Թեհրանի Հայոց Թեմի կողմից արցախահայութեանն ուղղուած օգնութեան առաջին բեռնաքանակը Հայաստանում է․ ՀՕՄ-ը շարունակում է իր աշխատանքները

Հայաստանում է Թեհրանի Հայոց Թեմի կողմից արցախահայութեանն ուղղուած օգնութեան առաջին բեռնաքանակը։ 17 տոննա բեռը պարունակում է հիգենային պարագաներ, սննդեղէն ու կաթսաներ։ Վառարաններ ու հիգենային պարագաներ պարունակող երկրորդ բեռնաքանակը գտնւում է մաքսատանը՝ թղթաբանութեան փուլում է։

Yerkir.am-ը այցելել է Հայ Օգնութեան Միութեան պահեստներից մէկը, ծանօթացել ՀՕՄ-ի աշխատանքներին ու վերջին ստացած բեռնաքանակին։

ՀՕՄ-ի Հայաստանի Շրջանային վարչութեան ատենապետ Մարօ Քեշիշեանը ներկայացրեց անցնող ամիսների ընթացքում իրականացրած աշխատանքները՝ նշելով, որ հասցրել են օգնութիւն տրամադրել ՀՀ տարբեր մարզերում բնակուող Արցախի շուրջ 7000 ընտանիքի։ Օգնութեան ծրագիրը իրականացրել են մի քանի փուլով։ Օգնութեան այս բեռնաքանակը պատրաստւում են ընտանիքներին տրամադրել մինչեւ Ամանոր։

Արցախահայութեանն օժանդակելու Թեհրանի Հայոց Թեմի Թեմական խորհրդի կեանքի կոչած յանձնախմբի ատենապետ Ալֆրէտ Քեշիշեանը նշեց, որ տեղահանուած արցախահայութեան կարիքները ճշդելու համար նախ կապ է հաստատել Հայաստանի Կարմիր Խաչի, Հայ Օգնութեան միութեան (ՀՕՄ) եւ Հայաստանի Ազգային Սկաուտական Կազմակերպութեան (ՀԱՍԿ) հետ, պարզելու համար անհրաժեշտ առաջնային կարիքները: Յետոյ որոշել են օգնութիւնները կեդրոնացնել վերմակների, ադիալների եւ տաք հագուստների, ինչպէս նաեւ Էլեկտրական վառարանների գնման վրայ։ Առաջին բեռնաքանակում ադիալներից բացի, կան նաեւ սննդեղէն եւ կաթսաներ։ Նա տեղեկացրեց, որ երկրորդ բեռնաքանակում ներառել են հիգենային պարագաներ ու Էլեկտրական վառարաններ, իսկ երրորդ բեռը ամբողջութեամբ լինելու է վառարաններ։

ՀՕՄ-ի Արցախի մասնաճիւղի վարչութեան փոխատենապետ Մելանիա Բալայեանը երախտագիտութիւն յայտնեց Սփիւռքի մեր հայրենակիցներին, ՀՕՄ-ին, ՀՅԴ աշխարհասփիւռ կառոյցներին եւ իրանահայ համայնքին։

Comments are closed.