«Հայաստանն էլ ա մեր հայրենիքը, բայց Արցախը մեր բնօրրանն ա». Արցախցի բժիշկ

Բժիշկ Քրիստինէ Աղաջանեանն ամէն գիշերը աչքերը փակելիս յայտնւում է հարազատ քաղաքում՝ Ստեփանակերտում։ Իր տանն է, իր բակում։ Երազի մէջ ուրախանում է, բակից ուզում է աւելի շատ հող վերցնել։ Այս կէտում աւարտում ենք զրոյցը։ Բժիշկը ձեռքով փակում է դէմքը, ներողութիւն խնդրում ու տեղից վեր կենում։

Ստեփանակերտից դուրս գալու օրը նա փակել է տան դուռը, բանալու մի օրինակը տուել հարեւանուհուն, որպէսզի իրեն անհրաժեշտ իրերը վերցնի։ Յետոյ բակից մի բուռ հող է վերցրել եւ Ստեփանակերտը սրտում ու մտքում բերել Երեւան։

Քրիստինէ Աղաջանեանը քիթ-կոկորդ-ականջաբան է։ 9 տարի Երեւանի Հերացու անուան պետական բժշկական համալսարանում սովորելուց յետոյ վերադարձել էր Արցախ՝ իր ծննդավայր։ 2009-ից աշխատում էր Ստեփանակերտի «Արեւիկ» մանկական հիւանդանոցում։

Սեպտեմբերի 19-ին արձակուրդում էր։ Այդ օրը փոքր որդու 5-ամեակն էր։ Նախապատրաստական դասարան էր յաճախում։ Երեխային ուրախացնելու համար մայոնէզով թխուածքաբլիթներ էր թխել, քանի որ շրջափակուած Արցախում գրեթէ հնարաւոր չէր ուրիշ բան գտնել։ Տուն հասնելուն պէս սկսուել էր ռմբակոծութիւնը։ Անմիջապէս նկուղ էին իջել ու այնտեղ մնացել մէկուկէս օր։

«Իրեն սկզբից խաբում էի, ասում էի՝ տեսնո՞ւմ ես, թէ ինչ սալիւտ ա քո ծննդեան պատուին։ Ասում էր՝ մամա, ի՞նչ ես ասում, էս պատերազմ ա։ Իրենք միանգամից հասկացել էին, որ պատերազմ է, որովհետեւ բոլորը միանգամիցի իջել են նկուղ, յետոյ երգում էինք՝ ծնունդդ շնորհաւոր, ու լացում», յիշում է Քրիստինէ Աղաջանեանը։

Պատմում է, որ ամսի 19-ին մինչեւ գիշերը ժամը 3-ը ռմբակոծում էին, ու իրենց թւում էր, թէ Ստեփանակերտ չի մնալու։ Շրջափակումը նաեւ յուսահատեցրել էր մարդկանց։ Ասում է՝ եթէ եւս մի ամիս էլ շարունակուէր, երեւի իսկական Լենինգրադ կը լինէր։ Սննդի, դեղորայքի, փայտի պակասն արդէն խիստ էր զգացւում։ Եւ դժուար էր պատկերացնել, թէ ձմեռն ինչ պէտք է անէին:

«Ու հէնց ասեցին՝ ճանապարհը բաց է, մարդիկ հասկացան, որ թուրքը ոչ մի բանի առաջ կանգ չի առնելու, ինքը կարայ հա՛մ երեխայ սպանի, հա՛մ կին, դրա համար որոշեցինք, որ պէտք է Հայաստան գնանք», նշում է արցախցի բժիշկը։

Մինչեւ Ստեփանակերտից դուրս գալը մի քանի օր վազվզոցի մէջ էին։ Քաղաքում արդէն լուրեր էին տարածուել, թէ ատրպէյճանցիները կարող են մտնել նկուղներ։ Ծանօթներից մէկի մեքենայով օդանաւակայան էին գնացել՝ իրենց հետ վերցնելով մի քանի ձեռք հագուստ։ Երեկոյեան տուն էին եկել, քանի որ ասել էին, թէ շուտով ճանապարհը բացուելու է։ Պատերազմի ու դրան յաջորդող օրերը դժոխային էին։ Արցախցի բժիշկն ասում է՝ այդ 5 օրը, կարծես, աշխարհի վերջը լինէր։ Օդանաւակայանում պայմաններն անտանելի էին։ Նորածիններին քնեցնում էին գետնին դրուած ծածկոցներին։ Շնչելու օդ չկար։

Սեպտեմբերի 25-ին աշխատավայր՝ հիւանդանոց էր գնացել՝ հասկանալու, թէ արդեօք օգնելու հարց կայ։ Ասել էին, որ շատ քիչ վիրաւոր երեխաներ կան։ Այդ օրը նա հրաժեշտ էր տուել գործընկերներին՝ ասելով, որ Հայաստան է գնալու։ Ճանապարհին ո՛չ հեռախօսի, ո՛չ ինտերնետի կապ չեն ունեցել։ Հացն էլ քիչ էր, բայց երկու որդիները չէին բողոքում։ Անգամ շրջափակման օրերին չէին դժգոհում։ Քրիստինէն ասում է՝ երեխաները չէին զգում, որ շրջափակման մէջ են, քանի որ ամէն կերպ ձգտում էին մի բան պատրաստել, ցոյց չտալ դժուարութիւնները։ Սեպտեմբերի 26-ի առաւօտեան, երբ արդէն Երեւան գալու ճանապարհին էին, իմացել են վառելիքի պահեստի պայթիւնի մասին։

«Մենք գիտէինք, որ ամէն ինչ կորցրել ենք։ Դա արդէն վերջն էր։ Սկզբից որ եկանք, էյֆորիա կար, որ ողջ ենք, որովհետեւ շատ մարդիկ զոհուել են, բայց հիմա հողի կորուստն օրէցօր աւելի է սրւում։ Զգում ես, որ ֆիզիքապէս արդէն գոյատեւում ես, դու քո անցեալն ես կորցրել, հողն ես կորցրել, որը քեզ ուժ է տալիս։ Մենք հիմա ապրում ենք միայն մեր երեխէքի համար։ Երեւի մինչեւ մեր կեանքի վերջ չենք կարայ վերականգնուենք։ Էդ ցաւը երբեք չի անցնի», ասում է արցախցի բժիշկը։

Քիչ անց աւելացնում է՝ հիմա Հայաստանում են, ամէն ինչ կայ, բայց աւելի ճնշուած են զգում։ «Հայաստանն էլ ա մեր հայրենիքը, բայց Արցախը մեր բնօրրանն ա։ Ոնց որ արմատներից կտրուած, առանց անցեալի ապրում ենք։ Ասում էի՝ աւելի լաւ ա ամբողջ կեանքս ապրէի բլոկադայի մէջ, բայց լինէի իմ տանը։ Հէնց աչքերս փակում եմ, իմ տանն եմ», ձայնը դողում է, յետոյ մի պահ լռում ենք։

Քրիստինէն ասում է, որ Սեպտեմբերի 19-ի պատերազմն ուրիշ էր։ Ճիշդ է, այն կարճ տեւեց, բայց Արցախն ամբողջութեամբ շրջափակուած էր. երկու ճանապարհ ունէին՝ կա՛մ մինչեւ վերջ մնալ եւ զոհուել, կա՛մ դուրս գալ։

Հայաստան գալուց յետոյ դեռ մտադրուած չէր աշխատանքի անցնել։ Աւելի շատ ուզում էր ժամանակ անցկացնել երեխաների հետ։ Ասում է՝ հասկանում ես, որ ամենաթանկը մարդու կեանքն է։ Սակայն ընկերները շատ էին զանգում, ասում, որ աշխատանքի անցնի, որ լաւ մասնագէտը տանը չի նստի, եւ ինքը ստիպուած տեղի տուեց նրանց յորդորներին։

Մէկ ամսից աւելի է, ինչ աշխատանքի է անցել «Մուրացան» համալսարանական հիւանդանոցում։ Արցախցի բժշիկն ասում է՝ այս հիւանդանոցն ընտրելու պատճառը գլխաւոր բժշկի գործօնն է, որն ամէն հարցով պատրաստակամ է օգնել, բացի դրանից՝ ինքը շատ է սիրում աշխատանքը երեխաների հետ։

Արցախցի գործընկերներով պահում են կապը միմեանց հետ։ Եւ երբ խօսում են, հասկանում են, որ բոլորի ապրումները նոյնն են, բոլորի ներսի դատարկութիւնը նոյնն է։

Բժիշկ Աղաջանեանն ասում է, թէ արդէն վախենում է մտածել հետագայի մասին։ Միայն ցանկանում է, որ պատերազմ չլինի, խաղաղութիւն լինի Հայաստանում։ Մի գուցէ Արցախն էլ նորից հայկական լինի։ Հիմա դա է նրա միակ երազանքը։

https://www.youtube.com/watch?v=neCYjc40oZg&t=1s

ՀԵՏՔ

Սարո Բաղդասարեան Մարինե Մարտիրոսեան Վահե Սարուխանեան

Comments are closed.