«Իրաւունք չունենք յուսահատուելու»
- (0)

«ԱՊԱՌԱԺ»Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ՀՅԴ ԱՐՑԱԽԻ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԷԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ԱՐԱ ՊՈՒԼՈՒԶԵԱՆԻ ՀԵՏ
«Ապառաժ»ը 2025 տարին ամփոփեց ՀՅԴ Արցախի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Արա Պուլուզեանի հետ կատարած հետեւեալ հարցազրոյցով.
«ԱՊԱՌԱԺ».- Ինչպէ՞ս կը գնահատէք 2025ը, ի՞նչ է արուել եւ արւում Արցախի ժողովրդի իրաւունքների պաշտպանութեան ուղղութեամբ:
ԱՐԱ ՊՈՒԼՈՒԶԵԱՆ.- Այսօր ՀՀ իշխանութիւնների ծրագրերից բաւարարուած չէ Արցախի ժողովուրդը: Թէ՛ աջակցութիւնների կրճատումը, թէ՛ բնակարանային ապահովման, թէ՛ աշխատանքի տեղաւորման ծրագրերը, եւ թէ՛ իրաւական տեսակէտից` անձնագրերի, քաղաքացիութեան հարցերը մի շարք դժուարութիւնների առաջ կագնեցրեցին մեր հայրենակիցներին: Այդ արհեստական խոչընդոտները, ծրագրերի ոչ համաչափ կիրառումը խռովութիւն առաջացրեց Արցախի ժողովրդի մօտ իրենց իսկ հայրենիքի` Հայաստանի նկատմամբ: Դա առաջին հարցն էր, որին դէմ յանդիման կանգնեց Արցախի ժողովուրդը:
Երկրորդը` Արցախի իշխանութիւնների նկատմամբ ՀՀ իշխանութիւնների արհամարհումն է եւ Ադրբեջանի ուղղակի ազդեցութեան տակ` նրանց աշխատանքի խոչընդոտումը ՀՀում: Այս վերջերս տեսանք ԱԱԾ գործողութիւնները Արցախի ներկայացուցչութեան շէնքում, ինչը որեւէ տեսանկիւնից ընկալելի չէ:
Արցախի իշխանութիւնը միակ ուղղակի ընտրուած լեգիտիմ (օրինական) մարմինն է, որն իրաւունք ունի եւ կարող է ներկայացնել Արցախի դատը, տեղեակ է ժողովրդի հոգսերին, սակայն նրա աշխատանքը խոչընդոտւում է Հայաստանի իշխանութիւնների կողմից:
Պէտք է գիտակցեն բոլորը, որ Հայաստանն ինչպէս ամբողջ հայ ժողովրդի, այնպէս էլ Արցախի ժողովրդի հայրենիքն է: Մէկ անգամ մենք հայրենիք ենք կորցրել ու գիտենք դրա ծանրութիւնը: Այսօր վտանգուած է նաեւ մեր հայրենիքի մէկ այլ հատուածը, որի կորուստն անընդունելի է մեզ համար: Վստահ եմ, որ Հայաստանի անվտանգութեան պահպանման, ապազգային հոսանքների դէմ պայքարում առաջինն է լինելու Արցախի ժողովուրդն ու ՀՅԴ Արցախի կառոյցը:
«ԱՊԱՌԱԺ».- Այսօր Արցախի քաղաքական օրակարգում շարունակում է մնալ արցախցիների իրաւունքների բարձրացումն ու հաւաքական վերադարձի իրաւունքի իրացման խնդիրը, ի՞նչ յաջողութիւններ են արձանագրուել այս ուղղութեամբ: Ովքե՞ր են հետապնդում այն:
ԱՐԱ ՊՈՒԼՈՒԶԵԱՆ.- 2024-25ին մի շարք յաջողութիւններ արձանագրուեցին այս ուղղութեամբ: Շուէյցարիայի խորհրդարանի ստորին պալատի բանաձեւը` արցախցիների վերադարձի իրաւունքի հարթակ ստեղծելու մասին, թէ՛ կոնգրեսականների, թէ՛ Կանադայի արտաքին գործերի նախարարի, պատգամաւորների, Եւրոպայի խորհրդի պատգամաւորների մօտեցումները եւ դիրքորոշումները, անհամեստութիւն չթուայ, մեծ մասամբ, ՀՅԴ Հայ Դատի գրասենեակների շնորհիւ է ու նրանց աշխատանքի արդիւնքը:
Կարեւորում եմ այն հանգամանքը, որ որքան էլ արտասահմանեան տարբեր կառոյցներ, Սփիւռքը` հայկական պահանջատիրութեան ներկայացման գործում ունենան յաջողութիւններ` շահէն բանաձեւեր, յայտարարութիւններ, գլխաւորը մեր հաւաքական վճիռն ու այն իրականացնելու կամքն է: Ամէն ինչ պէտք է անել, որ հայկական Արցախի գոյութիւնը հանդիսանայ որպէս խաղաղութեան գործօն, հակառակ դէպքում կրկին կը լինի անկայունութիւն ու պատերազմ:
Արցախի ժողովրդի իրաւունքները չպէտք է դիտել միայն որպէս Արցախի ժողովրդի իրաւունք, այլեւ` ամբողջ հայ ժողովրդի: Հայրենիքի ազատագրման համար պայքարը պէտք է դառնայ բոլորի սեփականութիւնը: Դաշնակցութիւնը կանգնած է ազատագրական պայքարի առաջին դիրքերում, ինչպէս անցեալ 131 տարիների ընթացքում: Միջազգային առումով Հայ Դատի գրասենեակները լծուած են այդ աշխատանքներին: Չեմ թաքցնի ասելով, որ Արցախի ժողովրդի կողմից դա գնահատւում է, եւ ոչ ոք չի կարող ժխտել Դաշնակցութեան դերակատարութիւնն այդ հարցում:
Պէտք է արձանագրենք նաեւ, որ մեր հայրենակիցները դեռեւս Բաքուի բանտերում են եւ այս ուղղութեամբ ՀՀ իշխանութիւնները ոչինչ չեն անում: Մենք պէտք է շարունակենք մեր համախմբուած պայքարը` յանուն արցախցիների իրաւունքների վերականգնման:
«ԱՊԱՌԱԺ».- Ի՞նչ կը մաղթէք այս Ամանորին:
ԱՐԱ ՊՈՒԼՈՒԶԵԱՆ.- Դժուար է այս օրերին ամանորեայ բարեմաղթանքներ յղել մեր ժողովրդին: Այս քաղաքականութիւնը եւ մօտեցումները, որ որդեգրել են ՀՀ իշխանութիւնները, պարտութեան այս շարունակական ընթացքը դեռ շարունակւում է:
Այս մթնոլորտի մէջ մեր բարեմաղթանք է` օր առաջ ազատուել այս իշխանութիւններից, ովքեր հրաժարւում են ազգային ազատագրական պայքարից:
Արցախի ժողովուրդը այսօր թէեւ Մայր հայրենիքում է, սակայն իր օճախից ու տնից հեռու, զրկուած սեփական հողում ապրելու իրաւունքից: Սակայն իրաւունք չունենք յուսահատուելու, պէտք է չհրաժարուենք պայքարից, քանի դեռ մեր իրաւունքը վերականգնուած չէ, քանի դեռ բանտերում են մեր ընկերներն ու հայրենակիցները:
Վստահ եմ, ունենալու ենք նուաճումներ եւ առիթ ենք ունենալու լիաթոք շնորհաւորելու միմեանց, 2026 թուականի ընթացքում: Թող 2026 թուականը լինի բեկումնային Արցախի հարցի ու Հայաստանի վարուող քաղաքականութեան մէջ: Թող ազգային ազատագրական պայքարը դառնայ առանցքն ու ուղղութիւնը մեր արտաքին քաղաքականութեան, ազգայինը դառնայ մեր ներքին քաղաքականութեան, պետական քարոզչութեան, պետական ռազմավարութեան հիմնական սիւներից մէկը:
Շնորհաւոր Ամանոր եւ Սուրբ ծնունդ, թող գալիք տարին լինի վերադարձի տարի եւ երբեք այդ պայքարը չդադարի: