Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխաւոր խմբագրին ՀՀ ԳԱԱ-ն պատւոգիր շնորհեց

 

Հայաստան-Լիբանան բազմակողմ յարաբերութիւնների, Սփիւռքի հետ գիտակրթական կապերի ու հայ մշակոյթի զարգացմանը նպաստելու համար «Ազդակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանին երէկ՝ նոյեմբերի 1-ին, շնորհուեց ՀՀ ԳԱԱ նախագահութեան պատւոգիր:

Նախաձեռնութիւնը Արեւելագիտութեան ինստիտուտինն էր: Ներկայացնելով օրաթերթի գլխաւոր խմբագրի գործունէութիւնը՝ Արեւելագիտութեան ինստիտուտի տնօրէն Ռոբերտ Ղազարեանն ասաց, որ Գանտահարեանը տարիներ շարունակ Լիբանանում՝ Մերձաւոր Արեւելքի ամենակարեւոր համայնքներից մէկում, իրականացրել է ե՛ւ հասարակական, ե՛ւ քաղաքական, ե՛ւ համայնքային նշանակալի աշխատանք: Նա յատկապէս դրուատելի համարեց Գանտահարեանի դերը «Ազդակ» օրաթերթի կայացման գործում:

«Օրաթերթն՝ իր լրատուական համայնքով, մշակութային կարեւորագոյն կենտրոններից մէկն է դարձել Լիբանանում: Մեզ համար մեծ պատիւ է ակադեմիայի նախագահութեան անունից պարոն Գանտահարեանին պատւոգիր շնորհել իր հայրենանուէր գործունէութեան, Հայաստան-Լիբանան յարաբերութիւնների սերտացման եւ խորացման համար»,- ասաց Ղազարեանը՝ նշելով, որ պատւոգրի շնորհման գործընթացը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սարեանը եւ ակադեմիայի հասարակագիտութեան եւ հայագիտութեան բաժանմունքի ղեկավար, ակադեմիկոս Եուրի Սուվարեանը:

«Ազդակ» օրաթերթն իր գործունէութեան համար բազմաթիւ մրցանակներ ու պատւոգրեր է ստացել, սակայն ՀՀ ԳԱԱ-ի շնորհածն առանձնայատուկ նշանակութիւն ունի Գանտահարեանի համար:

«Այն պարտաւորեցնող է՝ տարբեր իմաստներով: Սա արժեւորում է մեր թերթի գործունէութեան, Հայ Դատի խնդիրները բարձրացնելու եւ լուսաբանելու, Հայաստան-Սփիւռք համագործակցութիւնն աւելի խորացնելու եւ իրադարձութիւնները ճիշտ լուսաբանելու առումներով: Իբրեւ համահայկական եւ քաղաքական մտածողութիւն՝ մենք անպայման պէտք է հաշուի նստենք ակադեմիայի ինստիտուտների հրապարակած ուսումասիրութիւնների, նոր տեսակէտների, ամենահրատապ ու այժմէական իրադարձութիւնների հետ: Այս իմաստով անփոխարինելի է ակադեմիայի դերը, եւ ամէն ինչ պէտք է անել ակադեմիայի նախագահութեան եւ նրա ինստիտուտների հետ համագործակցութիւնը խորացնելու ուղղութեամբ»,- ասաց Գանտահարեանը:

Լիանա Սարգսեան

Leave a Comment

You must be logged in to post a comment.