ԸԵՄՄ-Ն (IUSY) ՃԱՆԱՉԵՑ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆԸ. ՀՅԴ ԱՆԴԱՄ ՍԱՐԻՆԷ ԱԲՐԱՀԱՄԵԱՆԸ ԸՆՏՐՈՒԵՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ ՓՈԽ ՆԱԽԱԳԱՀ
Սոյն թուականի յունիսի 18-ին և 19-ին տեղի ունեցաւ Ընկերվարական Երիտասարդների Միջազգային Միութեան (ԸԵՄՄ) առցանց ձևաչափով բարձրագոյն ժողովը (IUSY World Congress), որը գումարւում է 2 տարին մէկ անգամ:
Ժողովին մասնակցում էին շուրջ 60 երկրների կազմակերպութիւնների պատուիրարկութիւններ:
Բարձրագոյն ժողովի ընթացքում ղեկավար մարմինը ներկայացնում է իր աշխատանքային զեկոյցը, ճշտւում է կազմակերպութեան ապագայ անելիքները, ընտրւում է նաև նոր ղեկավար մարմին:
ՀՅԴ Երիտասարդականի կողմից մասնակցում էին՝ Արշակ Մեսրոպեանը, Մելինէ Մաթոսեանը և Սարինէ Աբրահամեանը:
Ժողովի ընթացքում կարևոր տեղ է գրաւում տարբեր բանաձևերի ներկայացումն ու որդեգրումը: ՀՅԴ Երիտասարդականի ջանքերով ընդունուեց Արցախը միջազգայնօրէն ճանաչելու բանաձև, որի հայերէն թարգմանութիւնը ներկայացնում ենք ստորև: Հարկ ենք համարում նշել, որ բանաձևին քուէարկեցին 82 կողմ, 18 ձեռնպահ և չեղաւ որևէ կազմակերպութիւն որը դէմ քուէարկեց բանաձևին:
Ժողովի աւարտին տեղի ունեցաւ նոր նախագահութեան ընտրութիւն, որի արդիւնքում ՀՅԴ Երիտասարդականի թեկնածու՝ Սարինէ Աբրահամեանը ընտրուեց միջազգային կազմակերպութեան փոխնախագահ:
Յիշեցնենք, որ Ընկերվարական Երիտասարդների Միջազգային Միութեանը անդամակցում են մօտ 145 ընկերվար-ժողովրդավար և աշխատաւորական կազմակերպութիւններ, աւելի քան 100 երկրից: ՀՅԴ Երիտասարդականը միջազգային միութեան լիիրաւ անդամ է:
Սեպտեմբերի 27ից Ադրբեջանը լայնամասշտաբ ու անառարկելի պատերազմ սանձազերծեց Արցախի և Հայաստանի դէմ: Ադրբեջանը պատերազմ սկսեց անկախ ՄԱԿի գլխաւոր քարտուղարի կոչին՝ հաստատելու համաշխարհային զինադադար համաճարակի ընթացքում:
Այս յարձակումները ուղղակիօրէն խախտում են 1994 թուականին Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի կողմից ստորագրուած հրադադարի ռեժիմը:
Թուրքիայի աջակցութեամբ պատերազմը շարունակեց թեժանալ քաղաքացիական բնակավայրերի անխնայ ռմբակոծութիւններով՝ յարձակուելով դպրոցների, հիւանդանոցների և եկեղեցիների վրայ: Թուրքիան հրապարակաւ յայտարարել է իր աջակցութեան մասին և շարունակում է ռազմական օգնութիւն ցուցաբերել Ադրբեջանին: Տարածաշրջանանը անկայունացնելու տագնապային իրավիճակ ստեղծելով՝ Թուրքիան նաև կազմակերպել է Սիրիայից վարձկանների մասնակցութիւնը և իր յատուկ ջոկատայիններին, միանալու Արցախի դէմ պատերազմին:
Արդիւնքում կան հազարաւոր զոհեր, այդ թւում `բազմաթիւ խաղաղ բնակիչներ: Արցախի բնակչութեան գրեթէ կէսը տեղահանուել է և ճանապարհ ընկել դէպի Հայաստան ՝ ապաստան գտնելու համար: Հայ ռազմագերիներին դաժանօրէն տանջահարել են և սպանել:
Նոյեմբերի 9-ին ստորագրուեց եռակողմ համաձայնագիր Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ամբողջովին անտեսելով Արցախի ժողովրդի իրաւունքները և նաև ԵԱՀԿ Մինսկի խումբը ՝ որպէս օրինական մարմինը, որն իրաւասու է կարգաւորելու հակամարտութիւնը:
Այս անարդար համաձայնագիրը ոչ միայն անտեսում է Արցախի ժողովրդի իրաւունքները, այլ նաև ԵԱՀԿ Մինսկի խումբը ՝ որպէս օրինական հարթակ, որն իրաւասու մարմինն է լուծելու հակամարտութիւնը:
Հաշուի առնելով,
– որ այս համաձայնագիրը չի ապահովում Արցախի ժողովրդի իրաւունքները,
– չի ապահովում Արցախի Հանրապետութեան իրաւական կարգավիճակը,
– չի առաջարկում հակամարտութեան կայուն լուծում,
– որ Եւրոպայի խորհրդի ռասիզմի և անհանդուրժողականութեան դէմ եւրոպական յանձնաժողովի (ՌԱԵՀ) և ՄԱԿ-ի ռասայական խտրականութեան վերացման կոմիտէի (CERD) զեկոյցները վկայում են Ադրբեջանում հայ բնակչութեան ազատ ապրելու անհնարինութեան մասին,
– որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչութեան անվտանգութիւնն ու ազատութիւնը չի երաշխաւորւում Ադրբեջանի Հանրապետութեան կողմից,
– որ Ադրբեջանի և Թուրքիայի աննախադէպ ագրեսիան անդադար սպառնալիք է հանդիսանում Արցախի հայ բնակչութեան ինքորոշման իրաւունքի իրացմանը,
– որ Ադրբեջանը ցուցադրում է ծայրայեղ հայատիացութեան վերաբերմունք կառուցելով ցուցահանդէս, որտեղ երիտասարդութեանը ծաղրանքով է ներկայացնում հայութեան տառապանքները:
ԸԵՄՄ-ը խստօրէն դատապարտում է Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան և անառարկելի յարձակումները Արցախում և Հայաստանում, ինչպէս նաև կատարուած ռազմական յանցագործութիւնները խաղաղ բնակիչների, զինուորների և ռազմագերիների դէմ:
ԸԵՄՄ-ը խստօրէն դատապարտում է Թուրքիայի ներգրաւուածութիւնը Արցախի հակամարտութեանը:
ԸԵՄՄ-ը խստօրէն դատապարտում է Թուրքիայի կողմից պատերազմին մասնակից դարձրած Սիրիայի վարձկաններին:
ԸԵՄՄ-ը կոչ է անում միջազգայնօրէն ճանաչել Արցախի հանրապետութեան անկախութիւնը:
Որպէս միջազգայնօրէն ճանաչուած առաջադիմական կազմակերպութիւն, որը արժևորում է մարդու իրաւունքներն ու դէմ է մարդկութեան դէմ բոլոր տեսակի յանձագործութիւնների, մենք կարևորում ենք որ ԸԵՄՄ-ը հաւատարիմ մնալով իր որդեգրած արժէքներին յստակ քայլեր ձեռնարկի:
Այդ իսկ պատճառով մենք կոչ ենք անում ԸԵՄՄ-ին, որ Նամակ յղի ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ որպէս միակ օրինական մարմինը, որը կարող է վերահաստատել Արցախի հակամարտութեան խաղաղ բանակցութիւնները:
Նամակ յղի ՄԱԿ-ին հորդորելով Ադրբեջանին ազատ արձակել հայ ռազմագերիներին ու պատանդներին հրադադարի պայմանագրի համաձայն:
Նամակ յղի UNESCO-յին յորդորելով անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն պահպանելու հայկական մշակութային ժառանգութիւնը, որոնք գտնւում են Ադրբեջանի կողմից օկուպացուած տարածքներում: