Լոյս Է Տեսել ՀՅԴ Պաշտօնաթերթ «Դրօշակ»ի 2025ի Երրորդ Համարը

Horizon Weekly Newspaper

Այսօրուանից ընթերցողին է ներկայացուել «Դրօշակ»ի 2025ի 3րդ համարը (droshak.am/?p=1258)։ ՀՅԴ պաշտօնաթերթի նոր համարի գերիշխող թեման Հայաստանի քաղաքական-հասարակական մթնոլորտն է՝ հայութեան բոլոր շերտերին յուզող առաջնային հիմնահարցերը։ Այս շունչն է կրում համարի առաջնորդող յօդուածը, որն անդրադարձ է Հայաստանի իշխանութեան արտաքին ու ներքին ձախողումներին, որոնք այսօր ոչ միայն երկիրն են կանգնեցրել փակուղու առաջ, այլեւ հէնց այդ փակուղու ճարտարապետներին։ Ակնյայտ է, որ այս կացութեան խորացումը ճակատագրականի կորուստների կ՛առաջնորդի երկիրը եւ, ըստ ներկայացուող եզրայանգման, հրամայական պահանջ է երկրում ազգային համախմբուածութեան կայացումն ու միասնական պայքարը՝ պետութեանը կործանարար գահավիժումը կասեցնելու համար։

Հրապարակագիր Մանուէլ Մկրտչեանը փորձում է գտնել այն դրդապատճառները, որոնք թոյլ չեն տալիս ժողովրդի կենտրոնացումը եւ հաւաքական պայքարը իր իրաւունքների ու արժանապատուութեան վերականգնման համար։ Պատմաբան Անի Մելքոնեանը յիշելով Մարտ ամսուայ հետ շաղկապուող հայ ժողովրդի պատմական ողբերգութեան մասին փորձում է զուգահեռներ տանել տխրահռչակ հայ Յեղկոմի (համայնավար Յեղափոխական կոմիտէ) կառավարման շրջանում խորհրդաթուրքական հակահայ գործարքի եւ այսօրուայ ՔՊական իշխանութեան անընդունելի զիջումների միջեւ՝ թուրքադրբեջանական տանդեմին (լծակից զոյգին)։

«Դրօշակը» հրապարակել է մոսկուաբնակ վերլուծաբան Սարգիս Սարգսեանի «44օրեայ Պատերազմի Արիւնոտ Դասերը»  ուշագրաւ յօդուածաշարի 4րդ մասը, որում  ռուս  քաղաքագէտներն ու վերլուծաբաններ ներկայացնում  են իրենց եզրակացութիւնները 44օրեայ պատերազմի եւ դրա հետեւանքների վերաբերեալ։ Մասնաւորապէս հետաքրքրական են նրանց անաչառ գնահատականները տուեալ իրադարձութիւնների հարցում պաշտօնական Ռուսաստանի որդեգրած դիրքորոշումների վերաբերեալ։ Կարծում ենք այս մեկնաբանութիւնները  կարող են օգտակար լինել աւելի լաւ հասկանալու համար հայ հանրութեան կողմից ամենատարբեր գնահատումների արժանացած այդ քաղաքականութիւնը, ինչպէս եւ Ռուսաստանի  որդեգրած դիրքորոշումների դրդապատճառները։

Ուշագրաւ է նաեւ ծանօթանալը անցեալ դարի 18-20 ականներին Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի միջեւ տեղի ունեցած ռազմաքաղաքական գործակցութեանը եւ երեքի այս գործակցութեան անդրադարձին ընդդէմ Հայաստանի հետ յարաբերութիւնների։ Մեր օրերի համար  ուսանելի դասեր պարունակող այս մանրամասն լուսաբանութիւնը «Դրօշակի» ընթերցողին է ներկայացրել պատմաբան Վանիկ Վիրաբեանը։

Վերջին տարիներին խօսակցութիւններ են շրջանառւում Հայաստանի ատոմային էլեկտրոկայեանի փակման եւ այն ամերիկեան փոքր ատոմային ռէակտորով (շարժիչով) փոխարինելու մասին։ Ի՞նչ են ներկայացնում իրենցից այս ռէակտորները եւ իրենց բնութագրիչներով որպիսին են դրանք մեզ ծանօթ ատոմակայեանների համեմատութեամբ։ Այս մասին իր հետաքրքրական ուսումնասիրութիւնն է «Դրօշակ»ին տրամադրել Ամերիկեան ուսումնասիրութիւնների հայկական կենտրոնը։

«Դրօշակ»ի մարտեան համարում ընթերցողը կարող է գտնել հետաքրքրական այլ նիւթեր եւս:

«Դրօշակ»