Թուրքիան ՀՀ-ի առաջ 3 կարեւոր քաղաքական պահանջ է դրել սահմանը բացելու համար

Ես դեռ 1,5 տարի առաջ հարցում էի ուղարկել էկոնոմիկայի նախարարութիւն, որ իրենք իրենց հաշուարկները ներկայացնեն, թէ հայ-թուրքական սահմանի բացման արդիւնքում Հայաստանն ինչ օգուտներ կ’ունենայ: Այս մասին այսօր՝ Մայիսի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրոյցում նշեց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը:

«Իրենք յղում արեցին 2000 թուականի ինչ-որ մի ուսումնասիրութեան վրայ, այն դէպքում, երբ դրա նախաբանում հեղինակն ինքն էլ է ասում, որ սա համապարփակ վերլուծութիւն չէ, ուղղակի տրանսպորտային հեռաւորութեան կրճատման արդիւնքում ՀՀ արտաքին առեւտրային բալանսը ինչքանով կը կրճատուի», ասաց նա:

Ընդդիմադիր պատգամաւորը նաեւ յիշեցրեց, որ Հայաստանը շուրջ մէկ տարի արգելել էր թուրքական ապրանքների ներմուծումը եւ էկոնոմիկայի նախարարը բազմաթիւ հիմնաւորումներ էր բերել, թէ դա ինչ մեծ օգուտներ է, թէ ինչքան է զարգացել տեղական արդիւնաբերութիւնը, թէ ինչպէս է թուրքական ապրանքների ներմուծումը փոխարինուել այլ երկրներից ներմուծումով. «Միակ բացասականը նշել էին, որ թուրքական ապրանքների էմբարգօն բերել է գնաճի, քանի որ թուրքական ապրանքները մի փոքր աւելի էժան են: Դրա հիման վրայ հարցում էի արել ԿԲ-ին, այնտեղից ասել էին, որ թուրքական ապրանքների էմբարգօն որեւէ էական ազդեցութիւն գնաճի վրայ չի ունեցել»:

Խաչատրեանի խօսքով, ԱԺ-ում ՔՊ-ական պատգամաւոր Բաբգէն Թունեանը յայտարարել էր, որ կայ ուսումնասիրութիւն, խոստացել էր դրա հիման վրայ քննարկում կազմակերպել. «Մի քանի ամիս է անցել, որեւէ քննարկում չի կազմակերպուել: Որեւէ քիչ թէ շատ յարգուած տնտեսագէտ որեւէ դրական բան չի ասել թուրքական սահմանի բացման տնտեսական ազդեցութեան վերաբերեալ: Հ1-ը հաստիքային մի քանի տնտեսագէտ ունի, որ մերկապարանոց պնդումներ են անում, բայց որեւէ ուսումնասիրութիւն, որեւէ հաշուարկ չի ներկայացուել:

Իսկ եթէ աւելի կոնկրետ ուզում էք իմանալ՝ ինչ տեղի կ’ունենայ, հարցրէք գիւղացիներին, որոնք նոյնիսկ այսօր չեն կարողանում իրենց կաղամբը վաճառել»:

Արթուր Խաչատրեանը յայտարարեց, որ Թուրքիան փակել է սահմանը, դրել է քաղաքական պահանջներ. «Դա Ցեղասպանութեան ուրացումն է, Ատրպէյճանի ինքնիշխանութիւնն Արցախի նկատմամբ ճանաչումն է եւ Հայաստանի տարածքով Ատրպէյճանի եւ Նախիջեւանի, այսինքն Բոսֆորից մինչեւ Չինաստան թուրքախօս ժողովուրդների միջեւ ցամաքային կապի հաստատումն է», ընդգծեց նա:

«Նեմեսիսի» արձանի տեղադրումը ողջունում եմ, շատ ճիշդ քայլ էր, Նիկոլ Փաշինեանի արձագանգը, որ մի գուցէ այդքան էլ ճիշդ բան չի եղել, դատապարտում եմ», նշեց Արթուր Խաչատրեանը:

«Դա իրենց պարտուողական քաղաքականութեան, թուրքերի առաջ ծնկելու քաղաքականութեան շարունակութիւնն է: Իրենք պէտք է հասկանան, որ ցանկացած նոր զիջում թուրքերին բերում է նորանոր պահանջների: Եթէ առաջ ասում էին՝ 5 շրջան, այսօր ասում են՝ Արցախը մոռացէք, արդէն խօսում են Զանգեզուրի մասին, իրենց, այսպէս կոչուած, փախստականների վերադարձի մասին, մինչդեռ էդ մարդիկ իրենց տները վաճառել, գնացել են: Պարզ օրինակ ասեմ. ասում էին՝ Կաշէնի հանքը փակէք, ճանապարհը կը բացենք: Հանքը փակեցին, ճանապարհը չբացուեց: Ցանկացած պահանջի առաջ ընկրկելը բերում է թուրքերի կողմից աւելի լկտի պահանջների», ասաց Խաչատրեանը:

Բանակցութիւններում յաջողութեան հասնելու համար բանակցողը պէտք է պաշտպանի իր երկրի շահերը. Մենք լուրջ կասկածներ եւ հիմնաւորումներ ունենք, որ իրենք հայ ժողովրդի շահերը չեն պաշտպանում. ասաց նա:

«Ձեռքերը լուանալ Արցախից, Ատրպէյճանի իւրիսդիկցիան Արցախի վրայ ճանաչելը հակազգային քայլ է: Միւս կողմից մենք տեսնում ենք, որ կայ կուրի փոփոխութիւն, այլապէս գոնէ շնորհքի համար մի քանի հանդիպում Մոսկուայում կ’անէին: Յիշէք, Արարատ Միրզոյեանը յայտարարեց՝ ի՞նչ բանակցութիւններ, երբ Լաչինի միջանցքը փակ է, միջանցքը 150 օր փակ է, իրենք տարբեր տեղերում բանակցել են: Տրամաբանական կը լինէր, որ եթէ խօսւում է Արցախի անվտանգութեան մասին, պէտք է խօսուէր այն ուժերի հետ, որոնք պատասխանատուութիւն են ստանձնել ապահովել Արցախի եւ Քաշաթաղի միջանցքի անվտանգութիւնը: Եթէ Հայաստանը մտահոգութիւն ունի, որ եռակողմ յայտարարութեան դրոյթները չեն կատարւում, պէտք է երեքով նստեն եւ խօսեն: Բայց Հայաստանը դա չի անում: Իսկ ինչ կարող ենք ակնկալել արեւմտեան հարթակներում բանակցութիւններից, ես շատ յոռետես եմ, բանակցութիւնները կատարելապես ձախողուեցին Ուաշինգտոնում: Ձախողուեցին, որովհետեւ ինչքան էս իշխանութիւնը զիջումներից է խօսում, Ատրպէյճանն աւելի է լկտիանում: Հաւանաբար այնպիսի լկտի պահանջներ է ներկայացրել, որ այս իշխանութիւնները հասկացել են, որ չեն կարողանայ կլանել», ասաց նա:

Դիտարկմանը, որ ռուսների թողտուութեամբ այսօր Հակարի կամրջի վրայ ատրպէյճանական անցակէտ է դրուել, Արթուր Խաչատրեանն ասաց. «Իսկ եթէ Արցախում հիմա ռուսներ չլինեն, ի՞նչ կը լինի վաղը Արցախում եւ ի՞նչ կը լինէր Նոյեմբերի 10-ին Արցախում, եթէ Նոյեմբերի 9-ին ռուսներն այնտեղ չմտնէին»:

Հարցին՝ մենք ընտրել ենք դանդաղ մա՞հը, նա արձագանգեց. «Մենք որեւէ մահ չենք ընտրել, մենք ընտրել ենք պայքարի ճանապարհը, բայց ակնյայտ է, որ եթէ Նոյեմբերի 9-ին այնտեղ ռուսներ չլինէին, Նոյեմբերի 10-ին այնտեղ կը լինէին թուրքեր: Եւ ակնյայտ է, որ եթէ այսօր ռուսները այնտեղից դուրս գան, ապա վաղը Արցախում հայ չի լինի»:

Արթուր Խաչատրեանը յայտարարեց, որ Բրիւսելում կայանալիք հայ-ատրպէյճանական հանդիպումից ոչ մի ակնկալիք չունի, քանի որ այս իշխանութիւնը բանակցութիւններում հայ ազգի շահը չի պաշտպանում: Նա կարծիք յայտնեց, որ ՀՀ իշխանութիւններն են ձգձգում Ռուսաստանում բանակցութիւնները. «Վեկտորի փոփոխութիւն է, ակնյայտ է»:

 

Comments are closed.