հանդիպումը աւարտուեց։

Գանատա

 

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.