Հայաստանի ժուռնալիստների միութիւնը դատապարտում է factor.am կայքի գլխաւոր խմբագիր Արեւիկ Սահակեանի նկատմամբ կիրառուած բռնութիւնը
- (0)

Հայաստանի ժուռնալիստների միութիւնը հաղորդագրութիւն տարածած է ուր կը դատապարտէ factor.am կայքի գլխաւոր խմբագիր Արեւիկ Սահակեանի նկատմամբ կիրառուած բռնութիւնը, ինչպէս նաեւ կողմերուն կոչ կ՚ընէ յարգել լրագրողի մասնագիտական գործունէութիւնը` բացառելով բռնութեան ենթարկուելու հնարաւորութիւնը։
Հաղորդագրութիւնը ամբողջութեամբ կը ներկայացնենք ստորեւ.
Ապրիլի 17-ի լոյս 18-ի գիշերը Երեւանի Մաշտոց-Թումանեան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած իրադարձութիւնների ընթացքում անյայտ անձինք բռնութիւն են կիրառել factor.am կայքի գլխաւոր խմբագիր Արեւիկ Սահակեանի նկատմամբ։ Մի քանի երիտասարդներ քաշքշել են լրագրողին, պոկել են նրա լրագրողական վկայականը, ինչպէս նաեւ վնասել են աշխատող օպերատորի տեխնիկան։ Տարածքում գտնուել են բազմաթիւ ոստիկաններ, որոնք, Արեւիկ Սահակեանի վկայութեամբ, որեւէ կերպ չեն փորձել կանխել իր նկատմամբ բռնութիւնը։
Հայաստանի Ժուռնալիստների միութիւնը դատապարտում է լրագրողի նկատմամբ իրականացուած բռնութիւնը եւ իրաւապահներից պահանջում է պարզել եւ պատասխանատուութեան ենթարկել տեղի ունեցածի մեղաւորներին։ Ժուռնալիստների միութիւնը դատապարտում է նաեւ իրաւապահ մարմինների անգործութիւնը՝ Ոստիկանութիւնից պահանջելով ծառայողական հետաքննութիւն իրականացնել եւ պարզել լրագրողի մասնագիտական գործունէութեանը խոչընդոտելու ընթացքում ոստիկանների դրսեւորած ոչ համարժէք վարքագծի պատճառները եւ պատասխանատուութեան ենթարկել անգործութիւն ցուցաբերած ոստիկաններին։
Այս օրերին Հայաստանը գտնւում է տրամաթիկ իրադարձութիւնների յորձանուտում, որի առաջին գծում իրենց մասնագիտական գործունէութիւնը կատարող լրագրողներն են։ Կոչ ենք անում բոլոր կողմերին՝ յարգել լրագրողի մասնագիտական գործունէութիւնը՝ բացառելով որեւէ իրադրութիւնում լրագրողների նկատմամբ՝ ինչպէս ակցիաների մասնակիցների, այնպէս էլ՝ իրաւապահ մարմինների կողմից լրագրողներին բռնութեան ենթարկելու հնարաւորութիւնը»։