Իշխանութիւններին յորդորում ենք մնալ օրէնքի եւ օրինականութեան շրջանակներում. ՀՅԴ Բիւրոյի յայտարարութիւն
Վերջին օրերին Հայաստանում նոր թափ են ստացել իրաւապահ մարմինների ապօրինութիւնները։ Արժանապատիւ քաղաքացիների բողոքի ձայնը փորձ է արւում լռեցնել՝ ոստիկանական բիրտ ուժի կիրառմամբ, ձերբակալութիւններով եւ շինծու քրէական գործեր յարուցելով։
Ակնյայտ է, որ իրաւապահ մարմինների այս գործելակերպը ուղղակիօրէն թելադրուած է օրուայ իշխանութիւնների կողմից։ Հ.Հ. վարչապետի ժամանակաւոր պաշտօնակատարը բացայայտ կերպով փորձում է ապօրինի հրահանգներով ուղղորդել դատախազութեանն ու քննչական մարմիններին՝ թիրախաւորելով քաղաքական հակառակորդներին։
Քաղաքական հետապնդումների թիրախում են յատկապէս Հ.Յ.Դ. Հայաստանի կազմակերպութեան պատասխանատուները, անդամներն ու համակիրները։ Բռնութիւնների եւ քաղաքական հետապնդումների միջոցով փորձ է արւում կոտրել հայրենիքի փրկութեան համար սկսուած պայքարի ոգին։ Նման գործելաոճը ի ցոյց է դնում օրուայ իշխանութիւնների մօտ առկայ քաղաքական ճգնաժամը։ Սանձազերծուած բռնաճնշումները աւելի են խորացնելու այդ ճգնաժամը։
Այսու, մեր ամբողջական զօրակցութիւնն ենք յայտնում յանուն հայրենիքի եւ արժանապատւութեան պայքարի դրօշ բարձրացրած քաղաքացիներին, իսկ իշխանութիւններին և նրանց կամակատար ուժային կառոյցներին յորդորում ենք մնալ օրէնքի եւ օրինականութեան շրջանակներում։
Յիշեցնում ենք, հայրենիքի եւ ազգի ազատագրութեան, Հայաստանում հայ մարդու եւ քաղաքացու ազատ և արժանապատիւ կյանքի պայմանները կերտելու ճանապարհին՝ Հ.Յ.Դաշնակցութիւնը որեւէ ճնշումից վախեցողը չէ։ Վկան՝ Հ.Յ.Դ. 130 տարուայ պատմութիւնը։
Հ.Յ.Դ. ԲԻՒՐՕ
1 Մայիս, 2021թ.