Հայաստանի Նոր Ուղենիշները
ՀՐԱՆԴ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ
Չնայած արցախեան երկրորդ պատերազմի աւարտից աւելի քան երեք ամիս է անցել, հայկական պետութիւնները շարունակում են ամէն օր նոր կորուստներ կրել: Այս իրողութիւնն այնքան էլ հասկանալի չէ ժողովրդի համար: Մարդիկ կարծում էին, որ նոյեմբերի 10-ի տխրահռչակ եռակողմ յայտարարութիւնը, որքան էլ այն անբարենպաստ լինէր հայկական կողմի համար, այնուամենայնիւ պէտք էր որոշակիօրէն կայունացնէր իրավիճակը Հայաստանի եւ Արցախի սահմաններում: Բայց ժամանակը ցոյց տուեց, որ Արցախի տարածքի բացարձակ մեծ մասը առանց որեւէ փամփուշտի զաւթելուց յետոյ թուրք-ազրպէյճանական դաշինքը հայեացքն ուղղեց դէպի Հայաստանի պետական սահման եւ սկսեց տարածքներ գրաւել նաեւ Սիւնիքի մարզում: Բացի այդ` շարունակեցին չլուծուած մնալ ռազմագերիների, անհետ կորածների, անտուն մնացածների եւ յետպատերազմեան բազում այլ հարցեր: Ու թէեւ այս ամէնը չափազանց կարեւոր նշանակութիւն ունի ցանկացած հասարակութեան համար, այնուամենայնիւ պէտք է փաստել, որ պատերազմի ամենակարեւոր հետեւանքները միանգամայն այլ հարթութեան մէջ են եւ առանձնայատուկ մօտեցում են պահանջում:
Խօսքն առաջին հերթին վերաբերում է մեր տարածաշրջանի աշխարհաքաղաքականութեան փոփոխութեանը: Այժմ արդէն ակնյայտ է, որ անվտանգութեան եւ հաւասարակշռութեան նախկին մեքանիզմները, որոնք գործում էին Հարաւային Կովկասում, այլեւս կենսունակ չեն: Պատերազմը փոխեց ամէն ինչ. Թուրքիան դարձաւ տարածաշրջանի ռազմաքաղաքական զարգացումների աշխուժ մասնակից, ռուսական զօրքերը յայտնուեցին Արցախում, հսկայական տարածքների կորստից բացի` հայկական կողմը կորցրեց նաեւ տարածաշրջանում անվտանգութեան գործօն լինելու չափազանց կարեւոր հնարաւորութիւնը, Իրանը բախուեց նոր մարտահրաւէրների եւ այլն, եւ այլն: Սրանք իրողութիւններ են, որոնք դեռ երկար ժամանակ լարուածութեան մէջ կը պահեն մեր տարածաշրջանը: Ուժերի տեղի ունեցող վերադասաւորումները, բնականաբար, հարթ չեն ընթանում եւ նորանոր հակամարտութիւնների, անգամ պատերազմների մեծ ռիսքեր են ստեղծում: Ընդ որում, այդ ռիսքերի նուազեցմանն ուղղուած որեւէ մեքանիզմ այս պահին դեռեւս չի գործում: Աւելի՛ն. Հարաւային Կովկասում աշխարհաքաղաքական շահ հետապնդող այլ երկրների, օրինակ` Միացեալ Նահանգների, Չինաստանի կամ Ֆրանսայի հետզհետէ աշխուժացումն աւելի անհասկանալի է դարձնում ապագայի տեսլականները: Ուստի անհրաժեշտ է, որ Հայաստանը օր առաջ անվտանգութեան եւ արտաքին քաղաքականութեան նոր ռազմավարութիւն մշակի եւ իր հետագայ բոլոր քայլերը տեղաւորի այդ նոր ծրագրի տրամաբանութեան սահմաններում: Նման ռազմավարութիւն մշակելիս հայկական կողմը որպէս ելակէտ պէտք է ունենայ այն գիտակցումը, որ առկայ իրավիճակը թէ՛ քաղաքական, թէ՛ տնտեսական եւ թէ՛ ռազմական առումներով մեզ համար կենսական լրջագոյն սպառնալիքներ է պարունակում: Վերջին գործօնը` ռազմականը` առաւել եւս, մանաւանդ, եթէ հաշուի առնենք այն փաստը, որ Արցախի բնակչութիւնը, ըստ էութեան, պատանդի կարգավիճակում է յայտնուել թուրք-ազրպէյճանական գործօնի ձեռքում: Այո՛, այնտեղ կան ռուսական խաղաղապահ զօրքեր, բայց հասկանալի է, որ Արցախի համար դա անվտանգութեան բաւարար երաշխիք չէ, եւ անհրաժեշտ են լրացուցիչ լուծումներ, որոնք պէտք է հիմնուած լինեն Պաշտպանութեան բանակի վերակազմաւորման ու Արցախի որոշ տարածքների բռնագրաւումից դուրս բերելու անհրաժեշտութեան վրայ: Երկուսն էլ օրհասական խնդիրներ են, որոնց լուծման ձգձգումը օր օրի աւելի է բարդացնում մեր դրութիւնը տարածաշրջանում:
Երկրորդ կարեւոր խնդիրը, որ ծառացած է մեր պետութեան առջեւ, գերիշխանութեան վերականգնումն է: Արցախեան երկրորդ պատերազմից առաջ ես առիթներ ունեցել եմ խօսելու այն մասին, որ Նիկոլի ապիկար իշխանութեան գործողութիւնների պատճառով Հայաստանը կորցրել է իր գերիշխանութիւնը: Մեր պետութեան ու ժողովրդի ճակատագրին վերաբերող հարցերը քննարկւում էին առանց հայկական կողմի մասնակցութեան: Դա առաւել ակներեւ դարձաւ այն պահից, երբ Թուրքիան ինքն իրեն ղարաբաղեան հակամարտութեան կողմ հռչակեց եւ սկսեց Արցախի հարցը քննարկել Ռուսաստանի, Միացեալ Նահանգների եւ եւրոպական երկրների հետ: Իսկ հայ-ազրպէյճանական սահմանին տեղի ունեցած յուլիսեան իրադարձութիւններից յետոյ Հայաստանն ընդհանրապէս դուրս մնաց տարածաշրջանային քաղաքական զարգացումներին մասնակցութիւնից: Այն ժամանակ մենք բոլորս դարձանք չափազանց վտանգաւոր մի իրողութեան ականատես, երբ Հարաւային Կովկասում շահ հետապնդող բոլոր երկրների ղեկավարները սկսեցին միմեանց հետ խօսել յուլիսեան լարուածութեան մասին: Բոլորը` իրար հետ, եւ ոչ ոք` Նիկոլի հետ: Հայաստանի վարչապետը որեւէ երկրի ղեկավարի հետ յուլիսեան լարուածութեան մասին խօսելու ոչ մի հնարաւորութիւն չի ունեցել…
Արցախեան երկրորդ պատերազմից յետոյ իրավիճակն այդ առումով էլ աւելի վատացաւ. հիմա արդէն Թուրքիան եւ Ազրպէյճանն են որոշում, թէ Հայաստանի սահմաններն ինչ տեսք պիտի ունենան, ճանապարհային եւ տնտեսական ինչպիսի ենթակառուցուածքներ պէտք է ունենայ մեր երկիրը եւ նմանատիպ այլ հարցեր` լաւագոյն դէպքում իրենց որոշումները համաձայնեցնելով Ռուսաստանի հետ: Հայաստանի կարծիքը ոեւէ մէկը, ցաւօք, հաշուի չի առնում: Եւ դա խնդիր է, որը պէտք է շատ արագ լուծուի:
Երրորդ` Հայաստանը պէտք է կրկին որոշակի գործառոյթներ ու պատասխանատուութիւն ստանձնի տարածաշրջանի ռազմաքաղաքական զարգացումներում: Մինչ 2020 թ. պատերազմը մեր պետութիւնն առնուազն երկու նման գործառոյթ էր իրականացնում. առաջին` ուժերի հաւասարակշռութիւն պահպանելով Ազրպէյճանի հետ` նա պատերազմների եւ ռազմական գործողութիւնների կանխման կարեւոր դեր ունէր ողջ տարածաշրջանի համար, եւ երկրորդ` զսպում էր Թուրքիայի ներխուժումը Հարաւային Կովկաս: Այժմ այս ամէնն այլեւս չկայ, իսկ Հայաստանն էլ կայունութիւն, կանխատեսելիութիւն եւ անվտանգութիւն ապահովող երկրից վերածուել է անվտանգութիւն սպառող պետութեան: Պարզ է, որ իր այդ կարգավիճակով հայկական պետութիւնն այլ երկրների հետ յարաբերութիւններում որեւէ այլ յաւակնութիւն, քան նրանց ձեռքում գործիք լինելն է, չի կարող ունենալ: Իսկ դա, մեղմ ասած, անընդունելի իրողութիւն է, որը, սպառնալիքներից բացի` որեւէ այլ հեռանկար հայ ժողովրդին չի կարող խոստանալ:
Հայկական պետութիւնների առջեւ ծառացած կարեւորագոյն խնդիրների թւում է նաեւ արտաքին քաղաքականութեան առաջնահերթութիւնների մշակումը: Հասկանալի է, որ յետպատերազմեան իրողութիւնները միանգամայն այլ լուծումներ եւ մօտեցումներ են պահանջում մեր դիւանագէտներից: Բայց, կարծում եմ, արտաքին քաղաքականութեան ոլորտում ամենակարեւորը լինելու է սկզբունքայնութիւնը: Աշխարհը պէտք է յստակ իմանայ, թէ ի՛նչ արժէքներ է դաւանում Հայաստանի Հանրապետութիւնը, ինչ շահերի համար է պատրաստ պայքարել, աշխարհաքաղաքական եւ նոյնիսկ քաղաքակրթական ինչ ընտրութիւն է կատարել հայկական պետութիւնը: Միայն այդ պարագայում Հայաստանը կարող է վստահելի գործընկերոջ եւ դաշնակցի համբաւ ձեռք բերել` ծառայեցնելով այդ ամէնը մեր երկրի անվտանգութեան եւ զարգացման խնդիրներին:
Եւ վերջապէս, վերջինն ու թերեւս ամենակարեւորը միասնականութեան ոգին է: Ցաւօք, այս առումով մեր ժողովուրդն այսօր խոր ճգնաժամի մէջ է: Պատերազմն աւելի խորացրեց այդ ճգնաժամը` բոլորիս թէ՛ որպէս հանրութիւն, թէ՛ որպէս ժողովուրդ եւ թէ՛ որպէս պետութիւն կանգնեցնելով ոչնչացման շեմին: Հայ մարդը պարտաւոր է վերագտնել ինքն իրեն, նոր նպատակներ դնել իր առջեւ եւ անշեղօրէն ընթանալ այն առաքելութեան ուղիով, որն ի բնէ դրուած է մեր ժողովրդի առջեւ: Սա ազգային անվտանգութեան կարեւորագոյն խնդիր է, որը պահանջում է համազգային համախմբում եւ պետական բոլոր կարողութիւնների ներդրում: Հակառակ պարագայում` անլուծելի կը մնան նաեւ մինչ այս պահը ներկայացուած բոլոր հարցերը:
Ի հարկէ, այս բոլոր խնդիրները պէտք է երկար քննարկել, հաշուարկել, ծանրութեթեւ անել: Եւ չնայած Հայաստանը ճգնաժամային դրութեան մէջ է, այնուամենայնիւ, մենք պէտք է յստակ գիտակցենք, որ արտաքին քաղաքականութեան եւ ազգային անվտանգութեան նոր ռազմավարութեան մշակման գործը չի կարելի ձգձգել: Փա՛ռք Աստծոյ, մեր անցեալը, իր ձեռքբերումներով ու կորուստներով հանդերձ, ինքնին արդէն շատ հարցերի պատասխաններ է յուշում: Նոյնը եւ` մեր հաւատքը, արժեհամակարգը եւ այլն: Մնում է հրաժարուել բոլոր այն մեքանիզմներից, որոնք տարիներ շարունակ ներդրուել են մեր ժողովրդի մէջ` մեզ իսկ աւելի կառավարելի դարձնելու նպատակով: Կեղծ արժէքներ, որոնք մատուցուել են որպէս ժամանակակից աշխարհի ձեռքբերումներ…
«Դրօշակ», թիւ 2 (1648), փետրուար, 2021 թ.