Եւրոխորհրդարանին մէջ պիտի կայանայ «Պաքուի հայ փախստականներու ճակատագիրը» համաժողով

Եւրոխորհրդարանին մէջ կայանալիք «Պաքուի հայ փախստականներու ճակատագիրը» համաժողովին մասին, ինչպէս նաեւ  ՀՅԴ Եւրոպայի Հայ դատի գրասենեակի գործունէութեանց եւ  շարք մը  ուղղութիւններու մասին «Yerkir.am»-ը զրուցած է ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի գրասենեակի Հաղորդակցութեան եւ Հասարակութեան հետ կապերու պատասխանատու՝ Յարութ Շիրինեանի հետ:

 

-Պարոն Շիրինեան, Փետրուարի 5-ին Եւրոխորհրդարանում կ’ անցկացուի Պաքուի հայ փախստականների ճակատագրի մասին համաժողով: Ի՞նչ է այն, ո՞րն է նպատակը:

– Նախ եւ առաջ կարեւոր է պատմութեան այս ցաւալի էջը յիշել, ոգեկոչել եւ զոհերի յիշատակը յարգել: Բացի այդ, միջոցառումը հետապնդում է մի շարք նպատակներ: Առաջին հերթին, Պաքուի ջարդերից փախած կամ ազատուած հայ փախստականներին համապատասխան հարթակ ընծայել, որպէսզի նրանց ապրած հալածանքներն ու ջարդերը ներկայացուեն իբրեւ վկայութիւն Եւրոպական Խորհրդարանում։ Ուզում ենք նաև լոյսի տակ դնել ընդհանրապէս Պաքուի հայերի ճակատագիրը եւ կարգավիճակը։

Պէտք է ասել, որ նրանք, բացի Հայաստանից, միջազգային հանրութիւնից որեւէ օգնութիւն չստացան՝ վերակարգաւորելու իրենց կեանքը։ Իսկ քաղաքական առումով կարեւոր է մի անգամ եւս շեշտել Եւրոխորհրդարանի շէնքից, որ Պաքուի, ինչպէս նաեւ Սումկայիթի, Կիրովապատի եւ Մարաղայի ջարդերը բաւարար փաստեր են՝ անընդունելի համարելու եւ բացառելու որեւէ հակամարտութեան կարգաւորման տարբերակ, ուր Արցախը կը դառնայ վարչական Ատրպէյճանի մաս, առաւել եւս, երբ հայատեացութիւնը շարունակում է մնալ ներկայ Ատրպէյճանի իշխանութիւնների կողմից որդեգրուած պետական քաղաքականութիւն:

– Յունուարի 30-ին ԵԽԽՎ-ն  Ատրպէյճանի դէմ բանաձեւ ընդունեց՝ քաղբանտարկեալնների խնդրի կապակցութեամբ: Ի՞նչ է այդ բանաձեւն իրենից ենթադրում: Կարելի՞ է սպասել պատժամիջոցների:

– Գիտէք՝ Ատրպէյճանի մէջ տեղի ունեցած մարդու իրաւունքների խախտումները, քաղբանտարկեալնների խնդիրը եւ ընդհանրապէս, ժողովրդավարական արժէքների բացակայութիւնը, Եւրոպայում որևէ մէկի համար գաղտնիք չէ: Նմանատիպ բանաձեւեր յաճախ են  քուէարկւում՝ լինի Եւրոխորհրդարանի արտաքին հարցերի յանձնաժողովի կողմից կամ Եւրոնեսթի լիագումար նիստերի ընթացքում, բայց կարեւոր է, որ ԵԽԽՎ-ն նաեւ անդրադառնայ այս հարցին եւ յստակ կերպով դատապարտի: Ի վերջոյ՝ ԵԽԽՎ-ն եւրոպական այն կառոյցի խորհրդարանական վեհաժողովն է, որը զբաղում է Եւրոպայի մէջ մարդու իրաւունքների հարցերով, եւ յիշում ենք՝ որքան աղէտալի երեւոյթ էր ԵԽԽՎ-ի համար, երբ նրա նախկին նախագահը եւ բազմաթիւ ուրիշ պատգամաւորներ ուղղակիօրէն առնչուել էին «Ատրպէյճանական լուացքատան» սկանտալին մէջ: Յստակօրէն ասենք՝ այս մարդիկ իրենց ստացած գումարների փոխարէն աշխատում էին  Ատրպէյճանական լոպին զարգացնելու Եւրոպայում, որը, բնականաբար, հետապնդում է նաեւ հակահայկական եւ հակաարցախեան նպատակներ:

Ես չեմ զարմանայ, եթէ ԵԽԽՎ-ն որոշի պատժամիջոցների դիմել: Եթէ Ռուսաստանի պարագայում հիմքերը բաւարար էին ռուսական պատուիրակութեանը պատժելու համար, ապա Ատրպէյճանի պարագայում նրանք բաւարարից աւելին են:

-Ներկայ պահին ՀՅԴ Եւրոպայի Հայ դատի գրասենեակն ինչպիսի՞ գործունէութիւն է ծաւալում:

-Վերջին ամիսների ընթացքում բաւական աշխոյժ շրջան ունեցանք: 2019-ի աւարտին, ինչպէս արդէն տեղեակ էք, Եւրոպական մի մեծ պատուիրակութիւն առաջնորդեցինք դէպի Արցախ՝ մասնակցելու Արցախի բարեկամների «Համագործակցութիւն յանուն արդարութեան և խաղաղութեան» համաժողովին: Եւրոպայի տարածքում գործող մեր Հայ դատի յանձնախմբերի միջոցով կարելի եղաւ 50-ից աւելի եւրոպացի քաղաքական գործիչներ առաջնորդել դէպի Արցախ:

Կազմակերպեցինք նաև Հայ դատի դրամահաւաքը Պրիւքսէլի մէջ, ուր մասնաւորապէս, ներկայ գտնուեցին Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա Կաթողիկոսը եւ Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը: Գրասենեակի նախաձեռնութեամբ վերջինս ունեցաւ մի շարք հանդիպումներ Պելճիքայի հոլանդախօս և ֆրանսախօս բարեկամական շրջանակների հետ:

Բացի խորհրդարանի մէջ կայանալիք վաղուայ մեր նախաձեռնութիւնը, մեր գալիք աշխատանքների շրջանակների մասին խօսելիս՝ տեղեկացնեմ, որ 2020-ին տեղի ունենալիք Արցախի ընտրութիւնների առիթով Եւրոպայի Հայ դատի գրասենեակը միջազգային անկախ դիտորդներից կազմուած դիտորդական առաքելութիւն պիտի նախաձեռնի, ինչպէս դա եղաւ 2015-ի խորհրդարանական ընտրութիւններին և 2017-ի սահմանադրութեան հանրաքուէին:

Այս առիթով, քաղաքական գործիչներից եւ լրագրողներից կազմուած պատուիրակութիւններ նաեւ պիտի այցելեն Արցախ: Իսկ մեր ամենօրեայ աշխատանքների շրջանակներում շարունակելու ենք ուշադիր հետևել Եւրոպական խորհրդարանի գալիք բանաձեւերին եւ հակազդել բոլոր հակահայկական այն նախաձեռնութիւններին, որոնք հանդէս են գալիս բանաձեւերի փոփոխութեան առաջարկներով:

Leave a Comment

You must be logged in to post a comment.