«Հայաստան» դաշինքի յայտարարութիւնը
Սիրելի հայրենակիցներ,
Պարտութեան խորյրդանիշ իշխանութիւնը հերթական պայմանաւորուած զիջումն արեց․ Գորիս-Կապան ճանապարհն Ադրբեջանն այլևս ամբողջութեամբ վերցրել է իր վերահսկողութեան տակ: Կապիտուլեանտը յայտարարում էր՝ այդ ճանապարհով միշտ ազատ տեղաշարժուելու ենք: Հանրութեանը խաբում էր հերթական անգամ: Հիմա յայտարարում է այլընտրանքային ճանապարհի մասին:
Քանի դեռ այս վարչախումբը իշխանութեան է, նման խայտառակ զիջումները սպասելի են ամէն օր: Վարչապետի պաշտօնը զբաղեցնողն այլևս ոչինչ չի որոշում: Նրա փոխարէն որոշումներ կայացնում է Ադրբեջանը: Հայաստանի սուվերեն տարածքում հակառակորդը ոչ միայն ֆիզիկապէս է ներկայ, այլ նաև տեղադրում է մաքսային ու սահմանային հսկողութեան կէտեր: Այս իշխանութիւնն անկարող է, չի դիմադրելու Ադրբեջանին:
Բայց մենք չենք համակերպուելու:
Փաստօրէն, տարածաշրջանում խաղաղութեան դարաշրջան բացելու՝ վարչախմբի օրակարգը նշանակում է Հայաստանի ինքնիշխանութեան կորուստ: Կատարուածը ուղղակի սպառնալիք է՝ Սիւնիքի մարզի մեր հայրենակիցների անվտանգութեան, Հայաստանի պաշտպանունակութեան առումով: Սա նաև տնտեսական լուրջ և անկառավարելի ռիսկեր է բովանդակում:
Սիրելի հայրենակիցներ, ստեղծուած աղետալի վիճակի այլընտրանքը պատերազմը չէ, ինչպես փորձում են ներկայացնել: Այլընտրանքը արժանապատիւ խաղաղութիւնն է, ազգային-պետական շահը պաշտպանող նոր իշխանութեան ձևաւորումը: Մենք սկզբնաւորել ենք համազգային դիմադրութիւն իշխանութեան կործանարար քաղաքականութեան դէմ: Այսօրուայ խնդիրը դիմադրութեան հզօրացումն է, ամէնօրեայ աշխատանքն ու շարունակական ակցիաները: Մենք ճնշումների, ուժային կառոյցների բռնարարքների դէմ չենք ընկճուելու, գնալու ենք մինչև վերջ: Սիւնիքը չի զիջուելու, Արցախը չի հայաթափուելու, Հայաստանը չի թուրքացուելու։
Հայաստանը լինելու է ինքնիշխան պետութիւն, հայ մարդը դարձեալ ապրելու է արդար, ուժեղ երկրում։