Թուրքիայում կրօնափոխ հայերը 1945 թուականին էլ են պետութեան կողմից շարունակել «վտանգաւոր» համարուել
1983
0
«Ակօս» պոլսահայ շաբաթաթերթում հրապարակուած նոր փաստաթուղթը վկայում է, որ 1945 թ․ Օրտուում կրօնափոխ եղած հայերը պիտակաւորուել են պետութեան կողմից, և նրանց վերաբերեալ ասուել է․ «Երկրի համար նրանցից շահ ակնկալելն անիմաստ է»։
Աղբիւրի համաձայն՝ Թուրքիայի վարչապետարանին կից Հանրապետական արխիւում կատարուած ուսումնասիրութեան արդիւնքում մի փաստաթուղթ է յայտնաբերուել, որում առկայ են Օրտուում և շրջակայ բնակավայրերում ապրող հայերի գրանցումները։ Թուրք ուսումնասիրող Մահսունի Կիւլի կողմից «Ակօս» շաբաթաթերթում հրապարակուած սոյն վաւերագիրը պարունակում է Օրտուի հայերի 3 էջանոց և իսլամացած հայերի 2 էջանոց ցանկեր, ըստ որոնց՝ 1945 թ․ Օրտուում և մերձակայքում ընդհանուր 114 հայ է ապրել։
Փաստաթղթի երկրորդ էջի ներքևի հատուածում մասնաւորապէս նշուած է․ «Վերոյիշեալ կրօնափոխ հայերը, լինելով Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղահանութեան ենթարկուած հայերի զաւակները, լքուել են կամ առաւելագոյնը վերցուել վրացի գաղթականների հովանու տակ և մեծացել նրանց կողմից։ Այն փաստը, որ այս հայերի մեծ մասը անկեղծօրէն չի ընդունել իսլամը, ակնյայտ է դառնում նրանց՝ հայկական համայնքի հետ շփումներից ու կապերից։ Երկրի համար նրանցից շահ ակնկալելն անիմաստ է»։
Փաստաթղթում նաև ընդգծւում է, թէ այս հայերն «անվստահելի անձինք են»։ Վաւերագրի 3-րդ էջում ներկայացուած է այժմ Օրտուում բնակող հայերի ցանկը։ «Ակօս» շաբաթաթերթի ապրիլի 9-ի համարում հրապարակուած սոյն փաստաթուղթը կրում է BCA 490-1-0–0_50-199-4 կոդը։ «Ակօս»-ը նախընտրել է ներկայում Օրտուում ապրող հայերի անունները թաքցնել և հարցի վերաբերեալ արել է հետևյալ դիտարկումը․
«Մենք գիտակցաբար ենք հայերի անունները ծածկած ներկայացնում։ Դա արել ենք այդ անհատների իրաւունքների հանդէպ յարգանքից ելնելով։ Քանզի գիտակցում ենք, որ որոշակի դէպքերում որոշ ընտանիքներ, իրենց բնակութեան վայրից և շրջապատից ելնելով, կը նախընտրեն, որ այդ տեղեկութիւնները գաղտնի մնան»։
Թարմանութիւն՝ Մելինէ Անումեան