Կեղծ Խաղաղութեան օրակարգը մեզ տանելու է պատերազմի. ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեան

Փետրուարի 8-ին «Երկրի հիւրասրահը» հաղորդաշարի հիւրն էր ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը: Զրոյցի ընթացքում անդրադարձ է կատարուել վերջին շրջանի հայաստանեան իրադարձութիւններին, մասնաւորապէս ՀՀ իշխանութիւնների վարած քաղաքականութեան առանձին դրսեւորումներին` կապուած հայ-ատրպէյճանական տարօրինակ բանակցութիւնների, հայկական կողմի պարտուողական դիրքորոշումների, ամէն ինչ զիջելու պատրաստակամութեան, կեղծ օրակարգերով հանրութեան ուշադրութիւնը բուն գործընթացներից ու անվտանգութեան խնդիրներից շեղելու արդէն աւանդական դարձած գործելաոճի հետ:

Անդրադառնալով Հայաստանի եւ Ատրպէյճանի միջեւ խաղաղութեան պայմանագրի հնարաւոր ստորագրման հարցին` Յակոբ Տէր-Խաչատուրեանը նշել է, որ այդ փաստաթուղթը, դատելով Հայաստանի եւ Ատրպէյճանի իշխանութիւնների, ինչպէս նաեւ միջազգային հանրութեան անդրադարձերից, մտահոգիչ է, որովհետեւ այն նախապատրաստւում է կեղծ օրակարգերով առաջ ընթացող բանակցութիւնների միջոցով:

«Աշխարհի փորձը ցոյց է տալիս, որ որեւէ պարտուած պետութիւն, երբ բանակցում է ճնշումների եւ սպառնալիքների ներքոյ, չի կարող առաջնորդուել խաղաղութեամբ: Եւ մենք, լաւ ճանաչելով մեր թշնամիներին` Ատրպէյճանին եւ Թուրքիային, գիտենք, որ երբ նրանք կարողանում են կորզել մի այսպէս կոչուած պատառ, սկսում են մտածել յաջորդ պատառի մասին: Սրա վկայութիւնն են Արցախի դատարկումից յետոյ Հայաստանի Հանրապետութեան սուվերէն տարածքների նկատմամբ Ատրպէյճանի նոր նկրտումները», նշել է Յակոբ Տէր-Խաչատուրեանը:

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչը կեղծ օրակարգ է որակել նաեւ ՀՀ իշխանութիւնների` նոր սահմանադրութեան անհրաժեշտութեան մասին յայտարարութիւնները` յոյս յայտնելով, որ այդ հարցով սահմանադրական հանրաքուէ այնուամենայնիւ տեղի չի ունենայ: Առաջին հերթին կ’ընդվզի հենց ժողովուրդը, որովհետեւ նա այլեւս տեսնում ու հասկանում է, թէ ուր են տանում իրեն առաջարկուող փոփոխութիւնները` իրեն օտարելով սեփական պատմութիւնից եւ ինքնութիւնից:

Հաղորդման ընթացքում ընդարձակ անդրադարձ է կատարուել նաեւ Արցախի ու արցախահայութեան խախտուած իրաւունքների վերականգնման, Հայոց բանակի հզօրացման, ինչպէս նաեւ ռազմագերիների եւ ատրպէյճանական բանտերում պահուող Արցախի ղեկավարների հետագայ ճակատագրին առնչուող հարցերի: Խօսելով ռազմագերիների վերադարձի խնդրից` Յակոբ Տէր-Խաչատրուրեանը նշել է, որ Հայաստանի իշխանութիւնները որոշակի քայլեր այդ ուղղութեամբ իրականացնում են, բայց դրանք բաւարար չեն առայժմ, որ Ատրպէյճանը կատարի իր պարտաւորութիւնները, որոնք ստանձնել է միջազգային պայմանագրերով ու փաստաթղթերով: Նրա կարծիքով` Ատրպէյճանում տեղի ունեցած նախագահական ընտրութիւններից յետոյ այդ հարցի հետ կապուած ակտիւութիւն կը նկատուի:

Մանրամասները՝ տեսանիւթում.

 

Comments are closed.