Կա՛մ տէր ենք կանգնում Արցախին, կա՛մ հրաժարւում ենք սերունդների պայքարից
«Քաղաքացիական Պայմանգրի առաջարկները լաւագոյնս բացայայտում են գործող իշխանութիւնների հետապնդած իրական նպատակներն ու որդեգրած մօտեցումները` համազգային նշանակութիւն ունեցող հարցերի վերաբերեալ». Ազգային Ժողովի իր ելոյթի ընթացքին ըսաւ ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Ռուստամեանը: Ելոյթը ամբողջութեամբ ստորեւ.
Քաղաքացիական Պայմանգրի նպատակները հետեւդալն են.
– Չկայ, չի եղել, ԼՂՀ կամ Արցախի Հանրապետութիւն:
– Կայ հայութիւն, որ ապրում է Լեռնային Ղարաբաղում, բայց ոչ որպէս պետական կազմակերպական ձեւ ունեցող միաւոր, այլ որպէս աշխարհագրական տարածք:
– Ադրբեջանը չի բռնագրաւել Արցախի որեւէ տարածք:
– Շուշիի հռչակագիրը դատապարտելի եւ անընդունելի չէ:
– Թուրքիայի մասին նպատակայարմար չէ յիշատակել Ադրբեջանական հակահայկական գործողութիւնների համատեքստում: Փաստացի անտեսւում են թուրք-ադրբեջանական տանդեմի գոյութիւնը:
– Կարելի է կատարել նաեւ դրական արձանագրում, որ անընդունելի է ՀՀ տարածքով արտատարածքային միջանցքի տրամադրումը:
– Մերժւում է Արցախի հիմնախնդրում ազգերի ինքնորոշման իրաւունքի կիրառման հնարաւորութիւնը:
– Փաստացի հրաժարւում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի իրացումը սատարելու Սահմանադրօրէն ամրագրուած պարտաւորութիւնից:
– Հրաժարւում է նպաստել Արցախի անկախութեան միջազգային ճանաչմանը:
– Դրա փոխարէն ԼՂ հայութեան իրաւունքների ու անվտանգութեան ապահովման կարեւորագոյն գործն է համարում միջազգային մեխանիզմով Ստեփանակերտ-Պաքու ուղիղ երկխօսութիւնը, միաժամանակ չբացառելով Արցախը Արդբեջանի կազմում, եւ կարեւորելով ոչ թէ ժողովրդին պատկանող տարածքը` այլ նրա իրաւունքները:
– Վերջապէս 1991 թուականին Ալմա-Աթայի հռչակագրի յիշատակումը` առանց մատնանշելու ՀՀԳԽ-ի կատարած վերապահումը, թոյլ է տալիս այն մեկնաբանել որպէս Արցախն Ադրբեջանի կազմի մէջ ամրագրող փաստաթուղթ:
Այսպիսով, ըստ օրուայ իշխանութիւնների իրավիճակը թելադրում է հրաժարուել Ադրբեջանի հնարաւոր զայրոյթը գրգռող որեւէ բառապաշարից, եւ անշուշտ հրաժարուելով` հրաժարուել սեփական նախընտրական խոստումներից եւ նպատակներից:
Սակայն ակնյայտ է, որ իրաւունքն ինքնին առանց տարածքի եւ կարգավիճակի կարեւորման հեշտութեամբ յանգեցուելու է Ադրբեջանի սահմանադրութեամբ նախատեսուած քաղաքացիական իրաւունքներով բաւարարուելուն, դրա հետեւանքները հայ ժողովուրդը տեսել է Նախիջեւանում եւ այլուր:
Հետեւաբար, չկայ, չի կարող լինել Արցախահայութեան ընդհանրացուած իրաւունքների պաշտպանութիւն, առանց այդ իրաւունքների սկզբնաղբիւրը հանդիսացող ինքնորոշման իրաւունքի ապահովման:
Չկայ, չի կարող լինել Արցախահայութեան անվտանգութեան երաշխաւորում, առանց դրա համար անհրաժեշտ կենսական, առնուազն` երեք պայմանների ապահովման, Ադրբեջանի կազմից դուրս Արցախի կարգավիճակ, անկլաւութեան բացառում, եւ խաղաղապահ անժամկէտ առաքելութեամբ եւ Հայաստան-Արցախ միասնական անվտանգութեան համակարգի ձեւաւորման: Այո, Հայաստանի, Արցախի եւ Սփիւռքի հայութիւնը կանգնած է այս ճակատագրական փորձութեան առաջ` կամ առձանագրում ենք, որ տէր ենք մեր համազգային նպատակներին եւ սկզբունքային դիրքորոշումներին` արտայայտուած մեր անկախութեան մասին հռչակագրով եւ դրան հետեւած 1992 թուականի յուլիսի 8-ի ԳԽ յայտնի որոշումով ու Արցախի հանրապետութեան գոյութիւնն ամրագրող բազմաթիւ յայտարարութիւններով եւ վերականգնում ենք սրա շուրջ մեր եռամիասնութիւնը, կամ ըստ էութեան հրաժարուելով դրանցից` ոտնահարում ենք Հայաստանի գործող սահմանադրութիւնը եւ արժեզրկում յանուն Հայաստանի եւ Արցախի ազատութեան ու անկախութեան մղած սերունդների պայքարը: