Ժամանակն է վերջ դնելու այս հակաժողովրդավարական քաղաքականութեանը

Մուրատ Փափազեանի յայտարարութիւնը

Յուլիսի 13-ին, երբ ես գնում էի Երեւան, ժամանելուս պէս ինձ յետ դարձրին եւ Հայաստանում գործող իշխանութիւնը ինձ յայտարարեց նոն գրատա։

Տասը ամիս անց կառավարութիւնը դեռ հրաժարւում է ներկայացնել այն պատճառները, որոնք ստիպել են ընդունել այս կամայական եւ աւտորիտար որոշումը։

Իմանալով, որ իշխանութիւնների այս գործողութիւնը իրաւախախտում է, ես յարուցել եմ դատական վարոյթ՝ նպատակ ունենալով չեղեալ յայտարարել այս անպատասխանատու որոշումը։

Դատավարութեան առաջին օրը բացւում է Չորեքշաբթի՝ Մայիսի 17-ին, ժամը 15:30-ին։ (Վարչական դատարան, ք Երեւան, Գարեգին Նժդեհի փող., 23 շէնք,
Դատաւոր Մհեր Պետրոսեան).

Ինձ անձամբ կը ներկայացնեն ՀՀ ԱԺ պատգամաւոր Արծուիկ Մինասեանը եւ իմ փաստաբանները՝ Սիրանուշ Սահակեանն ու Ռուբէն Մելիքեանը, որոնց խնդրել եմ պաշտպանել իմ իրաւունքները, որպէսզի կարողանամ ազատ վերադառնալ Հայաստան։ Հայաստանը համայն հայութեան հայրենիքն է, եւ այդպէս էլ պէտք է մնայ ապագայում։ Նաեւ այս հիմնական սկզբունքը յարգելու համար է, որ մենք պայքարում ենք։

Ակնկալում եմ, որ Հայաստանի Հանրապետութեան արդարադատութիւնը անկախութիւն կը ցուցաբերի գործադիր իշխանութիւնից.

Ակնկալում եմ, որ Հայաստանի Հանրապետութեան արդարադատութիւնը կառավարութիւնից կը պահանջի հրապարակել իմ հեռացման պատճառները։

Ես գիտեմ, որ ոչինչ չի արդարացնում այս որոշումը։ Աւելին, իմ հեռացումից տասն ամիս անց իշխանութիւնները չեն կարողանում արտայայտել այն փաստերը, որոնցում ինձ մեղադրում են։ Պարզապէս այն պատճառով, որ այս որոշումը պայմանաւորուած է միայն վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ ունեցած քաղաքական տարաձայնութիւններով։

Ես ակնկալում եմ, որ Հայաստանի արդարադատութիւնը կը վերացնի իմ դէմ կայացուած որոշումը եւ դրանով իսկ ցոյց կը տայ, որ դա կառավարութեան հրահանգով չէ։

Հակառակ դէպքում Հայաստանը կը յայտնուէր որպէս Բանանային Հանրապետութիւն, եւ ես կը գնամ այնքան հեռու, որ դիմեմ Մարդու իրաւունքների եւրոպական դատարան։ Հայաստանը պէտք է յարգի իշխանութիւնների տարանջատումը, որը ժողովրդավարութեան հիմնական սկզբունքներէն է:

Այս իրավիճակում ես միակը չեմ, քանի որ երեք ընկերներիս նոյնպես արգելել են վերադառնալ Հայաստան։

Ժամանակն է վերջ դնելու այս հակաժողովրդավարական քաղաքականութեանը, որը թուլացնում է հայկական կողմը։

Մուրատ Փափազեան

ՀՅԴ Բիւրոյի անդամ

Փարիզ, 15 Մայիսի 2023

 

Comments are closed.