Ի՞նչը եւ ովքե՞ր ստիպեցին հեռանալ

Մեր աղբիւրները ներկայացնում են վերջին օրերի քրոնիկան։ Տեւական ժամանակ յատուկ ծառայութիւնների եւ ոստիկանութեան ղեկավարները «փափուկ բարձ» են դրել Սերժ Սարգսեանի գլխի տակ, թէ՝ խնդիր չկայ, բողոքողների քանակը մեծ չի, «էսա ինքնիրան կը մարի», հանգստացրել են, թէ՝ տիրապետում ենք իրավիճակը եւ այլն։ Յետոյ երբ բանը բանից անցել է, համոզել են Սերժ Սարգսեանին, որ «խնդիրը Նիկոլն է»՝ Նիկոլին մեկուսացնենք, մի օրում կը ճնշենք, կ’աւարտուի։ Անգամ մերձաւոր շրջապատից ոչ ոք ռիսք չի արել «բացել» Սերժ Սարգսեանի աչքերը։ Միայն երկու մարդ են իրականութիւնը ներկայացրել այնպէս, ինչպէս կայ եւ առաջարկել են դիմում գրել ու գնալ։ Մէկը Արցախի նախագահ Բակօ Սահակեանը եւ միւսը՝ ՀՅԴ ղեկավար Հրանդ Մարգարեանը։

Մեզ պատմեցին, որ Սերժ Սարգսեանի վերջին յոյսը եղել է Ղարաբաղը եւ Ղարաբաղի բանակը, որը կարող է ամենավճռական պահին աջակցել իրեն ու իր ներկայութեամբ վախի մթնոլորտ ստեղծել եւ ցրել ցուցարարներին, ինչպէս արեցին 2008-ին, սակայն Բակօ Սահակեանը բոլորովին այլ դիրքորոշում է ունեցել։ Նա այցելել է Սերժ Սարգսեանին եւ ուղղակի առաջարկել՝ մօտեցիր պատուհանին եւ տես, թէ ի՛նչ է կատարւում, յանուն երկրի՝ պէտք է հրաժարական տաս։ Աւելի ուշագրաւ է եղել ՀՅԴ-ի պահուածքը։ Երբ նախօրէին գլխաւոր դատախազը միջնորդութիւն է ուղարկել ԱԺ՝ պատգամաւորներ Նիկոլ Փաշինեանին, Արարատ Միրզոյեանին եւ Սասուն Միքայէլեանին անձեռնմխելիութիւնից զրկելու պահանջով եւ ՀՀԿ-ում յայտարարուել է համընդհանուր մոպիլիզացիա՝ անգամ գործուղումներից են յետ կանչել պատգամաւորներին, որ քվորում ապահովեն եւ կալանքի սանկցիաները տան, ԱԺ ՀՅԴ խմբակցութիւնն անսպասելիօրէն յայտարարել է, որ՝ իրենք կողմ չեն քուէարկելու։ Ապա Հրանդ Մարգարեանը մտել է Սերժ Սարգսեանի մօտ, համոզել, որ նման ծայրայեղ քայլի չգնան ու խնդրել է իրեն թոյլատրեն այցելել Նիկոլին՝ կալանավայրում։ Նիկոլ Փաշինեանի ու Հրանդ Մարգարեանի հանդիպումը բաւականին ջերմ է եղել, եւ Մարգարեանը նրան հաւատացրել է, որ իրենց համար կարեւորը երկրի շահն է՝ իրենք պատրաստ են ամէն ինչով աջակցել համաժողովրդական շարժմանը։

Եւ վերջապէս, այս բոլոր յորդորներն ու իրադարձութիւնները կարող էին անպտուղ անցնել, եթէ չլինէր վերջին կաթիլը՝ բանակը չսկսէր անցնել ցուցարարների կողմը։ Երբ Կրկէսի մօտ գտնուող Խաղաղարար գնդից մի խումբ ծառայողներ են յայտնուել ցուցարարների կողքին, եւ ազատամարտիկներ՝ զինուորականների համազգեստներով, Սերժ Սարգսեանը հասկացել է, որ յամառելն ու հրաժարական չտալը կարող են շատ աւելի վատ հետեւանքներ ունենալ, իսկ ինքը չի կարող կրկնել 2008-ն եւ կրակելու հրաման տալ՝ այս անգամ փողոցում երիտասարդութիւնն է, եւ իրեն դա երբեք ու ոչ ոք չի ների։

Անի Առաքելեան

«Հրապարակ»

Leave a Comment

You must be logged in to post a comment.