Լրագրողների նկատմամբ ճնշումները շարունակւում են

2018-ի իշխանափոխութիւնից յետոյ լրագրողների նկատմամբ ճնշումների, բռնութիւնների դէպքերը նոր թափ առան։ Նախորդ տարի՝ 2022 թուականին, արձանագրուել է լրագրողների ու լրատուամիջոցների իրաւունքների խախտումների 184 դէպք. 14-ը ֆիզիքական բռնութեան դէպք է, 55-ը՝ ԶԼՄ-ների եւ դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների, 115-ը՝ տեղեկութիւններ ստանալու եւ տարածելու իրաւունքի խախտումներ են։

Այս տուեալները գրանցուած են Խօսքի ազատութեան պաշտպանութեան կոմիտէի զեկոյցում: Ընդ որում, ինչպէս եւ նախորդ զեկոյցներում, այնպէս էլ 2022 թուականի զեկոյցում, Խօսքի ազատութեան պաշտպանութեան կոմիտէն նշում է, որ ներկայացուած տուեալները կարող են սպառիչ չլինել, հետեւաբար չեն արտացոլում լրագրողների նկատմամբ դրսեւորուած ճնշումների բոլոր դէպքերը։

Լրատուամիջոցների ներկայացուցիչները երբեմն հարկ չեն համարում հրապարակայնացնել իրենց մասնագիտական գործունէութիւնը խոչընդոտելու փաստերը, անտեսում են իրենց ուղղուած տարաբնոյթ սպառնալիքները կամ  նախընտրում են ինքնուրոյն լուծել ծագած խնդիրներն ու յաղթահարել ապօրինի սահմանափակումները:

Ուստի, ակնյայտ է, որ լրագրողների նկատմամբ ճնշումներն ու խոչընդոտումների իրական քանակն աւելին է, քան արձանագրուած է զեկոյցում:

2022 թուականի ընթացքում արձանագրուել է ԶԼՄ-ների աշխատակիցների նկատմամբ ֆիզիքական բռնութեան 14 դէպք, որի հետեւանքով եղել է 16 տուժող։

Լրագրողների նկատմամբ արձանագրուած բռնութեան դէպքերից մի քանիսը նշենք։ 2022 թուականի Մայիսի 30-ին ՀՀ կառավարութեան 3-րդ մասնաշէնքի մօտ ընդդիմութեան կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանները բիրտ ուժ է կիրառուել «Իրաւունք» թերթի լրագրող Հրանդ Սարաֆեանի նկատմամբ, որին հարուածել են: Նոյն օրը, բախումների ժամանակ իրաւապահները ուժ են կիրառել նաեւ «YerkirMedia.am» լրատուական կայքի խմբագիր Վահէ Սարգսեանի նկատմամբ՝ փորձելով նրան բերման ենթարկել: Երկու լրագրողներն էլ այդտեղ էին՝ ակցիան լուսաբանելու համար։

2022 թուականի Սեպտեմբերի 15-ին Ազգային ժողովում կոնֆլիկտ է առաջացել իշխող խմբակցութեան պատգամաւորների եւ խորհրդարանում հաւատարմագրուած որոշ լրատուամիջոցների ներկայացուցիչների միջեւ, որից յետոյ ԱԺ նախագահ Ալէն Սիմոնեանը իրաւապահներին հրահանգել է նրանց հեռացնել խորհրդարանի շէնքից։ Արդիւնքում «Mediahub.am» կայքի լրագրող Անի Գէորգեանին  իրաւապահները դուրս են բերել ուժի կիրառմամբ, քաշքշել են նաեւ «Yerevan.today»-ի օպերատոր Գեղազնիկ յովակիմեանին։

Այս դէպքից յետոյ ՀՀ  գլխաւոր դատախազին յանցագործութեան մասին հաղորդում է ներկայացրել «Ամարաս» փորձագիտական կեդրոնի ղեկավար Արսէն Բաբայեանը՝ լրագրող Անի Գէորգեանի մասնագիտական օրինական գործունէութիւնը խոչընդոտելու առնչութեամբ։ Դիմումը 2022-ի Սեպտեմբերի 30-ին հասցէագրուել է Քննչական կոմիտէ, որտեղ էլ քրէական վարոյթ չի նախաձեռնուել, քանի որ հաղորդմամբ չի փաստուել այնպիսի դէպք, գործողութիւն կամ անգործութիւն, որին ողջամտօրէն կարող էր տրուել ՀՀ քրէական օրէնսգրքով նախատեսուած որեւէ արարքին համապատասխանելու նախնական իրաւական գնահատական։

Հայաստանում, սովորաբար, լրագրողների աշխատանքը խոչընդոտելն ու բռնութեան դէպքերը համապատասխան իրաւական գնահատականի չեն արժանանում։

Համեմատութեան համար նշենք, որ 2021 թուականի ընթացքում գրանցուել է լրատուամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ ֆիզիքական բռնութիւնների 18, ճնշումների 108 դէպք, տեղեկատուութիւն ստանալու ու տարածելու իրաւունքի 99 խախտում:

2020 թուականին լրագրողների նկատմամբ ճնշումների 273 դէպք է գրանցուել, որից 6 ֆիզիքական բռնութեան դէպք։ Գրանցուել է տեղեկութիւններ ստանալու եւ տարածելու իրաւունքի 90 խախտում։

Մի քանի տարի առաջ եղած պատկերն ուսումնասիրենք․ 2014-ին Խօսքի ազատութեան պաշտպանութեան կոմիտէն արձանագրել է լրագրողների նկատմամբ ֆիզիքական բռնութեան 9 դէպք (1-ով պակաս 2013-ի համեմատութեամբ), ԶԼՄ-ների եւ նրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների 43 փաստ (14-ով պակաս 2013-ի համեմատութեամբ), տեղեկատուութիւն ստանալու եւ տարածելու իրաւունքի խախտման 13 դէպք (3-ով աւելի, քան 2013 թ.):

Ակնյայտ է, որ մօտ մէկ տասնամեակ յետոյ լրագրողների նկատմամբ ճնշումների դէպքերն աճել են։ Այսպէս՝ 2023 թուականի առաջին եռամսեակում՝ Յունուար-Մարտ ամիսներին, ըստ ձեւաւորուած աւանդոյթի,  հեղինակաւոր միջազգային կազմակերպութիւնները հրապարակեցին իրենց տարեկան զեկոյցները՝ անդրադառնալով նաեւ մեր երկրի իրավիճակին մեդիա ոլորտում։ Այդ փաստաթղթերը քննարկման առարկայ են դարձել ինչպէս պետական, քաղաքական, այնպէս էլ հասարակական կառոյցների շրջանում եւ լրատուամիջոցներում։

Խօսքի ազատութեան պաշտպանութեան կոմիտէի զեկոյցում նշւում է՝ 2023-ի Յունուարի 12-ին միջազգային իրաւապաշտպան Human Rights Watch կազմակերպութիւնն իր՝ «Մարդու իրաւունքներն աշխարհում-2022» զեկոյցում հայաստանեան մեդիա գործունէութիւնը ներկայացնելիս յղում է կատարել Խօսքի ազատութեան պաշտպանութեան կոմիտէի ներկայացրած տուեալներին եւ շեշտել, որ լրատուամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ բռնութիւնների մեծ թիւ է գրանցուել ընդդիմադիր ուժերի բողոքի ակցիաների լուսաբանման ժամանակ։

Ըստ Freedom House միջազգային  իրաւապաշտպան կազմակերպութեան՝ Հայաստանը շարունակում է դասուել «մասնակի ազատ» երկրների շարքին։ 2023-ի Մարտի 9-ին հրապարակած՝ «Ազատութիւնն աշխարհում-2023» տարեկան զեկոյցում ներկայացուել է քաղաքական իրաւունքների եւ քաղաքացիական ազատութիւնների վիճակը, եւ ՀՀ վարկանիշը 2022 թ.-ին գնահատուել է 54՝ 100 բալանոց սանդղակով (նախորդ տարուայ զեկոյցում Հայաստանն ունէր 55 միաւոր)։

Լրագրողների նկատմամբ ճնշումները 2023 թուականին

2023 թուականի առաջին եռամսեակի ընթացքում արձանագրուել է լրագրողների ու լրատուամիջոցների իրաւունքների խախտումների 65 դէպք։ Դրանցից  16-ը ԶԼՄ-ների եւ դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների, 49-ը՝ տեղեկութիւններ ստանալու եւ տարածելու իրաւունքի խախտումների դէպքեր են։

Յատկանշական է, որ Փաշինեանի գլխաւորած իշխանութեան ներկայացուցիչներից ոմանք (օրինակ՝  ՔՊ-ական պատգամաւորներ Արփի Դաւոյեանը, Հայկ Սարգսեանը, ԱԺ նախագահ Ալէն Սիմոնեանը եւ այլք) ոտնահարում են լրագրողների իրաւունքները, ճնշում գործադրում, ոմանք էլ լրագրողների նկատմամբ դատական գործեր են յարուցում։ ՀՀ–ում այս տարուայ 2–րդ եռամսեակում լրագրողների դէմ 16 հայց է ներկայացուել, որից 11–ը` իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան ներկայացուցիչներից։

Ամենացցուն օրինակը, թերեւս, Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Աւինեանի հայցն է ընդդէմ «168 ժամի» եւ լրագրող Դաւիթ Սարգսեանի։ 2023 թուականի Մայիսին Աւինեանը դիմել էր դատարան եւ լրագրող Դաւիթ Սարգսեանից պահանջել 9 մլն դրամ փոխհատուցում, աւելին` նա նաեւ միջնորդութիւն է ներկայացրել դատարան, որպէսզի այդ հայցագրի չափով կալանք կիրառուի պատասխանողների գոյքի եւ բանկային հաշիւների վրայ։ Այս պարագայում գոյքի ու հաշիւների վրայ կալանք դնելը Եւրոպական դատարանի նախադէպային իրաւունքի կոպտագոյն անտեսում է, քանի որ միջազգային նորմերն ու մեր օրէնսդրութիւնն ամրագրում են, որ արգելանք կարելի է դնել այն դէպքում, երբ կայ համոզմունք, որ չդնելու պարագայում հնարաւոր չէ կատարել դատական ակտը, մինչդեռ այստեղ որեւէ վտագ նկատելի չէր։

Այս դէպքի առնչութեամբ լրագրողական կազմակերպութիւնները յայտարարութեամբ հանդէս եկան Երեւանի քաղաքապետի տեղակալ, նախկին փոխվարչապետ Տիգրան Աւինեանի ներկայացուցիչ, փաստաբան Յարութիւն Յարութիւնեանը նոյն ամսում՝ 2023-ի Մայիսին, միջնորդութիւն ներկայացրեց դատարան «168» ժամ թերթի լրագրող Դաւիթ Սարգսեանի գոյքի վրայ դրուած արգելանքը վերացնելու մասին:

Լրագրողների նկատմամբ ճնշումներ գործադրելու աղմկայարոյց յաջորդ դէպքը վարչապետ Նիկոլ Փաշինեանի՝ Յուլիսի 25-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսից յետոյ վիրաւորանքների եւ ոտնձգութիւնների արշաւն էր լրագրողների, յատկապէս՝ Aravot.am-ի լրագրող Հռիփսիմէ Ճեպէճեանի  եւ «NewDay.am» լրատուական կայքի խմբագիր Անի Գէորգեանի նկատմամբ։ Ասուլիսից յետոյ լրագրողի հասցէին համացանցում եւ էլեկտրոնային նամակներով տարածուող սպառնալիքները, ծանր վիրաւորանքները, հայհոյանքները եւ ֆիզիքական հաշուեյարդարի կոչերը նոր թափ էին հաւաքել:

Սեպտեմբերի 11-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան ցուցակը գլխաւորող Տիգրան Աւինեանի քարոզարշաւային հերթական լուրը լուսաբանող Անի Գէորգեանի նկատմամբ յարձակում գործեցին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցութեան համակիրները, որոնցից ամենաագրեսիւը եղել է ՔՊ կուսակցութեան աջակից մի կին, որը աւելի վաղ նոյնպէս աչքի էր ընկել լրագրողների հասցէին հնչեցրած ոչ նորմատիւային բառապաշարով, սպառնալիքներով ու ֆիզիքական հաշուեյարդարի կոչով:

Յարձակումը տեսանկարահանուած է, հրապարակուած է ինչպէս լրագրողի, այնպէս էլ հենց իր՝ յարձակում գործող կնոջ սոցցանցային էջով:

Այս դէպքերի առնչութեամբ Լրագրողների Եւրոպական ֆետերացիան (EFJ) միացաւ Հայաստանի Ժուռնալիստների միութեան (ՀԺՄ) յայտարարութեանը՝ դատապարտելով Հայաստանի կառավարութեան աջակիցների կողմից սոցիալական ցանցերում եւ որոշ առցանց լրատուամիջոցներում Արցախում լարուած իրադարձութիւնների վերաբերեալ Նիկոլ Փաշինեանի՝ Յուլիսի 25-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսից յետոյ սկսած վիրաւորանքների եւ ոտնձգութիւնների արշաւը:

Լրագրողների նկատմամբ ճնշումների թափը, բնականաբար, կանգ չի առնում հայաստանեան իրականութեան մէջ։ 2023-ի Սեպտեմբերի 25-ին Երեւանի պետական համալսարանից բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկուեց ԵՊՀ նախկին դասախօս, լրագրող Դաւիթ Սարգսեանը։ Սարգսեանին ձերբակալել էին խուլիկանութեան կասկածանքով։

Հայաստանի ժուռնալիստների միութիւնը յայտարարութիւն տարածեց Դաւիթ Սարգսեանի ձերբակալութեան առնչութեամբ, որում ասւում էր. «Դաւիթ Սարգսեանը՝ որպէս համալսարանական, գիտութեան հետ առնչութիւն ունեցող մարդ, որպէս ՀՀ քաղաքացի, ԵՊՀ-ում այսօր քաղաքացիական ակցիա է իրականացրել՝ փորձելով կանխել այն հակահայ յայտարարութեան ընդունումը, որը փորձ էր արւում ԵՊՀ գիտխորհրդի անդամներին պարտադրել ընդունել: Դաւիթ Սարգսեանի քաղաքացիական կեցուածքն ու ակտիւութիւնը շատ լաւ առիթ էին գործող իշխանութեան համար՝ մեկուսացնելու, լռեցնելու նրան»:

2023-ի Սեպտեմբերի 29-ին Դաւիթ Սարգսեանն ազատ արձակուեց։

Ցաւօք, պէտք է արձանագրել, որ լրագրողների նկատմամբ բռնութիւն են գործադրում ոչ միայն քաղաքական գործիչներն, այլեւ միւս քաղաքացիները։ 2023-ի Յուլիսի 10-ին Գեղարքունիքի մարզում՝ Մարտունի քաղաքում, քաղաքացիները յարձակուել էին լրագրող Նայիրի Յոխիկեանի վրայ, որը նաեւ «Հայաքուէ» նախաձեռնութեան համակարգողն է։

Ընդ որում, սա իշխանութեանն ու վարչապետ Փաշինեանին սուր քննադատութիւնների ենթարկող Նայիրի Յոխիկեանի նկատմամբ առաջին հաւանական նաեւ վերջին ճնշումը չէ։ 2022 թուականի Սեպտեմբերին յայտնի դարձաւ, որ ԵՊՀ-ն պայմանագիր չի կնքել Նայիրի Յոխիկեանի հետ, որը դասաւանդում էր ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ Յոխիկեանը կատարուածը համարում էր ակնյայտ քաղաքական, կամ աւելի շուտ իշխանութեան պատուէր։ Այսպիսով, Յոխիկեանը մայր բուհում կորցրեց աշխատանքը։ Բացի այս՝ Յոխիկեանը դատական քաշքշուքների մէջ է եղել։

Այս իշխանութեան օրօք ի յայտ եկած սահմանափակումների արդիւնքում եւս լրագրողների աշխատանքը խոչընդոտուել է, օրինակ՝ խորհրդարանում լրագրողների աշխատանքի սահմանափակումները,  որոնք ուժի մէջ մտան 2021 թուականի Օգոստոսի 2-ից։ Այս սահմանափակումների մասին այն ժամանակ մարդու իրաւունքների պաշտպանի պաշտօնը ստանձնող Արման Թաթոյեանը զեկոյց ներկայացրեց՝ բարձրաձայնելով՝ ԱԺ-ում լրագրողների աշխատանքի սահմանափակումներն անհիմն են։

Արման Թաթոյեանի ներկայացրած զեկոյցում մասնաւորապէս, նշւում էր․ «2021 թուականի Օգոստոսի 2-ից Ազգային ժողովի շէնքում լրագրողների գործունէութեան նկատմամբ կիրառուող սահմանափակումներն ակնյայտ վկայում են, որ դրանք Ազգային ժողովի նստավայրի տարածքում եւ շէնքում անվտանգութեան ապահովման հետ առնչութիւն չունեն, այլ պարզապէս անհիմն սահմանափակում են լրագրողների աշխատանքը՝ խոչընդոտներ առաջացնելով նրանց մասնագիտական գործունէութեան համար, ինչպէս նաեւ բացասական ազդելով հասարակութիւնում լրագրութեան հեղինակութեան վրայ»։

Կոչերը, զեկոյցները, դատապարտող յայտարարութիւնները, սակայն,  չեն սանձում լրագրողների նկատմամբ բռնութիւն գործադրողներին կամ նրանց աշխատանքը խոչընդոտողներին ու ճնշողներին։ Լրագրողների նկատմամբ ճնշումների դէպքերն առերեւոյթ աւելանում են։ Մեր երկրում խօսքի ազատութեան, ժողովրդավարութեան ցուցիչը նաեւ այս դէպքերն են…

Յասմիկ Բալեյեան

Comments are closed.