Իրանն զգուշացնում է. Մեկնարկել է տարածաշրջանի քարտէսից Հայաստանի վերացման գործընթացը

Թուրանական միջանցքը՝ Թուրքիայի արտաքին քաղաքականութեան առաջնահերթութիւն

Անգարայում գործող իրանական ուսումնասիրութիւնների կենտրոնը (IRAM)[1] «զանգեզուրեան» միջանցքի մասին հրապարակած յօդուածում քննութեան է առել միջանցքի գործարկման հնարաւոր սցենարները: Հրապարակումից կարելի է առանձնացնել հետեւեալ առանցքային թեմաները՝

1- «Զանգեզուրեան» միջանցքը դիտարկւում է որպէս Թուրքիայի արտաքին քաղաքականութեան նոր ժամանակաշրջանի առաջնահերթ ու հրատապ հարցերից մէկը:

2- Թէ՛ Թուրքիայի եւ թէ՛ Հայաստանի կառավարութիւններից յստակ ուղերձներ են փոխանցուել, որ Հայաստանը դէմ չէ միջանցքի գործարկմանը, եւ միայն Իրանն է ընդդիմանում միջանցքի գաղափարին:

3- Թուրքիայի կողմից տուեալ քաղաքականութեան իրագործման իմաստն այն է, որ այդ նախաձեռնութիւնը կեանքի կոչելու համար Անգարան պիտի Չինաստանին ու Մեծ Բրիտանիային (եւ ոչ միայն) շահագրգռելու նպատակով քայլեր ձեռնարկի, քանի որ ի վերջոյ նպատակը Պեկին-Լոնտոն տարանցիկ ճանապարհի գործարկման հարցում Թեհրանին համոզելն է, որը, ըստ Անգարայում գործող կենտրոնի հրապարակած յօդուածի, անիրատեսական համարել չի կարելի:

4- Միջանցքի գործարկման ճանապարհին առաջացող խնդիրները չէզոքացնելու ընթացքում, ըստ IRAM-ի հրապարակած յօդուածի հեղինակի, չպէտք է բացառել Արցախում ռազմական գործողութիւնների հնարաւորութիւնը:

IRAM-ի հրապարակած յօդուածը նաեւ անդրադառնում է միջանցքի գործարկման նպատակով Թուրքիայի ու Ատրպէյճանի կողմից ընդունուելիք համատեղ ռազմավարութեանը, որի վերաբերեալ տեսակէտ է արտայայտել իրանցի վերլուծաբան Էհսան Մովահեդիանը եւ ԻԻՀ ԱԳՆ-ի հետ փոխկապակցուած «irdiplomay» կայքում ներկայացրել այդ կապակցութեամբ իր երկու դիտարկումները՝

ա/ Շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցութեամբ դիմադրութեան օճախների չէզոքացում

Իլհամ Ալիեւը Մայիսի 3-ին յայտարարել էր, որ «զանգեզուրեան» միջանցքը կարող է վերածուել «Մէկ գօտի, մէկ ճանապարհ» (Չինաստան) եւ «Հիւսիս-Հարաւ» (Ռուսաստան-Հնդկաստան) նախագծերի մի հատուածի: Իսկ «Թիւրքալեզու պետութիւնների համագործակցութեան խորհրդի» ընդունած «Թուրքական աշխարհ-2040 տեսլականը» ռազմավարութեան մէջ նշուած է, որ անդամ պետութիւնները պարտաւորւում են տարբեր միջազգային տնտեսական ոլորտներում զօրակցել «զանգեզուրեան» միջանցքի գործարկմանը:

Դա նշանակում է, որ եթէ միջինասիական թիւրքախօս պետութիւնները, Չինաստանն ու Եւրոմիութեան անդամ երկրները հանդէս գան «Մէկ գօտի, մէկ ճանապարհ» նախագծի օգտին, իսկ Ռուսաստանը պաշտպանի Հիւսիս-Հարաւ նախագիծն ու Հնդկաստանն էլ իր համաձայնութիւնը յայտնի դրան, Հայաստանի ու Իրանի համար խնդիրն աւելի կը բարդանայ, եւ դրան դիմակայելու հարցում Երեւանից ու Թեհրանից աւելի մեծ ջանքեր կը պահանջուեն:

բ/ Ռուսաստան-Իրան յարաբերութիւնների խաղարկման մեթոտաբանութիւն Հիւսիս-Հարաւ միջանցքի հեռանկարային նախագիծն անիրագործելի չէ:

Ուկրայինական պատերազմի հոլովոյթում, ռուս-իրանական ռազմավարական համագործակցութեան ընդլայնման շրջանակներում, Մոսկուան ու Թեհրանն արդէն իսկ համաձայնութեան են եկել ընտրել Հիւսիս-Հարաւ ճանապարհներից հնարաւոր ամենակարճ ուղին, որն անցնում է Ատրպէյճանից: Նման պայմաններում ռուսական կողմը կարող է աւելի մեծ ջանքեր գործադրել՝ համոզելու Իրանին, որ Հիւսիս-Հարաւ մայրուղու նախագծի իրագործման յաջողութիւնը մեծապէս պայմանաւորուած է նաեւ Ատրպէյճանի տարածքով անցնող «զանգեզուրեան» միջանցքի գործարկումով:

Վերջում Էհսան Մովահեդիանն իր եզրայանգումներն է ներկայացրել IRAM-ի հրապարակած հակաիրանական ու հակահայկական յօդուածի մասին.

1. Թուրքիան նախկինի պէս «թուրանական աշխարհի» գաղափարը կեանքի կոչելու համար գործադրուող ջանքերի առումով գտնւում է առաջնագծում: Այստեղ, Ատրպէյճանի դերը երկրորդական է, որն ընդամէնն սպասարկում է Անգարայի շահերը: Այդ նախագծից Պաքուն մեծ ակնկալիքներ ունենալ չի կարող, քանի որ դրա դիմաց կորցնում է իր անկախութիւնն ու, որպէս նէոգաղութ, զրկւում ազատ որոշումներ կայացնելու հնարաւորութիւնից:

2. Իրագործման ընթացքում է գտնւում տարածաշրջանի քարտէզից Հայաստանի վերացման նախագիծը, որը Թուրքիայի քաղաքականութեան գլխաւոր ուղղութիւններից է: Դա խօսում է այն մասին, որ Էրտողանը մեծ նշանակութիւն չի տալիս հայ-թուրքական յարաբերութիւնների բարելաւմանն ուղղուած Փաշինեանի ջանքերին, եւ աւելի շատ զբաղուած է մանիպուլիատիւ գործողութիւններով: Յստակ է, որ Երեւանն այդ գործընթացից որեւէ օգուտ չի ստանալու, քանի որ չունի որեւէ խաղաքարտ:

3. Էրտողանը ներկայ պահին զբաղուած է իր ներքին խնդիրներով, որոնք վերաբերում են երկրի թէ՛ տնտեսութեանը, եւ թէ՛ անվտանգութեանն ու արտաքին մարտահրաւէրներին: Այդ իսկ պատճառով, Թուրքիան ի վիճակի չէ եւ չունի բաւարար համարձակութիւն՝ Իրանի ու Ռուսաստանի դէմ ուժի գործադրման միջոցով լուծելու իր գերխնդիրը, ուստի ցանկանում է «զանգեզուրեան» միջանցքի նկատմամբ տնտեսական բնոյթի շահագրգռուածութիւնների միջոցով հասնել իր նպատակին:

4. յօդուածից կարելի է եզրակացնել, որ Թուրքիան մտադիր չէ միայն շահագրգռել Իրանին ու Ռուսաստանին: Անգարան ցանկանում է նաեւ այդ գաղափարի շուրջ համախմբել Չինաստանը, Հնդկաստանն ու Մեծ Բրիտանիան: Այսինքն, մտադիր է միջանցքի գաղափարը կեանքի կոչելու նպատակով ստեղծել համախոհների լայն շրջանակ: Մեծ Բրիտանիան, որ դեռեւս տասնամեակներ առաջ Հարաւային Կովկասում ու միջինասիական հանրապետութիւններում իր քաղաքական ու տնտեսական ներկայութիւնն ապահովելու համար միջանցքի գաղափարն էր մտքի մէջ փայփայում, ընդառաջ կը գնայ այդ նախագծին:

[1] IRAM իրանագիտութեան կենտրոնն Անգարայում ստեղծուել է Իրանում եւ Իրանի շուրջ ընթացող իրադարձութիւնների վերաբերեալ հետազօտութիւններ իրականացնելու համար: Այն իր տեսակի մէջ առաջին կենտրոնն է Թուրքիայում:

Գրիգոր Առաքելեան

Իրանագէտ, դիւանագէտ