Հայաստանի Ժուռնալիստների միութիւն. «Խստօրէն դատապարտում ենք ոստիկանների կողմից քաղաքացիների նկատմամբ կիրառուած անհամաչափ գործողութիւնները, այդ թւում մամուլի ներկայացուցիչների թիրախաւորումը»
Յունիսի 12-ի դէպքերի կապակցութեամբ, Հայաստանի Ժուռնալիստների միութիւնը յայտարարութիւն է տարածել, որում ասւում է.
«Յունիսի 12-ին Բաղրամեան-Դեմիրճեան փողոցների խաչմերուկում, «Տաւուշը յանուն Հայրենիքի» շարժման կազմակերպած բողոքի զանգուածային ակցիայի ընթացքում ոստիկանութեան կողմից օրէնքի կոպտագոյն խախտմամբ, այդ թւում՝ առանց նախապէս պատշաճ զգուշացնելու, յատուկ միջոցների, լուսաձայնային նռնակների կիրառման արդիւնքում տասնեակ խաղաղ ցուցարարների թւում լուրջ վիրաւորումներ են ստացել նաեւ զանգուածային լրատուութեան միջոցների (ԶԼՄ) մօտ մէկ տասնեակ աշխատակիցներ՝ լրագրողներ եւ օպերատորներ։
Տեղի ունեցածը պատկերող բազմաթիւ տեսանիւթերում ու լուսանկարներում յստակօրէն երեւում է, որ լուսաձայնային նռնակներն ուղղորդուած նետւում են, այդ թւում՝ այն ուղղութիւններով, որտեղ կեդրոնացած են մեծ թուով օպերատորներ եւ լրագրողներ, ինչը ողջամիտ կասկած է յարուցում, որ ոստիկանութիւնը, ըստ ամենայնի, քաղաքական իշխանութեան հրահանգով թիրախաւորել է լրատուամիջոցների ներկայացուցիչներին՝ կոպտօրէն խախտելով զանգուածային միջոցառումների ընթացքում իրենց մասնագիտական աշխատանքը կատարող մամուլի ներկայացուցիչների անխափան գործունէութիւնն ապահովելու եւ յատուկ միջոցների կիրառման ժամանակ տարբերակուած մօտեցում ցուցաբերելու՝ իրաւապահ մարմինների՝ ներպետական օրէնսդրութեամբ եւ միջազգային բազմաթիւ կոնվենցիաներով ամրագրուած նորմերը։
News.am լրատուական կայքի օպերատոր Վազգէն Եթումեանը, խմբագիր Անահիտ Սարգսեանի խօսքով, վիրաւորուել է ոստիկանութեան կիրառած լուսաձայնային նռնակից: Նա այս պահին ոտքի կտրուածքով գտնւում է Համալսարանական թիւ 1 հիւանդանոցում եւ վիրահատութեան կ’ենթարկուի:
Տուժել է նաեւ «ՍիւիլՆեթ»-ի օպերատորը, նա եւս ոտքն է վնասել։ Ըստ լրատուամիջոցի յայտարարութեան՝ շարքից դուրս է եկել իրենց ուղիղ հեռարձակման տեխնիկան։
Ազգային ժողովի մօտ ոստիկանների գործադրած բիրտ ուժի հետեւանքով վնասուածք է ստացել Genesis Armenia ուղեղային կեդրոնի հիմնադիր, յայտնի լրագրող, հեռուստամեկնաբան Աբրահամ Գասպարեանը։ Նրա ընտանիքի անդամները տեղեկացրել են, որ նա բերման է ենթարկուել ոստիկանութեան Քանաքեռ-Զէյթունի բաժին, այնուհետեւ տեղափոխուել է բուժհաստատութիւն։
Armlur.am-ի օպերատոր Յովսէփ Յովսէփեանն այս պահին հիւանրանոցում է:
Ուշագրաւ էր նաեւ այն, որ ԱԺ մօտ հրմշտոցի ժամանակ՝ լարուած իրավիճակում, սկսել են կորչել լրագրողների ու օպերատորների տեխնիկան, ինտերնետին միանալու սարքերը, վնասուել միկրոֆոններ, տեսախցիկներ:
Հայաստանի Ժուռնալիստների միութիւնը խստօրէն դատապարտում է Յունիսի 12-ին իրաւապահ մարմինների կողմից քաղաքացիների նկատմամբ կիրառուած անհամաչափ գործողութիւնները, այդ թւում՝ մամուլի ներկայացուցիչների թիրախաւորումը, եւ իշխանութիւններից պահանջում է անյապաղ բացայայտել եւ քրէաիրաւական գնահատականի արժանացնել ԶԼՄ աշխատակիցների նկատմամբ նման վերաբերմունքի համար պատասխանատու ոստիկանութեան պաշտօնեաներին։ Հակառակ դէպքում տեղի ունեցածի ողջ պատասխանատուութիւնը կրելու է քաղաքական իշխանութիւնը՝ ապացուցելով, որ լրագրողներին թիրախաւորելու գործողութիւնը կատարուել է բարձրագոյն իշխանութեան հրահանգով։
Միեւնոյն ժամանակ հրաւիրում ենք տեղական ու միջազգային իրաւապաշտպան կազմակերպութիւնների, խօսքի ու մամուլի ազատութեան հարցերով զբաղուող բազմաթիւ կառոյցների ուշադրութիւնը՝ կոչ անելով համարժէք գնահատականի արժանացնել տեղի ունեցածը՝ առաջնորդուելով ոչ թէ քաղաքական նպատակայարմարութեամբ, այլ լրագրողների իրաւունքների պաշտպանութեան ազնիւ մղումներով»:
Comments are closed.