Ի՞նչ է Փաշինեանը զիջել Ատրպէյճանին. փաստեր
- (0)
Իր վերջին հարցազրոյցում Փաշինեանը ասում է. «Իսկ ի՞նչ ենք մենք զիջել Ատրպէյճանին», մեր կառավարութիւնը որեւէ միակողմանի զիջում չի իրականացրել։
Կարծում եմ կարիք կայ հերթով եւ փաստերով հանրութեանը յիշեցնել բոլոր միակողմանի բանաւոր եւ գրաւոր զիջումները, որոնք իրականացուել են 2020 թ. նոյեմբերի 9-ից յետոյ։
- Փաշինեանի հրամանով (իր բացատրութեամբ՝ «բանաւոր ըմբռնումով») Հայաստանի զինուած ուժերը 2020 թուականի Դեկտեմբերին յետ քաշուեցին զբաղեցրած դիրքերից՝ Ատրպէյճանի վերահսկողութեան տակ թողնելով գերիշխող դիրքերը Սիւնիքում։ Այս զիջումը հետագայում պատճառաբանուեց պատերազմի սպառնալիքով։
- 2021 թ. Մայիսի 12-ին Ատրպէյճանական զինուած ուժերն առանց դիմադրութեան ներխուժեցին ՀՀ ինքնիշխան տարածք՝ Սիւնիքի մարզի Սեւ լճի, ապա Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա եւ Կութ բնակավայրերի տեղամասեր եւ գրաւեցին մօտ 41 քառակուսի քիլոմեթր տարածք։ Կրկին առանց դիմադրութեան ռազմավարական դիրքերը յանձնեցիր, ասելով թէ բա ձիւնոտ սարերը մեզ պէ՞տք են:
- 2021 թ. Նոյեմբերին արդէն Ատրպէյճանին յանձնուեց Գորիս-Կապան միջպետական ճանապարհի 21 քիլոմեթրանոց հատուածն ու Շուռնուխ գիւղի մի մասը։
- 2021 թ. Նոյեմբեր 15-ին Կապան-Ճակատեն աւտոճանապարհի հատուածում ատրպէյճանական կողմն անցակէտ տեղակայեց. ճանապարհն այդպիսով յանձնուեց թշնամուն՝ կտրելով յարակից 6 գիւղերի եւ Կապանի միջեւ կարճ եւ յարմարաւէտ կապը։
- 2022 թ. Մարտին ատրպէյճանական ստորաբաժանումները, առանց կրակոցի, խաղաղ պայմաններում շուրջ մէկ քիլոմեթր ներխուժեցին Ներքին Հանդի վարչական տարածք ու հինգ վրան տեղադրեցին այնտեղ՝ վերահսկողութիւն հաստատելով նոր տարածքներում։
- 2022 թ. Ապրիլին Փաշինեանը յայտարարեց Արցախի հարցով նշաձողն իջեցնելու մասին՝ կատարելով ատրպէյճանական նախապայմանը, ըստ որի ՀՀ-ն հրաժարուեց Արցախի ինքնորոշման իրաւունքի պաշտպանութիւնից։
- 2022 թ․ Օգոստոսի 25-ին Բերձորը, Աղաւնօն եւ Սուսը յանձնուեցին Ատրպէյճանին։ Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը՝ յարակից բնակավայրերով Ատրպէյճանին յանձնելը նախատեսուած չէր 2020 թ․-ի Նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեամբ։ Բնակավայրերի յանձնումով Ատրպէյճանի վերահսկողութեան տակ անցան նաեւ Արցախը սնուցող գազատարն ու էլեկտրահաղորդման գիծը, ինչն իր կործանարար հետեւանքներն ունեցաւ Արցախի շրջափակման օրերին։ Աւելին, այս ամէնի հետեւանքով թշնամին դուրս եկաւ Գորիսի Տեղ գիւղի մատոյցներ` բռնագրաւելով գիւղի հողատարածքներն ու արօտավայրերը։
- 2022 թ. Սեպտեմբերի 13-14-ը Ատրպէյճանական զինուած ուժերը ներխուժեցին ՀՀ ինքնիշխան տարածք՝ Գեղարքունիքի, Սիւնիքի, Վայոց ձորի ուղղութիւններով՝ բռնագրաւումի ծաւալը հասցնելով արդէն 220 քառ. քմ.։ Ունեցանք 200-ից աւելի զոհ, դրա հիմնական պատճառը մինչ այդ տուեալ ուղութեամբ ռազմավարական դիրքերի յանձնումն էր:
- 2022 թ. Պրահայում բանաւոր, ապա 2023 թ. Գրանդայում գրաւոր համաձայնութեամբ Փաշինեանը կատարեց Ատրպէյճանի հերթական պահանջը՝ ճանաչելով Արցախն Ատրպէյճանի կազմում։ Փաշինեանը Գրանդայում անգամ միակողմանի փաստաթուղթ ստորագրեց, որտեղ Ատրպէյճանի տարածքային ամբողջականութիւնը ճանաչեց 86.6 քառ. քմ. ճշդութեամբ։ Փոխարէնը, մինչեւ օրս Ալիեւը որեւէ կերպ չի ճանաչել ՀՀ տարածքային ամբողջականութիւնը յստակ տարածքով եւ սահմաններով։ Հետագայում հենց այս յայտարարութիւններին յղում անելով Ատրպէյճանն արգելափակեց Լաչինի միջանցքը՝ պաշարելով Արցախը։
- 2023 թ. Սեպտեմբերին՝ Արցախի վրայ յարձակման եւ Արցախում էթնիկ զտում իրականացնելու օրերին Փաշինեանը կատարեց Ատրպէյճանի յաջորդ պահանջը՝ մենակ թողնելով արցախահայութեանը, հրապարակային հրաժարուելով ՀՀ քաղաքացի հանդիսացող շուրջ 120,000 մարդու անվտանգութեան ապահովման հարցից։
- 2024 թուականի Փետրուարի 28-ին Տեղ համայնքի հատուածում շփման գիծը հատած Ռուսլան Փենախովին հայկական կողմը, որպէս բարի կամքի դրսեւորում, վերադարձրեց Ատրպէյճանին, առանց դրա դիմաց գերիների վերադարձնելու։ Նոյնը տեղի ունեցաւ նաեւ Սիսեանի հատուածից ՀՀ տարածք ներխուժած ատրպէյճանցիների պարագայում, ովքեր Կապանում սպանեցին ՀՀ քաղաքացու։ Նրանք եւս Ատրպէյճանին վերադարձուեցին առանց փոխանակաման։
- 2024 թ. պատերազմի սպառնալիքով միւս միակողմանի զիջումը տեղի ունեցաւ Տաւուշում, որտեղ հայկական զօրքերը ետ քաշուեցին իրենց զբաղեցրած դիրքերից՝ ատրպէյճանական վերահսկողութեանը յանձնելով 4 գիւղերի տարածքներ։
- Ատրպէյճանի պահանջով Փաշինեանը հրաժարուեց բանակցութիւններում քննարկել արցախահայերի իրաւունքների պաշտպանութեան եւ վերադարձի հարցերը՝ փակուած համարելով Արցախի հարցը, դրանով փորձելով լիգիտիմացնել Ատրպէյճանի կողմից իրականացուած ցեղասպանութիւնը Արցախում։
- Բանակցային գործընթացում Ատրպէյճանը նախապայման հնչեցրեց ՀՀ սահմանադրութեան փոփոխութեան վերաբերեալ, մի քանի ամիս անց՝ Փաշինեանը յայտարարեց, որ ՀՀ-ին հարկաւոր է նոր Սահմանադրութիւն՝ նախանշելով հանրաքուէի անցկացման յստակ ժամկէտներ։
- Բանակցային գործընթացում Իլհամ Ալիեւը պահանջ ներկայացրեց նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման համար համատեղ դիմում ներկայացնելու վերաբերեալ։ Իր գրառումով Նիկոլ Փաշինեանը համաձայնեց կատարել այդ պահանջը։
- Տեւական ժամանակ բանակցուող փաստաթղթում անհամաձայնեցուած էին մնում միջազգային դատարաններից հայցերի ետ քաշման եւ սահմանի երկայնքով ուժերի չտեղակայման վերաբերեալ ատրպէյճանական պահանջները։ 2025 թ. Մարտին Ատրպէյճանը յայտարարեց, որ այս Հայաստանը համաձայնութիւն է տուել նաեւ այս կէտերին։ Այսպիսով մասամբ իրականութիւն դարձաւ նաեւ ՀՀ ապառազմականացման Ատրպէյճանի պայմանը։
- Ատրպէյճանի պահանջով Հայաստանի հետ համաձայնագրում ամրագրուեց կէտ, որով կողմերը պարտաւորւում են պայքարել երկրի ներսում «խաղաղութեան օրակարգի դէմ» գործողների նկատմամբ, այդպիսով Ատրպէյճանին ընձեռելով ՀՀ ներքին գործերին միջամտելու հնարաւորութիւն։
- Նիկոլ Փաշինեանը 2021 թուականի Յունիսի 12-ին, Յուլիսի 3-ին, Հոկտեմբերի 19-ին, Նոյեմբերի 1-ին եւ Նոյեմբերի 29-ին, առանց նախապայմանների Ատրպէյճանին է փոխանցել Արցախի տարածքում գտնուող ականապատ դաշտերի թուով 972 տեղեկամատեաններ։ 2024 թ. Յունուարին, ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատեան է յանձնել Պաքուին։ Դրանք բացառիկ կարեւորութեան քարտէզներ էին, քանի որ ականապատ տարածքները առանց այդ քարտէզների՝ ականազերծելու համար անհրաժեշտ էր 10-15 տարի:
Այս զիջումների ցանկը չի ներառում քառասունչորսօրեայ պատերազմի արդիւնքները, որի հետեւանքով մենք կորցրեցինք մեր յաղթանակը, հայկական երկրորդ պետականութիւնը՝ Արցախը՝ 12 հազար քառակուսի քիլոմեթր տարածքով, հազարամեայ պատմամշակութային ժառանգութեամբ, յուշարձաններով, հանքերով եւ ողջ հարստութեամբ։
Սրանք այն հիմնական զիջումներն են, որ իրականացուել են միակողմանի՝ Ալիեւի հետ գրաւոր կամ բանաւոր պայմանաւորուածութիւնների շրջանակներում։
Այսքանով Պաքուի պահանջները, սակայն, չեն աւարտւում. Ատրպէյճանը փաստացի պահանջում է Մինսկի խմբի լուծարում, ՀՀ Սահմանադրութեան փոփոխութիւն, ինչպէս նաեւ «միջանցքի» տրամադրում (ի հարկէ անունը կը դնեն ճանապահրով ապահովում), ատրպէյճացիների բնակեցում Հայաստանում, «անկլաւների» յանձնում:
Հետեւաբար կապիտուլիանտի՝ փաստերը կեղծելու, ստելու, իրականութիւնը խեղաթիւրելու, իր ազգակործան դերակատարութիւնը քօղարկելու բոլոր փորձեր այլեւս սպառուած են:
Իշխան Սաղաթէլեան
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր