Հայաստան-Իրան առանցքը
- (0)

Պատմական գիտութիւնների թեկնածու, դոցենտ,
թրքագէտ Վարուժան Գեղամեան
Այս սիւնակի գաղափարը ծագեց 2023 թ. Յուլիս ամսին Իրան հերթական այցից յետոյ, որը կազմակերպել էր «Հայկական նախագիծ» գիտակրթական հասարակական կազմակերպութիւնը։ Այցը նախատեսուած էր «Հայկական համալսարանի» շուրջ 60 շրջանաւարտների համար եւ նպատակ ունէր վերջիններիս հնարաւորութիւն տալ՝ ծանօթանալու Իրանին։ Երբ Սիւնիքում հատեցինք հայ-իրանական սահմանը, իսկ դրան յաջորդող 10 օրերի ընթացքում յետեւեց ուսանողների հարցերի տեղատարափ ծանօթ ու միաժամանակ անծանօթ Իրանի մասին, նորից ինքս ինձ համար արձանագրեցի, որ կարիք կայ, որ այն, ինչ ներկայացնում ենք մեր ուսանողներին, ներկայացնենք աւելի լայն հանրութեանը՝ բացատրելով Հայաստան-Իրան առանցքի կարեւորութիւնը։
Այս մղումով, ինչպէս նաեւ այն պարզ գիտակցմամբ, որ պարտաւոր ենք լաւ ճանաչել Իրանը՝ որպէս Հայաստանի բնական շահակից պետութիւն, անհրաժեշտ համարեցի գրել այս սիւնակը։
Կարելի է անդրադառնալ Իրանի վերաբերեալ տասնեակ թեմաների, սակայն հաշուի առնելով առկայ քաղաքական ու աշխարհաքաղաքական իրադրութիւնը եւ տարածաշրջանային սպառնալիքները, ինչպէս նաեւ նկատի ունենալով այն, որ հայ-իրանական յարաբերութիւնները ՀՀ տէ-ֆակտօ իշխանութեան կողմից չեն դասւում արտաքին քաղաքական առաջնահերթութիւնների շարքին (այս հանգամանքի պատճառները յայտնի են), այստեղ ուզում եմ գրել հայ-իրանական հանրային դիւանագիտութեան մասին։ Ուշադիր ընթերցողը կը նկատի, որ այս թեման ուղղակիօրէն պատասխանում է նաեւ հետեւեալ հարցին․ ի՞նչ կարող ենք անել մենք՝ ՀՀ շարքային քաղաքացիներս, հայ-իրանական փոխշահաւէտ գործակցութիւնը նոր՝ ռազմավարական մակարդակի բարձրացնելու համար։
Այս հարցին առաւել ճշգրիտ պատասխանելու համար անհրաժեշտ է անել հետեւեալ երկու ներածական դիտարկումները։
Առաջին․ երկու պետութիւնների միջեւ ամուր համագործակցութեան համար անհրաժեշտ է ոչ միայն պետական ինստիտուտների ներգրաւում, այլեւ դրանց կողքին, իսկ երբեմն՝ դրանցից առաջ հանրային, քաղաքացիական դերակատարների գործակցութիւն։ Սա կարող է ծառայել թէ՛ որպէս հիմք քաղաքական յարաբերութիւնների համար, թէ՛ որպէս անհրաժեշտ լրացնող գործօն՝ այդ յարաբերութիւնների ամրապնդման ու զարգացման համար։
Երկրորդ․ զանգուածային քաղաքականութեան (մասս պոլիտիցս) եւ դրա արգասիք պոպուլիզմի՝ մեր տարածաշրջանում ակտիւացման համատեքստում առաւել կարեւորւում է հանրային դիւանագիտութեան (պուբլից դիպլոմացյ) գործիքի կիրառումը։ Հանրային դիւանագիտութիւնը ենթադրում է հետեւողական աշխատանք այլ պետութեան լսարանի հետ՝ սեփական օրակարգը ներկայացնելու եւ այդ օրակարգի շուրջ համագործակցութիւն ձեւաւորելու համար։ Մեր օրերում գերարդիական է դարձել աշխատանքը թէ՛ սեփական, թէ՛ արտասահմանեան հանրութեան հետ՝ իրական հայկական օրակարգի շուրջ անհրաժեշտ ջանքեր համախմբելու համար։
Իրանը Հայաստանի համար ունի ռազմավարական կարեւորութիւն, որովհետեւ հարեւան սահմանակից պետութիւն է, ունի համընկնող շահեր տարածաշրջանային ու կլոպալ աշխարհաքաղաքականութեան հարցերի մի զգալի մասում, ունի նոյնական սպառնալիքներ թուրք-ատրպէյճանական տանդեմից, ներկայումս ցուցաբերում է ընդգծուած նախաձեռնող դիրքորոշում Հայաստանի հետ համագործակցութեան հարցերում։ Միայն այսքանը թուարկելը բաւական է արձանագրելու համար, որ Իրան-Հայաստան յարաբերութիւնները ռազմավարական նշանակութիւն ունեն։ Հետեւաբար՝ վերոնշեալ դիտարկումները վերածւում են ռազմավարական առաջնահերթութիւնների։ Իսկ հաշուի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ տէ-ֆակտօ իշխանութիւնը չի զբաղուելու այդ առաջնահերթութիւններով (եթէ չասենք, որ խանգարելու է), ուրեմն ազգային քաղաքացիական հասարակութիւնը պարտաւոր է իր վրայ վերցնել այդ յանձնառութիւնը, յատկապէս, որ որոշ հարցերում առաջնային դերը պատկանում է հենց հասարակական գործիչներին (նոյնիսկ եթէ լինէր էլ պետական հետաքրքրուածութիւն)։
Այս նախնական դիտարկումներից յետոյ կ’անցնեմ շարադրելու հայ-իրանական հանրային դիւանագիտութեան վերաբերեալ իմ որոշ նախնական դիտարկումներ։ Սրանք կարելի է համարել Հայաստանի ու Իրանի հասարակութիւնների եւ ոչ պետական դերակատարների մակարդակում երկկողմ առաւել ինտենսիւ փոխգործակցութեան վերաբերեալ քննարկումների համար նախնական օրակարգ։ Այս դիտարկումներն արուած են՝ հիմնուելով «Հայկական նախագիծ» ՀԿ թիմի՝ վերջին ամիսներին իրանական կողմի հետ համագործակցութեան փորձի վրայ։ Դրանք կարելի է բաժանել երկու մասի՝ քաղաքական-տեսական եւ գործնական։
Քաղաքական-տեսական դիտարկումներ
· Իրան-Հայաստան համագործակցութիւնը եւ դրա հնարաւորութիւնները շատ աւելի լայն են, քան նոյնիսկ այսօր առկայ օրակարգային հարցերը։ Պատկերաւոր ասած՝ Սիւնիքի սահմանների պահպանութիւնն իրապէս կարեւոր է, սակայն իր կարեւորութեամբ չպէտք է ստուերի մնացած՝ ոչ պակաս կարեւոր ոլորտներն ու թեմաները, որոնք կան կամ կարող են լինել Հայաստան-Իրան առանցքում։ Աւելին՝ 2020 թ.-ից յետոյ Հայաստանի տարածքը լիարժէք կերպով վերածուել է աշխարհաքաղաքական ուժերի ու դաշինքների պայքարի իրական թատերաբեմի։ Այսօր այդ պայքարի կիզակէտում Սիւնիքն է, իսկ պայքարի գլխաւոր դրուագը՝ Սիւնիքով թուրանական միջանցքի գործարկման հարցը, որին դէմ է Իրանը։ Միեւնոյն ժամանակ, հաշուի առնելով ներգրաւուած կողմերի նպատակներն ու ռեսուրսները, պէտք է արձանագրել, որ Սիւնիքի տարածքով թուրանական միջանցքի բացման հարցն առանձին վերցուած դրուագ չէ, այլ աւելի մեծ համաշարի մաս է։ Այդ համաշարը կարելի է բնորոշել որպէս բախում բոլոր ճակատներում, ասել է թէ՝ տոտալ (ամբողջական) պատերազմ։ Տնտեսականից մինչեւ ժողովրդագրական քաղաքականութեան, տեղեկատուականից մինչեւ ռազմական ոլորտներ ընթանում է բախում՝ ազդեցութեան գօտիների ձեւաւորման ու ընդլայնման համար։ Ուստի՝ կարելի է անել հետեւեալ երկու եզրակացութիւնը։ Առաջին՝ Սիւնիքով թուրանական միջանցքը Հայաստանին ու Իրանին սպառնացող միակ հարցը չէ, եւ այլ ճակատներում համատեղ աշխատանքի բացակայութիւնը կարող է յանգեցնել ոչ միայն միջանցքի հարցում տապալման, այլ առհասարակ հայ-իրանական առանցքի զրոյացմանը։ Երկրորդ՝ այլ ճակատներում աշխատանքը կարող է նպաստել, որ միջանցքի սպառնալիքը նուազի կամ չեղարկուի։ Այսպէս՝ Սիւնիքում Իրանի հիւպատոսութեան բացումը կարելի է դիտարկել որպէս այդպիսի առաջին անհրաժեշտ քայլ։ Անհրաժեշտ քայլ, բայց ոչ բաւարար՝ հաշուի առնելով առկայ սպառնալիքների ծաւալը։ Օրինակ՝ Սիւնիքում հայ-իրանական տնտեսական առարկայական գործակցութիւնը կը մեծացնի միջանցքի դէմ պայքարի արդիւնաւէտութիւնը:
· Հայ-իրանական սահմանի եւ այդ սահմանի շարունակական պաշտպանութիւնը թէ՛ Հայաստանի, թէ՛ Իրանի անվտանգային համակարգի առաջնահերթութիւններից մէկը պէտք է լինի։ Այս անվտանգ սահմանը սպասարկում է ոչ միայն Երեւան-Սիւնիք-Արցախ առանցքի ապահովութիւնը, այլեւ Զանջան-Ղազուին-Թեհրան առանցքինը։ Ուստի՝ միայն երկուստէք ջանքերը կարող են լիարժէք գործարկել անվտանգային այդ համակարգը եւ վերջինս աստիճանաբար դարձնել է՛լ աւելի արդիւնաւէտ։ Սա կարեւոր գիտակցում է, որ պէտք է լինի առանցքային երկու երկրներում։
· 2018-2020 թթ. ի վեր՝ Հարաւային Կովկասում եւ մասնաւորապէս՝ Հայաստանում, ստեղծուած իրականութիւնը շատերի համար եղել է անակնկալ։ Այն մեծապէս անակնկալ էր նաեւ իրանական կողմի համար։ Հետեւաբար՝ իրավիճակի վերլուծութեան անհրաժեշտութիւն կայ ոչ միայն հայկական դաշտում, այլեւ Թեհրանում։ Այդ վերլուծութիւնն անհրաժեշտ է՝ արձանագրելու համար ոչ միայն հայկական պետականութեան բացթողումները, այլեւ տարածաշրջանի անվտանգային ճարտարապետութեան սպառնալիքների դէմ հայ-իրանական համատեղ ջանքերի անարդիւնաւէտութեան հարցը։ Այլ կերպ ասած՝ այն, ինչ տեղի է ունեցել եւ ինչ իրավիճակ որ ստեղծուել է Հայաստանում, արդիւնք է ոչ միայն հայկական պետականութեան դէմ եղած մարտահրաւէրների, այլ տարածաշրջանի եւ մասնաւորապէս՝ Հայաստան-Իրան եւ Հայաստան-Ռուսաստան առանցքների դէմ հետեւողական աշխատանքի։ Ուստի՝ հետագայում այդ սպառնալիքները չէզոքացնելու եւ բացառելու համար անհրաժեշտ են համատեղ ջանքեր նշուած առանցքներով։
Այս ելակէտային դրոյթները թոյլ կը տան առաւել արդիւնաւէտ կազմակերպել հանրային դիւանագիտութեան նախաձեռնութիւններն ու ծրագրերը։ Այդ մասով կարելի է անել նաեւ հետեւեալ գործնական դիտարկումները։
· Պոպուլիզմի գերակայութեան ու հանրային խօսոյթների (դիսկուրս) համար կատաղի պայքարի ժամանակաշրջանում եթէ որեւէ թեմա չունի հանրային հնչեղութիւն, ապա այն ոչ միայն յաճախ տեղ չի զբաղեցնում քաղաքական օրակարգում, այլեւ կարող է ընդհանրապէս գոյութիւն չունենալ տուեալ հանրութեան համար։ Հայաստան-Իրան յարաբերութիւնները եւ մասնաւորապէս՝ Իրանի գործօնը Հայաստանի համար գերկարեւոր է, սակայն նայելով հայաստանեան հանրային տրամադրութիւններին ու հանրային առկայ խօսոյթներին՝ կարելի է կազմել տպաւորութիւն, որ Իրանի հետ կապուած ամէն բան ունի երկրորդային նշանակութիւն։ Սա ոչ միայն քարոզչութեան, այլեւ նախորդ ժամանակահատուածներում պետական համակարգի թերացման արդիւնք է։ Որպէս արեւելագէտ՝ կարող եմ փաստել, որ Հայաստանում հանրութեան մեծամասնութիւնը Իրանի մասին գրեթէ ոչինչ չգիտի, իսկ իմացածն էլ լի է կաղապարներով ու կարծրատիպերով։ Ուստի՝ հանրային դիւանագիտութեան առաջնային քայլ կարելի է համարել Իրանի հետ հայ հասարակութեանը ծանօթացնելը։ Սա ամենօրեայ քրտնաջան աշխատանք է, առանց որի մնացեալ քայլերը դառնում են պակաս արդիւնաւէտ։
Միայն այսպէս է հնարաւոր Իրանի ռազմական, տնտեսական կամ քաղաքական հարցերի վերաբերեալ ձեւաւորել հետաքրքրութիւն, ապա՝ ցանկութիւն աշխատելու Իրանի հետ, իսկ դրա հիման վրայ էլ հիւսել այն կապը, որը թոյլ կը տայ ձեւաւորել քաղաքական օրակարգ։
· Ասուածն իրաւացի է նաեւ հակառակ տեսանկիւնից։ Իրանում Հայաստանի ու հայկական ազգային նպատակների վերաբերեալ կան բազմաթիւ հարցեր, որոնք կարօտ են պատասխանների։ Եթէ հայկական ազգային ուժերը այդ պատասխանները չտան ժամանակին, ապա դրանք լաւագոյն դէպքում կը մնան անպատասխան, իսկ որ աւելի հաւանական է, կը ստանան մեր թշնամիների հրամցրած պատասխանները։ Օրինակ՝ Արցախի վերաբերեալ հայութեան իրական նպատակներն ու ցանկութիւնները լիարժէք տարբերւում են նրանից, ինչ փորձում են ներկայացնել ՀՀ տէ-ֆակտօ իշխանութիւններն ու Արցախի յանձնման օրակարգին սատարող տարբեր օտարերկեայ ուժերը։ Ուստի՝ կարեւոր է, որ ազգային քաղաքացիական հասարակութիւնը մշտապէս տայ իրական պատասխաններ եւ ներկայացնի իրական օրակարգը։
· Հայ-իրանական յարաբերութիւններում կարեւոր գործօն են հանդիսանում Իրանում ապրող մեր հայրենակիցները, որոնք շատ յաճախ մենակ եւ առանց աւելորդ ինքնագովազդի անում են անհրաժեշտ աշխատանքը։ Այդ գործում հայկական ազգային դաշտի օժանդակութիւնը կարող է կրկնապատկել իրանահայերի ջանքերը եւ ունենալ առաւել մեծ դրական արդիւնք։
Անհրաժեշտ է հասկանալ, որ հանրային դիւանագիտութիւնը բոլոր ցաւերի դարման չէ, սակայն այս փուլում այն խիստ անհրաժեշտ է Հայաստան-Իրան կապերն ամրապնդելու եւ ապագայ զարգացման համար հիմքեր նախապատրաստելու համար։ Սա այն է, ինչ մենք՝ ազգային քաղաքացիական հասարակութեան ներկայացուցիչներս, կարող ենք անել, եւ դա կարող է մեծ օգտակարութիւն ունենալ ազգային խնդիրների լուծման առումով։ Աւելին՝ հայ-իրանական հանրային դիւանագիտութեան յաջող փորձը կիրառելի է նաեւ այլ պետութիւնների հետ յարաբերութիւններում։
Միաժամանակ պէտք է նշել, որ հանրային դիւանագիտութիւնը պակաս աշխատատար եւ բարդ գործընթաց չէ, քան մեզ ծանօթ պետական դիւանագիտութիւնը, եւ իրապէս ինչ-որ մէկը դրանով պէտք է զբաղուի։ Ո՞վ, եթէ ոչ մենք…
Պատմական գիտութիւնների թեկնածու, դոցենտ,
թրքագէտ Վարուժան Գեղամեան