Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման խնդիրը ՀՀ արտաքին քաղաքականութեան համատեքստում

Գէորգ Ղուկասեան
Քաղաքական գիտութիւնների թեկնածու, ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի կեդրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու

Նախորդ շաբաթ ՀՀ Ազգային ժողովում 2025 թ․ պետական պիւտճէի նախագծի քննարկումների ժամանակ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյեանը յայտարարել էր թէ Հայաստանի արտաքին քաղաքական «․․․առաջնահերթութիւնները թուարկելիս ես դրան առանձին չանդրադարձայ, դա մեր թիւ 1 առաջնահերթութիւնը չէ։ Պատմութեան ողբերգական անցքերը, Հայոց ցեղասպանութիւնն ուսումնասիրելը կամ դա թիւ մէկ առաջնահերթութիւն դարձնելը, անշուշտ, ԱԳՆ օրակարգը չէ»: Այս յայտարարութիւնն անշուշտ խիստ բացասաբար ընդունուեց ինչպէս Հայաստանում, այնպէս էլ սփիւռքում եւ առիթ հանդիսացաւ, որպէսզի փորձենք առհասարակ վեր հանել Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման խնդիրը Հայաստանի Հանրապետութեան արտաքին քաղաքականութեան շրջանակում։

Նախ, այս խնդրի նախապատմութիւնը գալիս է դեռեւս խորհրդային տարիներից, երբ երկրորդ աշխարհամարտի հենց աւարտին, ապա Հայոց ցեղասպանութեան 50-րդ տարելիցի շրջանակում հայութիւնը Խորհրդային Հայաստանի եւ Խորհրդային Միութեան իշխանութիւններից պահանջում էր հանդէս գալ թուրքական ոճրագործութիւնների բարձրաձայնման եւ պատմական արդարութեան վերականգնման, Հայոց ցեղասպանութեան հետեւանքների վերացման դիրքերից։

Աւելի ուշ արդէն, Հայաստանի անկախացումից յետոյ, Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման խնդիրը դարձաւ նորանկախ պետութեան արտաքին յարաբերութիւններին վերաբերող առանցքային հարցերից մէկը եւ բնականօրէն տեղ գտաւ պետութեան հիմնադիր փաստաթղթում՝ անկախութեան հռչակագրում, որի 11-րդ կէտը սահմանում է․ «Հայաստանի Հանրապետութիւնը սատար է կանգնում 1915 թուականին Օսմանեան Թուրքիայում եւ Արեւմտեան Հայաստանում Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործին»։

1990-ականների վերջից եւ 2000-ականների սկզբից Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման օրակարգը ՀՀ արտաքին քաղաքականութեան առանցքային ուղղութիւններից մէկն էր մինչեւ վերջերս, ընդ որում, միջանկեալ նշենք, որ ընդամէնը 4 տարի առաջ նոյն օրերին էր ՀՀ վարչապետը յայտարարում, թէ Թուրքիան վերադարձել է տարածաշրջան՝ աւարտելու դարասկզբին սկսուած Հայոց Ցեղասպանութիւնը։

Հարկ է յստակ նկատել, որ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման խնդիրը Հայաստանի Հանրապետութեան կողմից երբեք ինքնանպատակ չի եղել, այն աւելին է եղել, քան Թուրքիային վնասելն ու այդ պետութեան համար արտաքին քաղաքական խնդիրներ ստեղծելը։

Հայաստանի Հանրապետութեան կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչման օրակարգը շատ որոշակի ու շօշափելի նպատակներ ունէր՝ վերականգնել պատմական արդարադատութիւնը, կանխել Հայոց Ցեղասպանութեան հետեւանքների խորացումը, եւ թերեւս ամենակարեւորը՝ կանխել Հայոց Ցեղասպանութեան շարունակականութիւնը կամ կրկնութիւնը։ Այս վերջինը իւրաքանչիւր պետութեան պարտաւորութիւնն է սեփական քաղաքացիների նկատմամբ, եթէ վերջիններս գտնւում են ցեղասպանական վտանգի տակ։ Պէտք է յստակ ընգծել, որ ցեղասպանութիւն յանցագործութիւնը, իր բնոյթով տարբերւում է մարդկութեան դէմ գործած այլ յանցագործութիւններից, քանի որ, պայմանաւորուած ոճրագործութեան վիթխարի ծաւալով, այս յանցագործութեան հետեւանքները մնում են եւ խորանում են տասնամեակներ շարունակ։ Բազմաթիւ մասնագէտներ գտնում են, որ ոճրագործի կողմից ցեղասպանութեան ժխտոողականութիւնը նոյնպէս համարւում է դրա շարունակութիւն։ Այսինքն, ի դէմս Հայոց Ցեղասպանութեան եւ այն գործադրած պետութեան փաստացի իրաւայաջորդի, մենք գործ ունենք շարունակական մի յանցագործութեան հետ, ինչի կանխարգելմանն ուղղուած աշխատանքի բացակայութիւնը, միջազգային ճնշման թուլացումը, ոչ թէ հանդարտեցնելու է Թուրքիային Հայաստանի հետ իր յարաբերութիւններում, այլ դարձնելու է աւելի յանդուգն ու լկտի։ Ասուածի վառ օրինակը Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ատրպէյճան բանակցային գործընթացների վերջին տարիների տխուր պատկերն է, ինչին կ’անդրադառնանք քիչ անց։

Հայաստանի կողմից Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործն ունի նաեւ քաղաքակրթական բաղադրիչ, երբ Հայաստանը միջազգային ասպարէզում դիրքաւորուեց, որպէս ցեղասպանութեան եւ առհասարակ մարդկութեան դէմ իրականացուող յանցագործութիւնների կանխարգելման, վաղ ազդարարման համակարգերի զարգացման, ճշմարտութեան վերականգնման, զոհերի իրաւունքների պաշտպանութեան միջազգային ջանքերի առաջամարտիկ։

Աշխարհում ցեղասպանութիւնների կանխարգելման գործում Հայաստանի Հանրապետութեան նախաձեռնողականութիւնը սկսուել էր դեռեւս 1990-ական թթ․ վերջին։ Ցեղասպանութեան խնդրին վերաբերող առաջին բանաձեւը Հայաստանը ներկայացրել է դեռեւս 1998 թուականին ՄԱԿ-ի Մարդու իրաւունքների յանձնաժողովում: Այն վերաբերել է «Ցեղասպանութեան յանցագործութիւնը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 50-ամեակին։ Նոյն թուականին ընդունուած բանաձեւի հիմնական նպատակն էր միջազգային հանրութեան ուշադրութիւնը հրաւիրել Կոնվենցիայի ընդունման փաստին, ինչպէս նաեւ կոչ անել անդամ երկրներին ապահովել Կոնվենցիայի ուսումնասիրումն ու տարածումը: Յաջորդիւ ներկայացուած չորս բանաձեւերը բովանդակային առումով աւելի կատարելագործուեցին եւ ընդլայնուեցին: Կարեւորագոյն ձեռքբերումներից մէկն էր, որ առաջին իսկ բանաձեւից Հայաստանին յաջողուեց տեքստում ամրագրել համապատասխան յղում՝ Պատերազմական յանցագործութիւնների եւ մարդկութեան դէմ ուղղուած յանցագործութիւնների նկատմամբ վաղեմութեան ժամկէտ չկիրառելու մասին 1968 թուականի ՄԱԿ-ի կոնվենցիային(1):
Արդէն ՄԱԿ-ի մարդու իրաւունքների յանձնաժողովի շրջանակներում Հայաստանի կողմից նմանատիպ բանաձեւեր են նախաձեռնուել եւ ընդունուել 1998, 1999, 2001, 2003 եւ 2005 թթ․։

2008 թ․, երբ ՄԱԿ-ի մարդու իրաւունքների յանձնաժողովը վերանուանուեց մարդու իրաւունքների խորհրդի, Հայաստանի առաջարկութեամբ ցեղասպանութիւնների կանխարգելման վերաբերեալ բանաձեւեր ընդունուեցին 2008, 2013, 2015, 2018, 2020, 2022 թթ․։ Հենց Հայաստանի առաջարկով է գլխաւոր ասամբլեան Դեկտեմբերի 9-ը սահմանել որպէս ցեղասպանութեան զոհերի յիշատակի եւ արժանապատուութեան միջազգային օր(2)։
Իրաւաքաղաքական կարեւորութեան այս հարցերից բացի, Հայաստանը 2015, 2016, 2018 եւ 2022 թթ․ նախաձեռնել եւ կազմակերպել է «Ընդդէմ ցեղասպանութեան յանցագործութեան» գլոբալ ֆորումները:

Այս ամէնը Հայաստանի կողմից էական ներդրում էր ցեղասպանութիւնների դէմ միջազգային պայքարում՝ ե՛ւ քաղաքական, ե՛ւ իրաւական, ե՛ւ միջազգային իրազեկուածութեան բարձրացման տեսանկիւններից։ Սակայն, ցեղասպանութեան յանցագործութեան կանխարգելման դէմ միջազգային պայքար կարելի է մղել միայն այն պարագայում, երբ ինքդ ես հետամուտ այն բոլոր դրոյթներին, որոնք առաջարկուել են նաեւ քո կողմից՝ ժխտողականութեան դէմ պայքար, ճշմարտութեան վերականգնում, մշակութային ժառանգութեան պահպանութիւն, զոհերի յիշատակի յարգում եւ այլն։ Այլ խօսքով, Հայաստանը կարող է ցեղասպանութեան դէմ միջազգային պայքարի վստահելի գործընկեր լինել միայն այն պարագայում, երբ պաշտօնապէս չի մոռանում իր դատը։

Հիմա վերադառնանք այն իրավիճակին, որն առաջացել է Հայաստանի իշխանութիւնների կամազուրկ քաղաքականութեան հերթական հանգրուանում։
Ինչպէս յայտնի էր, անկախութիւնից յետոյ, երբ Թուրքիան ինքն էր փակել Հայաստանի հետ իր պետական սահմանը, վերջինիս բացման ու դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման համար ներկայացրել էր թուով երեք նախապայմաններ՝ ղարաբաղեան հակամարտութեան լուծում՝ ի նպաստ Ատրպէյճանի, Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացից հրաժարում, Հայաստան-Թուրքիա միջպետական փաստացի սահմանի իրաւական ամրագրում։ Ի դէպ, «Հորիզոն»ում տպագրուած մեր նախորդ յօդուածներից մէկում՝ «Ամերիկեան մահակ, թրքական մղձաւանջ ու հայկական սպասում», անդրադարձել էինք այն փաստին թէ ինչու է թուրքական պետութեանը յատկապէս անհանգստացնում իր արեւելեան սահմանների իրաւական ամրագրման խնդիրը։

Այնուամենայնիւ, Հայաստանի իշխանութիւնները շարունակ մոլորեցնող յայտարարութիւններ են անում առ այն, որ թուրքական կողմը որեւէ նախապայման չունի, սակայն գործընթացն ու դրանում նրանց քաղաքական կամքը այլ բանի մասին են խօսում։

Չնայած թուրքական անհանգստութիւններին, Հայաստանի գործող իշխանութիւնները խնդիր չունեն այդ սահմանի իրաւական ամրագրման հետ, հետեւաբար մնացին միւս երկու նախապայմանները։ Ակնյայտ է, որ Արցախի հայաթափումից յետոյ Հայաստանի իշխանութիւնները որդեգրել են ղարաբաղեան հակամարտութիւնը լուծուած համարելու ամօթալի դիրքորոշում, իսկ Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման օրակարգի դուրսբերումը ՀՀ արտաքին քաղաքականութեան առաջնահերթութիւնների ցանկից ըստ էութեան կատարուել էր դեռեւս այս կառավարութեան գործողութիւնների ծրագրով, իսկ արտգործնախարարի վերջին յայտարարութիւնը արդէն զուտ քաղաքական գնահատական էր։ Այսինքն ստացւում է, որ թուրքական կողմի երեք հիմնական նախապայման-պահանջները բաւարարուել են, բայց սահմանը շարունակում է փակ մնալ, աւելին՝ Հայաստանի կողմից բանագնացն էլ վերջերս յայտարարել է, թէ սահմանի բացմանը խանգարում է թուրքական կողմում քաղաքական կամքի բացակայութիւնը։
Այս պայմաններում ի հարկէ Հայաստանի իշխանութիւնները կարող են յայտարարել, որ թուրքական կողմը որեւէ նախապայման չունի, որովհետեւ դրանք արդէն իսկ բաւարարուած են պաշտօնական Երեւանի կողմից։

Սակայն, թուրքական կողմը շարունակում է նախապայմանային քաղաքականութիւնը մէկ այլ հարթութիւնում` միանալով պաշտօնական Պաքուին ու առաջ մղելով այսպէս կոչուած «Զանգեզուրի» միջանցքի պահանջը։

Այսինքն, հայկական կողմից շարունակական զիջումների արդիւնքում, որոնց թուին է դասւում նաեւ Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացից հրաժարումը, թուրքական կողմը ոչ միայն որեւէ ընդառաջ քայլ չի կատարում յարաբերութիւնների կարգաւորման ուղղութեամբ, այլ ընդհակառակը շարունակապէս դնում է նոր նախապայմաններ՝ Պաքուի հետ միասին ակնյայտօրէն հետապնդելով Հայաստանի անվտանգային ողջ համակարգի կազմալուծումը, թուրքական փափուկ ուժի եւ տնտեսական ազդեցութեան թափանցումը Հայաստան, ինչի արդիւնքում Հայաստանը կը դառնայ Թուրքիայից կախեալ մի պետութիւն։

Այս պայմաններում յիշեալ քննարկման ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարարը յայտարարում է, որ ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթութիւնը «Հայաստանի շուրջ խաղաղութեան, կայունութեան ապահովումն է եւ հարեւանների հետ զարգացումը»։ ՀՀ կառավարութիւնը չի պատկերացնում այն պարզ իրողութիւնը, որ համատեղ զարգացումն ու տարածաշրջանային խաղաղութիւնը պահանջում են երկկողմանի քաղաքական կամք ու յանձնառութիւն, եւ որ մի կողմի պատրաստակամութեամբ կամ զիջումներով դա իրագործել հնարաւոր չէ, յատկապէս այն պարագայում, երբ Հայաստանը չէ, որ խաթարում է կայունութիւնն ու խաղաղութիւնը մեր տարածաշրջանում։

Ստեղծուած իրավիճակն անգամ եւս ցուցնում է, որ Հայաստանի կառավարութեան զիջողական քաղաքականութիւնը որեւէ շանս չունի Հայաստանի համար անվտանգային կայուն միջավայր ստեղծելու։ Այդ քաղաքականութիւնը տապալուել է քանիցս եւ հերթական տապալում է արձանագրում արդէն թուրքական ուղղութեամբ։

Ի հարկէ, անվիճելի է, որ Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորումը կարեւոր է։ Բայց այդ կարգաւորմանը պէտք է հասնել երկուստեք քաղաքական կամքի առկայութեան պայմաններում, առանց նախապայմանների, առանց ուժի սպառնալիքի, առանց տնտեսական էքսպանսիայի։ Հայ-թուրքական սահմանի բացմանն ընդառաջ Հայաստանը պէտք է ձեռնարկի անվտանգային, տնտեսական բնոյթի օրէնսդրաիրաւական եւ կառուցակարգային բարելաւումներ՝ պաշտպանելու Հայաստանի տնտեսութիւնը, քաղաքացիների անվտանգութիւնը եւ առհասարակ ազգային-պետական շահը։ Թուրքական կողմից առ այսօր չկայ որեւէ նախանշան, որ նրանք պատրաստակամ են Հայաստան-Ատրպէյճան յարաբերութիւններից անկախ բարելաւել հայ-թուրքական յարաբերութիւնները։ Ի դէպ, այս դիտարկումը գրեթէ նոյնութեամբ կրկնեց նաեւ արտաքին գործերի նախարարը՝ յիշեալ ելոյթի ժամանակ։

1.- https://genocideprevention.am/hy/prevention/
2.- Նոյն տեղում

Comments are closed.