Խաղաղութեան հասնելու միակ ձեւը նոր պատերազմի պատրաստ լինելն է

Գերագոյն գլխաւոր դաւաճանը նստած է Կառավարութեան շէնքում, ինչի բոլոր հիմքերն ու ապացոյցներն ունի Արգիշտի Քեարամեանը։ Այս մասին այսօր՝ Մայիսի 9-ին, Եռաբլուր զինուորական պանթէոնում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանը։

«Արգիշտի Քեարամեանը, եթէ դաւաճան է փնտռում, գլխաւոր դաւաճանի տեղը լաւ գիտի։ Եթէ ունի այդքան համարձակութիւն, թող գնա եւ բացայայտի։ Բայց, քանի որ ինքը գլխաւոր դաւաճանի կամակատարն է, պարզ է՝ ինչ ընթացք է ունենալու այս ամէնը»,- ասաց Սաղաթէլեանը։

Իշխան Սաղաթէլեանի խօսքով՝ թշնամի պետութիւնները շտապում են ունենալ փաստաթուղթ, որով հայկական կորուստներն այլեւս անդառնալի կը լինեն։ Սա թշնամու շտապողականութիւնն է, եւ ակնյայտ է, որ իշխանութիւնը տուրք է տալիս այդ ամէնին։ Ըստ նրա՝ ամէն ինչ շատ պարզ է՝ խաղաղութեան հասնելու միակ ձեւը նոր պատերազմի պատրաստ լինելն է։

«Կ’ունենանք այս գիտակցութիւնը, կը կարողանանք բացատրել ժողովրդին՝ ինչ վտանգի առջեւ ենք, օրուայ ընդդիմութիւնը կը գտնի իր մէջ պատասխանատուութիւն, կը համախմբուի այդ իրականութեան մէջ՝ դուրս կը գանք այդ իրավիճակից, ոչ՝ կը կորցնենք ամէն ինչ։ Մեր ժողովրդին պէտք է պատրաստենք համաժողովրդական մեծ անհնազանդութեան, այլ ճանապարհ չկայ։ Չեմ ուզում, որ մեր աջակիցները Նիկոլի կուտն ուտեն, ի՞նչ է նշանակում կառուցողական։ Նիկոլի հետ կառուցողական համագործակցութիւնը բացառւում է։ Եթէ իր գլխին չես խփում, ինքը դա արդէն առաջընթաց է համարում», ընդգծեց Իշխան Սաղաթէլեանը։

Հարցին, թէ ինչո՛ւ իշխանութեան ներկայացուցիչները Շուշիի ազատագրման տօնի առթիւ «Եռաբլուրում» չեն, եւ ինչո՛ւ Փաշինեանը ուղերձ չի յղել, Սաղաթէլեանը նշեց, որ հնարաւոր է համապատասխան հրահանգ է ստացել Ալիեւից եւ Էրտողանից։

«Չէ՞ք հասկանում այդ մարդն ո՞ւմ կողմից է ղեկավարւում, ում ձեռքում է իր «պոյլտը»։ Իրենք չեն գալիս այստեղ, որ այս Եռաբլուրի հեղինակն են։ Ի հարկէ, հինգերորդ շարասիւն կայ՝ Նիկոլն իր շրջապատով։ Ամէն ինչ այնքան պարզ է, անիմաստ է անընդհատ զրուցելն այդ մասին։ Հայաստանի իշխանութեան ղեկին անսրբութիւն, անհայրենիք թրքահպատակ խունտայ է, որը ջարդելով մեր երկրի դիմադրողականութիւնը՝ զիջում է ամէն ինչ»,- ասաց Իշխան Սաղաթէլեանը։

Նշենք, որ այսօր՝ Մայիսի 9-ին ընդդիմադիր պատգամաւորներ, ռազմական, հասարակական գործիչներ յարգանքի տուրք են մատուցել Եռաբլուրում՝ յաղթանակներ կերտած ու անմահացած հայորդիների, այնպէս էլ 44-օրեայ պատերազմում անձնուիրաբար մարտնչած հայ հերոսների յիշատակին։

 

Comments are closed.