Լոյս է տեսել ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 2021 թ․ վերջին համարը
Այսօրուանից համացանցի վրայ կարելի է ընթերցել 2021-ի «Դրօշակ» պաշտօնաթերթի եզրափակիչ համարը։ Համարի Առաջնորդողը ինչպէս եւ միւս քաղաքական նիւթերը անդրադարձ են Հայաստանի ու Արցախի շուրջ տեղի ունեցող տագնապալի իրադարձութիւններին եւ, մասնաւորապէս, Հայաստանի իշխանութիւնների բացասական դերակատարութեանը։ «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարեանը փորձում է բացայայտել յետպատերազմեան շրջանում թուրք-ադրբեջանական հետապնդած նպատակները եւ անցնող տարուայ ընթացքում այդ ծրագրերում ի յայտ եկած նոր տարրերը։
Ուսումնասիրական բնոյթի հետաքրքրական յօդուած է ներկայացրել ԵՊՀ միջազգային յարաբերութիւնների ֆակուլտետի, ուսանող Գագիկ Եկմալեանը։ Այս յօդուածի բնոյթի մասին պատկերացում է հաղորդում նրա խորագիրը. «Սիւնիքի աշխարհաքաղաքական տեղն ու դերը պանթուրանական ծրագրի իրագործումը կասեցնելու գործընթացում»։
Երիտասարդ հեղինակը մանրամասնօրէն անդրադառնում է թէ Սիւնիքի արժէքին հայութեան համար եւ, թէ ինչպէս է այն ընկալում թուրքական տարրը՝ պանթուրանական եւ պանթուրքական յաւակնոտ երազանքների իրականացման համատեքստում։
Պատմաբան Անի Մելքոնեանը անդրադառնում է հայ-ադրբեջանական յարաբերութիւնների արիւնալի պատմութեանը, որը մշտապէս պայմանաւորուել է Հայաստանի պատմական տարածքների նկատմամբ նախկին քոչուորների մշտական յաւակնութիւններովեւ այդ յարաբերութիւնների մէջ Ռուսական կայսրութեան տարբեր իշխանութիւնների խաղացած կործանարար հակահայ դերին։
Դեկտեմբերը հայութիւնը մշտապէս կը յիշի որպէս Առաջին Հանրապետութեան անկման ամիս, մասնաւորապէս եւ յիշուելու են, որ 1920 թ. դեկտեմբերին տեղի են ունեցել Ալեքսանդրապոլի բանակցութիւնները։ Այս բանակցութիւններին, դրանցից ծնուած Ալեքսանդրապոլի պայմանագրին՝ վերջինիս իրաւական եւ քաղաքական արժէքին է անդրադառնում պատմական գիտութիւնների դոկտոր Արարատ Յակոբեանը։ Պատմական ժամանակահատուածի վրայ կարկինը լայն բացելով այս շրջանի մասնագէտ պատմաբանը անդրադառնում է նաեւ 1921 թուականին կնքուած Մոսկուայի եւ Կարսի հակահայ պայմանագրերին։
Մարիամ Յովսէփեանը շարունակելով թուրքական թեման անցեալ դարի առաջին քառորդին Պոլիսում լոյս տեսնող «Ճակատամարտ» եւ «Ժամանակ» թերթերի 1919 եւ 1920 թուականների հրապարակումների միջոցով բացայայտում է տուեալ ժամանակահատուածում ծաւալուած «Միլլի» շարժմանը, որը գլխաւորելով Մուստաֆա Քեմալը կարողացաւ հասնել իշխանութեան եւ ճակատագրական դեր խաղալ Թուրքիայի պատմութեան մէջ։
Աւելացնենք, որ «Դրօշակ»-ի ներկայացւող համարը շատ աւելի բազմազան է՝ ընթերցողը ուշագրաւ հրապարակումներ կարող է գտնել նաեւ «Դաշնակցական բեմ», «Հայ Դատ» «Ընկերական զրոյցներ» խորագրերի ներքոյ։
Հաճելի ընթերցում ցանկանանք «Դրօշակ»-ի ընթերցողներին յիշեցնելով, որ պաշտօնաթերթի էջը կարող են բացել հաւաքելով հետեւեալ հասցէն droshak.am։