Լաչինի նոր միջանցքը կարող է անցնել Հին Շէնո՞վ

2020-ի պատերազմի ժամանակ Արցախի Շուշիի շրջանի Հին Շէն գիւղը ոչ միայն առաջնագիծ դարձաւ, այլև կարողացաւ հերոսաբար դիմադրել թշնամուն ու փոխել նրա ծրագրերը։

Ադրբեջանաթուրքական զօրքերը ի սկզբանէ նախատեսել էին հէնց Հին Շէնի տարածքով հասնել Շուշի, բայց քանի որ այստեղ նրանք հանդիպեցին անակնկալ ուժեղ դիմադրութեան, ստիպուած եղան փոխել յարձակման ուղղութիւնը՝ դաշտում մեծ թիւով սպանուածներ թողնելով։

Հին Շէնը միջպետական ճանապարհից հեռու է։ Այստեղ հասնելու համար պիտի անցնես մի քանի սար ու ձոր ու յայտնուես բարձունքներով շրջապատուած գիւղում։ Sputnik Արմենիայի էջերում աւելի վաղ մենք միասին եղել ենք Արցախի Մեծ Շէն համայնքում, հէնց այդ գիւղի միջով էլ ճանապարհը տանում է Հին Շէն։

Հին պատմութիւն ունի Հին Շէնը։ Ռուսական կայսրութեան ժամանակ ընդգրկուած է եղել Արևելեան Հայաստանի Ելիզաւէտպոլի նահանգի Զանգեզուրի գաւառում, խորհրդային տարիներին այն ստացել է Կիրով անվանումը։ Անկախութիւնից յետոյ գիւղը կրկին ստացել է աւանդական «Հին Շէն»-ը։

2020-ի պատերազմի ժամանակ Ադրբեջանը փորձել է մտնել գիւղ, բայց ետ է շպրտուել։ Նոյեմբերի 9-ի զինադադարի փաստաթղթով ադրբեջանական զինուած խմբերը կանգնել են գիւղի յարակից բարձունքում՝ թիրախի տակ պահելով ինչպէս գիւղի բնակիչների տները, այնպէս էլ պատմական նշանակութիւն ունեցող յուշարձանները։

Հին Շէնի մուտքի մօտ հիմա ռուսական խաղաղապահ զօրքերի յենակէտ կայ։ Անձնագրով են թոյլ տալիս անցնել։ Այստեղ մեզ դիմաւորում է համայնքի ղեկավարը, ով գրեթէ միշտ կանգնած է ճանապարհին և ուշադիր հսկում է, թէ ով է մօտենում Հին Շէնին, ինչպէս են տեղաշարժւում մի քանի հարիւր մետր հեռաւորութեան վրայ կանգնած հակառակորդի  զինուորները։ Գիւղապետ Սամուէլ Սարգսեանը տեղեկացնում է, որ գիւղից շատերն են հեռացել՝ մտածելով իրենց անվտանգութեան մասին։ Մինչև պատերազմն այստեղ ապրել է մօտ 200 մարդ, հիմա մշտական բնակիչների թիւը չի գերազանցում 100-ը։

«Չվիրաւորուելու, չզոհուելու համար իրենց երեխաներին տեղափոխել են աւելի անվտանգ վայրեր, յատկապէս Հայաստան, պատերազմից յետոյ նրանք հետ չեն եկել, մենք էլ չենք կարող պարտադրել, որ գան։ Չեմ մեղադրում, բայց առիթից օգտուելով՝ ուզում եմ խնդրել, որ վերադառնան մեր համագիւղացիները»,-ասում է գիւղապետը՝ նշելով, որ հետպատերազմական դժուարութիւններն իրենք յաղթահարում են ու աչալուրջ են թշնամու տեղաշարժի նկատմամբ։

Սամուէլ Սարգսեանին հարցնում եմ վերջին շրջանում առաւել յաճախակի դարձած Քաշաթաղի կամ Լաչինի միջանցքի ճանապարհը փոխելու խօսակցութիւնների իսկութեան մասին։

«Ադրբեջանցիներն են եկել, նաև մեր կառավարութեան ու ռուսական կողմի ներկայացուցիչներն են եկել այս հատուածով ճանապարհ կառուցելու նպատակայարմարութեան մասին խօսելու։ Հասկանում ենք, որ նոյեմբերի 9-ի չարաբաստիկ պայմանագրով եթէ Բերձորը յանձնուի թշնամուն, ապա այստեղով անցնող ճանապարհը կը լինի միակ ապահով ուղին»,-մատնանշում է Սամուէլ Սարգսեանը։

Հին Շէնի դպրոցի տնօրէն Կարէն Բարսեղեանը պատմում է երկու սերունդների միջև կապի մասին։ Այն ամէնը, ինչի միջով անցել են աւագները, հէնց աւագների կողմից էլ ներկայացւում է կրտսերներին։ Դպրոցականների համար կազմակերպւում են առանձին դասեր հայրենիքի հէնց այս հատուածի մասին։

Բերդաձորի ենթաշրջանը առաջին պատերազմում առանցքային դեր խաղաց Արցախի ազատագրման, Հայաստանին միանալու գործում։

Հակառակորդին  1990-ականներին յաջողուել էր գրաւել Բերդաձորի ենթաշրջանը, այդ թւում՝ Հին Շէն գիւղը, բայց կամաւորական յամառ պայքարի շնորհիւ հնարաւոր եղաւ 1992-ի մայիսին ազատագրել ամբողջ շրջանն ու ստեղծել Արցախի ցամաքային կապը Հայաստանի հետ։ Գիւղերի ազատագրումից յետոյ այստեղ սկսեցին ապրել ոչ միայն տեղացիները, այլև վերաբնակներ Հայաստանի տարբեր վայրերից։

2016-ի Քառօրեայի ու 2020-ի պատերազմի ժամանակ, սակայն, առաջին արտագաղթողները հէնց վերաբնակները եղան՝ թողնելով իրենց տներն ու շտապելով անվտանգ վայրեր։ Նախնիների հողը կրկին մինչև վերջ պահեցին տեղաբնիկները, այս դէպքում՝ բնիկ հինշէնցիները։ Դպրոցի տնօրէն Կարէն Բարսեղեանը պատմում է գիւղը լքածների մասին։

«Պատերազմի ժամանակ գիւղն առաջինը լքել են Հայաստանից եկած վերաբնակիչները։ Մարդիկ կային, որոնք 10 տարուց աւելի այստեղ էին, բայց գնացին ու չվերադարձան։ Այս գիւղում ապրողները հիմնականում բնիկ արցախցիներ են, այդ թւում՝ 2016-ի քառօրեայ պատերազմի ժամանակ այստեղ հաստատուած մի քանի ընտանիքներ»,-ասում է դպրոցի տնօրէնը։

Հին Շէնի գիւղապետ Սամուէլ Սարգսեանը հրաժեշտի ժամանակ խնդրում է տեղեկացնել մարդկանց՝ համայնքում բնակելի տներ կան, լաւ պայմաններ են ստեղծուած ապրելու համար։ Յատկապէս Հադրութից ու Շուշիից տեղահանուած արցախցիները կարող են Հին Շէնում գտնել իրենց երկրորդ տունը։

 

armeniasputnik.am

Leave a Comment

You must be logged in to post a comment.