Հայաստանէն արտահանման ծաւալները 2025-ի 11 ամիսներուն նուազած են մօտ 40 տոկոսով

Հայաստանէն արտահանման ծաւալները 2025 թուականի յունուար–նոյեմբեր ամիսներուն ընթացքին նուազած են 40.6 տոկոսով՝ կազմելով 7 միլիարդ 349 միլիոն 13.6 հազար ամերիկեան տոլար։ Այս տուեալները հրապարակած է Հայաստանի Հանրապետութեան Վիճակագրական կոմիտէն։

Ընդհանուր առմամբ, արտաքին առեւտրաշրջանառութիւնը կազմած է 18 միլիարդ 908 միլիոն 366.3 հազար տոլար՝ 2024 թուականի նոյն ժամանակաշրջանին համեմատ նուազելով 33.2 տոկոսով։ Ներմուծումն ալ անկում արձանագրած է՝ 27.4 տոկոսով, հասնելով 11 միլիարդ 559 միլիոն 352.7 հազար տոլարի, կը հաղորդէ «Արմէնփրես»-ը։

Չնայած ընդհանուր նուազումին, Հայաստանի արտահանման հիմնական գործընկեր երկիրները կը մնան Ռուսիան, Արաբական Միացեալ Էմիրութիւններն ու Չինաստանը։ Ռուսիա արտահանումը կազմած է 2 միլիարդ 725 միլիոն 215.9 հազար տոլար՝ նախորդ տարուան համեմատ նուազելով 9 տոկոսով։ Երկրորդ դիրքին կը գտնուի ԱՄԷ-ն՝ 1 միլիարդ 698 միլիոն 159 հազար տոլար արտահանմամբ, որ 2024 թուականի նոյն ժամանակահատուածին համեմատ նուազած է 66.2 տոկոսով։ Չինաստան արտահանումը կազմած է 648 միլիոն 541.7 հազար տոլար՝ նուազելով 38.1 տոկոսով։

ԵԱՏՄ անդամ երկիրներ արտահանումն ալ նուազած է՝ 7.2 տոկոսով, կազմելով 2 միլիարդ 948 միլիոն 125.5 հազար տոլար։

Հակառակ ընդհանուր պատկերին, Եւրոպական Միութեան երկիրներ արտահանումը աճ արձանագրած է 7.6 տոկոսով՝ կազմելով 593 միլիոն 641.6 հազար տոլար։ Մասնաւորապէս, Հոլանտա արտահանումը կազմած է 127 միլիոն 536.6 հազար տոլար՝ արձանագրելով 11.4 տոկոսի աճ։ Գերմանիա արտահանման ծաւալը հասած է 101 միլիոն 620.8 հազար տոլարի՝ աճելով 74.3 տոկոսով։ Պելճիքա արտահանումը կազմած է 127 միլիոն 121.2 հազար տոլար՝ աճելով 15.9 տոկոսով։

Միեւնոյն ժամանակ, Ֆրանսա արտահանման ցուցանիշը նուազած է 29.5 տոկոսով՝ հասնելով 5 միլիոն 895.2 հազար տոլարի, իսկ Իտալիա արտահանումը՝ 1.3 տոկոսով, կազմելով 60 միլիոն 428.5 հազար տոլար։