Կանգնեցրէ՛ք մարդկային աղէտը Արցախում. ես հաւատում եմ, որ դուք դա կարող էք անել. Սերժ Սարգսեան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսեանը բաց նամակով դիմել է ԱՄՆ նախագահ պարոն Ճօ Պայտընին, ՌԴ նախագահ պարոն Վլատիմիր Փութինին, Ֆրանսիայի նախագահ պարոն Էմանուէլ Մաքրոնին:
«Բաց նամակ
ԱՄՆ նախագահ պարոն Ճօ Պայտընին,
ՌԴ նախագահ պարոն Վլատիմիր Փութինին,
Ֆրանսիայի նախագահ պարոն Էմանուէլ Մաքրոնին
Մեծարգո՛յ պարոնայք նախագահներ,
Օրեր առաջ Արցախի Մարտակերտի շրջանի գիւղերից մէկում երեքամեայ Լէոն եւ վեցամեայ Գիտան խեղդամահ եղան՝ իրենց համար ուտելիք փնտռելու նպատակով ոտքով քաղաք գնացած մօրը գտնելու ճանապարհին:
Եօթ ամսից աւելի տեւող Արցախի շրջափակումը սկսել է կեանքեր խլել՝ մեծերի ու մանուկների, հասարակ մարդկանց, որոնց միակ մեղքն այն է, որ ծնուել ու ապրում են իրենց ու իրենց պապերի հողի վրայ եւ սիրում են կեանքը:
Մենք շնորհակալ ենք բոլոր ազդեցիկ երկրներին ու միջազգային կառոյցներին այս իրականութեան վերաբերեալ յստակ յայտարարութիւններով հանդէս գալու համար: Դրանք մեծ նշանակութիւն ունեն յանուն ապրելու պայքարող արցախցիների համար: Սակայն, ցաւօք, դրանք չփրկեցին փոքրիկ Լէոյի ու Գիտայի կեանքերը եւ, որ ամենասարսափելին է, ոչ թէ վերացական ապագայում, այլ հենց վաղն առաւօտեան կարող են չփրկել բազմաթիւ այլ երեխաների ու մեծերի կեանքեր:
Այսօր 120 հազար արցախցիների ֆիզիքական գոյութիւնը բառի բուն իմաստով վտանգի տակ է: Մենք ձեզնից իւրաքանչիւրի հետ բազմաթիւ առիթներով խօսել ենք 1915 թուականին տեղի ունեցածի՝ Հայոց ցեղասպանութեան եւ դրա հետեւանքների մասին: Այսօր՝ 108 տարի անց, մենք շատ մօտ ենք այդ ահասարսուռ իրադարձութիւնների կրկնութեանը ժամանակակից մեթոտներով:
Պարոնա՛յք նախագահներ,
Դիմում եմ ձեզ՝ նախեւառաջ որպէս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների, որպէս առաջնորդների, ովքեր անձամբ գիտեն, թէ ինչ հանգրուանում էր Արցախեան խնդրի լուծման բանակցային գործընթացը մինչեւ 2018 թուականը, երբ մեր հասարակութիւնը յուզական ընտրութիւն կատարեց եւ իշխանութիւնը յանձնեց պետութեան ընկալման հետ որեւէ աղերս չունեցող գործչի: Ես հասկանում եմ, որ շատ-շատերը հնարաւորութիւն ստացան փորձելու լուծել Արցախի խնդիրը՝ օգտուելով այդ մարդու՝ սեփական երկրի շահերի հետ կապ չունեցող անտրամաբանական քայլերից:
Բայց փաստ է, որ ե՛ւ հարցը չի լուծուել, ե՛ւ խնդիրներն են շատ աւելի խորանում, իսկ այդ մարդն էլ այսօր յստակօրէն չունի մեր ժողովրդի քուէն՝ Արցախը ճանաչելու որեւէ այլ երկրի կազմում եւ արցախցիների կողմից էլ բացարձակապէս չունի քուէ՝ ինքնակամ որոշելու իրենց ճակատագիրը:
Դիմում եմ ձեզ, որպէս Արցախի հարցում անառարկելի ինստիտուցիոնալ յիշողութիւն կրող երկրների ղեկավարների: Այսօր, ի տարբերութիւն Հայաստանի իշխանութեան, ձեր համակարգերում կան Արցախի բանակցային գործընթացի լուրջ մասնագէտներ եւ գիտակներ, ովքեր տիրապետում են բոլոր նրբութիւններին, քաջատեղեակ են բոլոր փուլերին:
Ես ձեզ դիմում եմ՝ որպէս նախկին գործընկեր, մարդ, որի նպատակներին, սկզբունքներին դուք քաջածանօթ էք: Դիմում եմ այս ձեւաչափով, որովհետեւ հիմա ես չունեմ ուղիղ կապի միջոցներ ձեզ հետ, այցերի ու առանձնազրոյցների ձեւաչափեր, չկան եւ շատ թույլ են գործում նաեւ կուսակցական խողովակները, քանի որ ընդդիմադիր կուսակցական պատասխանատուները մեր երկրում կա՛մ գտնւում են ուժեղ բռնաճնշումների տակ, կա՛մ ուղղակի բանտարկուած են:
Դիմում եմ, որ ասեմ՝ այն, ինչ հիմա կատարւում է Արցախում, տանում է սարսափելի աղէտի:
Դիմում եմ, որ խնդրեմ ապրելու հնարաւորութիւն տալ արցախցիներին: Ինձ համար մեծագոյն ողբերգութիւն է, որ տարիներ առաջ մենք քննարկում էինք լուծումներ, որոնցով արցախցիները արժանապատուօրէն կ’ապրէին իրենց երկրում, հիմա խօսում ենք նրանց՝ գոնէ ապրելու հնարաւորութեան, ապրելու իրաւունքի մասին:
Մենք շատ լաւ տեսնում ենք բոլորիդ՝ շնորհակալութեան արժանի ջանքերը խնդրի կարգաւորման ուղղութեամբ: Բայց այն, ինչ տեղի է ունենում այսօր, չի տանելու այնպիսի լուծումների, ինչպիսիք դուք էք անկեղծօրէն պատկերացնում: Փորձառու դիկտատորի եւ անլուրջ, անկարող մէկի ուղիղ բանակցութիւնները չեն կարող որեւէ տրամաբանական կէտում աւարտուել:
Թելադրող կողմի ամէն բաւարարուած պահանջ ծնելու է նորը՝ էլ աւելի դժուար բաւարարելի, ու այս ամէնը շարունակուելու է անվերջ եւ ուղեկցուելու է մեծ աղէտներով: Լռել կամ շատ աւելի ժամանակ չյատկացնել Արցախի հարցին այսօր նշանակում է, որ շատ շուտով ձեր երկրները ստիպուած սկսելու են ժամանակ յատկացնել արդէն «Հայաստանի հարցին»:
Սա շատ տեսանելի սցենար է ապաշնորհ բանակցողի պարագայում, առաւել եւս, որ բոլորի աչքի առաջ արդէն իսկ օկուպացուած է ՀՀ ինքնիշխան տարածքի մի զգալի հատուած:
Խնդրում եմ ձեզ, ամէն ինչից առաջ կանգնեցրէ՛ք մարդկային աղէտը Արցախում. ես հաւատում եմ, որ դուք դա կարող էք անել: Ստիպէ՛ք դիկտատորին բացել կեանքի ճանապարհը. հայասպանութիւնը կենսակերպ դարձրած ֆաշիստը չի՛ կարող մշտապէս արհամարհել լրջագոյն միջազգային կառոյցների եւ երկրների յստակ ուղերձները: Կանգնեցրէ՛ք արհաւիրքը, ապահովէ՛ք արցախցիների տարրական մարդկային կեցութեան պայմանները, երաշխաւորէ՛ք դրանք, այնուհետեւ անցէք դիւանագիտական լուծումներ գտնելու ջանքերին, խնդրում եմ ձեզ:
Վաղը կարող է ուշ լինել:
Յարգանքով՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսեան»:
Comments are closed.