Կարէնը պատերազմի օրերին բազմաթիւ կեանքեր է փրկել, Նոյեմբերի 9-ին հերոսաբար զոհուել է Շուշիում
Կոտայքի մարզի Ողջաբերդ գիւղում ծնուած, 44-օրեայ պատերազմում հերոսաբար կռուած ու անմահացած հերոս Կարէնին համագիւղացիները ցաւով ու հպարտութեամբ են յիշում։ Նրան ճանաչողներն ասում են՝ իւրայատուկ էր, խիզախ, հայրենասէր, մեծի հետ՝ մեծ, փոքրի հետ՝ փոքր։
Կարէնի ծնողներն ասում են՝ ընդամէնը 2,5 ամսուայ ծառայող նորակոչիկ Կարէնը կռուել է ամենաթէժ կէտերում՝ Հադրութում, Կարմիր շուկայում, Խնձորեստանում, ապա՝ Շուշիում։ Կարէնը զոհուել է Շուշիում նոյեմբերի 9-ին՝ եռակողմ յայտարարութեան ստորագրումից մի քանի ժամ առաջ։
Կարէնի մայրը՝ Ալինա Շողոյեանն, ասում է՝ պատերազմի օրերին որդու հետ երբեմն կարճատև հեռախօսազրոյցներ է ունեցել․ Կարէնը խնայել է ծնողներին, ասել է՝ մարտերին ինքը չի մասնակցում, բունկերում է, մինչդեռ հետագայում ծնողներն իմացել են՝ իրենց զաւակը պատերազմի առաջին իսկ րոպէներից նա կռուի բովում է եղել։
«Կարէնը վերջին անգամ զանգել է 2020 թվականի նոյեմբերի 7-ին։ Ասաց․ «մամ ջան, ես լաւ եմ, իմ մասին մի՛ մտածէք։ Հեռախօսը փոխանցի՛ր հայրիկին, որ նրա հետ էլ խօսեմ, քանի որ կարող է՝ էլ չկարողանամ զանգել»։ Կարէնը նոյեմբերի 9-ին հրազէնային վիրաւորումից զոհուեց Շուշիում», — «Հորիզոն»-ի թղթակցին ատմում է Կարէնի մայրը։
Կարէնի մորաքոյրը՝ Ծովինար Գրիգորեանը, որի հետ Կարէնը շատ կապուած էր, ասում է՝ ոչ մի անգամ չի լսել, որ Կարէնը բանակից, բանակային կեանքից դժհոգի․ Կարէնը քաջ էր, դժուարին պայմաններին յարմարուող ու անսահման հայրենասէր։ Նա նաև անձնուրաց էր, ընկերասէր։
Պատերազմի օրերին բազմաթիւ տղաների կեանքեր է փրկել, տեղափոխել վիրաւորներին։ Կարէնի մարտական ընկերները նրա հարազատներին պատմել են, թէ ինչ հերոսական ուղի է անցել իրենց զաւակը, որը, նորակոչիկ լինելով, առաջնագծում քաջաբար կռւում էր յանուն հայրենիքի։
«Պատերազմի օրերին էլ ոչնչից չէր դժգոհում։ Պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 10-ից, իմացանք, որ հենց առաջին օրուանից էլ Կարէնը մասնակցել է պատերազմին։ Շատ հպարտ էր, որ բանակ է գնացել, հայկական բանակի զինուոր է ու մասնակցում է պատերազմին։ Կարէնն ասում էր՝ ամէն ինչը մի կողմ․ մայրիկիս նման սիրում եմ իմ հայրենիքը։ Կարէնն, իսկապէս, պաշտում էր իր հայրենիքը, գիւղը, դպրոցը․․․», — պատմում է Կարէնի մորաքոյրը։
Կարէնի հարազատները պատմում են՝ նա կենսախինդ էր, կեանքով լի։ Կարէնը երաժշտական կրթութիւն էր ստացել, սիրում էր ստեղնաշարային գործիքներ ու դհոլ նուագել։ Նա նաև խոհարար էր։ Սովորել էր, հասցրել աշխատել, օգնութեան ձեռք մեկնել ընտանիքին․․․ Շատ նպատակներ ունէր, պիտի բանակից վերադառնար ու այդ նպատակներն իրագործէր, բայց․․․
Կարէնի մորաքոյրը վստահ է՝ հայ զինուորները յաղթել են։ «Թո՛ղ մտածեն այն մարդիկ, որոնք խաբում, ասում էին՝ յաղթելու ենք․․․ Այդ մարդիկ շատ բան ունեն մտածելու։ Իսկ մեր զինուորները յաղթել են։ Եռաբլուրում ննջող բոլոր զինուորները յաղթել են, նրանք չեն պարտուել», — նշում է հերոսի մորաքոյրը։
Նա ասում է՝ հերոսի զոհուելուց յետոյ հարազատները մօտ մէկ շաբաթ լուր չեն ունեցել նրանից։ Յետոյ այնտեղ «Շտապ օգնութեան» մեքենայի վարորդը Կարէնի գրպանից վերցրել է հեռախօսը, զանգել Կարէնի ծնողերին ու տեղեկացրել Կարէնի զոհուելու մասին։ Կարէնի մայրն ասում է, երբ տեսել է որդու մարմինը, զգացել է, թէ իր զաւակը ռազմադաշտում ինչ դժուար, տառապալից օրեր է ունեցել։
«Կարէնը մինչև բանակ գնալը սպիտակ մազ չունէր։ Բայց երբ պատերազմից յետոյ նրա մազերը սպիտակել էին․ Կարէնը մեծացել էր, փոխուել․․․», — ցաւով պատմում է հերոսի մայրը, որը չի կարողանում և չի կամենում Կարէնի մասին անցեալով խօսել։
Հերոսածին մայրն ասում է՝ առանց Կարէնի՝ կեանքն ու տունը, աշխարհը դատարկ են․․․ Կարէնի հարազատներն ասում են՝ այս իշխանութիւնը մեղաւոր է կատարուածի համար, երկրի ղեկավարը մեղաuոր է։ «Եթh պիտի այդ թուղթը ստորագրէր, ինչո՞ւ ժամանակին չստորագրեց։ Նա խիղճ չունի։ Երեք սերնդի գլուխ կերաւ։ Էդ մարդը ո՞նց է գլուխը դնում բարձին ու քնում։ Նա Աստուած չունի», — ասում է հերոս Կարէնի տատիկը՝ տիկին Սվետան ․․․
Մանրամասները՝ տեսանիւթում
Յասմիկ Բալեյեան