Թաթոյեան. «Ազրպէյճանի Իշխանութիւնները Կ՛օգտագործեն Հայ Ռազմագերիներու Հարցը` Զարգացնելու Համար Իրենց Ատելութեան Քաղաքականութիւնը»
Եւրոպական խորհրդարանի պատգամաւոր, Եւրոպական խորհրդարանին մէջ Եւրոպական Միութիւն-Հայաստան բարեկամութեան խումբի ղեկավար Լուքաս Ֆուրլասի եւ ՀՅԴ Եւրոպայի Հայ դատի գրասենեակի նախաձեռնութեամբ 12 ապրիլ 2021-ին տեղի ունեցաւ Ազրպէյճանի մէջ պահուող հայ ռազմագերիներուն վերաբերեալ առցանց խորհրդաժողովը: Խօսքով հանդէս եկաւ նաեւ Հայաստանի մարդու իրաւունքներու պաշտպան Արման Թաթոյեան, որուն խօսքը կու տանք ստորեւ:
«Շնորհակալութիւն եմ յայտնում կազմակերպիչներին, յատկապէս պարոն Ֆուրլասին եւ Եւրոպայի Հայ դատի գրասենեակին այս քննարկումը կազմակերպելու համար:
Այս հարցը շատ մեծ կարեւորութիւն ունի նաեւ Հայաստանում խաղաղութեան հաստատման տեսանկիւնից: Հայաստանի մարդու իրաւունքների պաշտպանը շարունակում է տեղեկատուութիւն ներկայացնել միջազգային գործընկերներին:
Ազրպէյճանը չի յայտնում ռազմագերիների յստակ թիւը, տարածքային պահանջներ է ներկայացնում առանց ռազմագերիների անյապաղ ազատման պայմանը կատարելու: Ազրպէյճանի նախագահը 2020 թուականի վերջին հայ ռազմագերիներից շատերին որակել է որպէս ահաբեկիչ:
Պէտք է ընդգծել, որ ղարաբաղեան կամ արցախեան հակամարտութիւնը շարունակւում է, ուստի շատ պայմանական նոյեմբերի 9-ի յայտարարութեան օրը հիմք ընդունելով եւ ասելով, որ դրանից յետոյ Ազրպէյճանում գերի վերցուած անձինք ահաբեկիչներ են, անընդունելի է:
Բոլոր ռազմագերիները, որոնք գտնւում են Ազրպէյճանում, այդ թւում այն 64 մարդիկ, որոնք գերեվարուել են նոյեմբերի 9-ից յետոյ, որակուել են որպէս ահաբեկիչ: Սա ձեռնածութիւն է:
Ազրպէյճանի իշխանութիւններն օգտագործում են հայ ռազմագերիների հարցը` զարգացնելու համար իրենց ատելութեան քաղաքականութիւնը:
Այս յանցագործութիւններն ցեղային բնոյթ ունեցող յանցագործութիւններ են, որոնք բարձր կերպով հովանաւորւում են Ազրպէյճանի իշխանութիւնների կողմից», նշած է Թաթոյեան: