«Երկիրը տուել ենք մարդկանց, որոնք իրենց տեղում չեն. գոնէ նամուս ունենան, փրկեն այն, ինչ կայ». փոխգնդապետ Անահիտ Մարտիրոսեան

«Շատ մարդիկ չեն հասկանում, եթէ կորցնենք Արցախը, ինչպէս Աւօն է ասել՝ մենք կը շրջենք մեր հայոց պատմութեան վերջին էջը։ Այսօրուայ օրով դեռ ուշ չէ, որ մենք ուշքի գանք, ազատուենք…», 168TV «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում ասաց «Անահիտ» ջոկատի հրամանատար, փոխգնդապետ Անահիտ Մարտիրոսեանը՝ անդրադառնալով Արցախում ստեղծուած իրավիճակին։

Նա նաեւ ասաց, որ նախ պէտք է ազատուել ռուս-թուրքական տանդեմից, շեշտելով, որ հայ ազգն ամէն անգամ յոյսը դրել է այլ ազգի վրայ, սխալը հենց դրանից է սկսւում։

«1988 թուականի Սումկայիթի ողբերգութիւնից յետոյ ինչպէս ենք կարողացել մէկ բռունցք դառնալ ու ազատագրել մեր հողերը, Արցախը։ Այդ ժամանակ մարդկանց մէջ յաղթանակի ծարաւը կար, զզուել էին, 20-րդ դարում հայի գլխին նորից ցեղասպանութիւն՝ Սումկայիթ էին սարքել։

Գիտէ՞ք՝ ինչն է հետաքրքիր, որ մենք գիտենք, թէ ինչ է արել Լենինը, Ստալինը, Կրեմլը, չեմ ասում ընդհանուր ՌԴ-ի համար, քանի որ տեսնում ենք, որ այնտեղ էլ պատգամաւորներ, քաղաքագէտներ հայի կողմից են, որոնք իրօք պատմութիւն գիտեն։ Մենք նախ պէտք է ազատուենք մեր ներքին թշնամիներից, որ բառ առ բառ ասում են՝ «Արցախն Ատրպէյճան է», ազատուենք, մեր հայրենիքը մաքրենք դրանցից եւ մենք մեր ձեռքով՝ հայերս, կերտենք մեր ապագան։ Իւրաքանչիւր հայ մեղաւոր է, բոլորս մեղաւոր ենք, որ այսօր այս ողբերգութիւնը կատարուել է։ Պահ է լինում, որ ինձ թուում է, թէ մղձաւանջի մէջ եմ, եւ տայ Աստուած, որ գայ օր, ու ես արթնանամ այդ ամէնից։

Մի՞թէ չեն տեսնում, որ այսքան ժամանակ Ալիեւն ինչ ուզում՝ անում է հայի գլխին, նոյնիսկ Կարմիր խաչի մեքենայից մարդուն իջեցնում ու տանում է Պաքու, համարելով նրան «ահաբեկիչ»։ Աշխարհում չկայ ազգ, որ չիմանայ՝ Արցախի ամբողջ հողերը պատկանում են Հայաստանին», նշեց Անահիտ Մարտիրոսեանը։

Փոխգնդապետի կարծիքով, եթէ մի իշխանութիւն չի կարողանում պահել հայրենիքը, ուրեմն՝ պիտի հեռանայ։ Ժողովուրդը տանը նստելով ու համացանց մտնելով՝ ոչինչ չի փոխելու։

«1988 թուականին մէկ բռունցքով, փոքր ու մեծ, բոլորը դրսում են եղել ու պայքարել են, որովհետեւ կատարուել էր Սումկայիթ, ողբերգութիւն էր կատարուել մեր ազգի հետ։ Թուրքի հետ պիտի խօսես իր լեզուով։

Գիտէք, մենք մեր հայրենիքը մեր ձեռքով տուել ենք մարդկանց, որոնք չեն կարողացել կատարել իրենց աշխատանքը, դրա համար իւրաքանչիւր մարդ պիտի իր տեղում լինի։ Իրենք իրենց տեղում չեն, իսկ եթէ իրենց տեղում չեն, թող դուրս գնան, գոնէ նամուս ունեն, փրկեն այն, ինչ կայ։ Ես տեսնում եմ այն, ինչ տեսնում են իմ մարտական ընկերները, որոնք իսկապէս ցաւում են իրենց ազգի համար։

Մեկ անգամ ինձ հարցրել են, թէ ինչո՞ւ ես էլ դուրս չեմ գալիս ու պայքարում, մինչեւ չտեսնեմ այն ուժը, որը չի ներկայացնում որեւէ ուժային կառոյցի, ինչ որ մի թեւի, ես չեմ կարող։ Այստեղ կլոպալ հարց է ծագել, ու չպիտի ասեն՝ նախկիններ ու ներկաներ, այստեղ դուրս է եկել փրկութեան պարամետրը։ Եթէ այս իրավիճակը չօգտագործենք մեր օգտին… Մեր ամենամեծ ողբերգութիւնն այն է, որ դիւանագէտներ չունենք, որոնք կը ներկայացնեն Հայաստանն այնպէս, ինչպէս որ դարէդար եղել է։ Մեզ լաւ դիւանագէտներ են պէտք, պէտք են մարդիկ, որոնք նախ սիրում են իրենց հողը, հայրենիքը եւ ուզում են ազատ ու անկախ հայրենիքում ապրել։ Արցախը միացնեն Հայաստանին, որովհետեւ Արցախը Հայաստանի ամենամեծ սիրտը պիտի լինի, ո՛չ Արցախը կարող է առանց Հայաստանի գոյատեւել, ո՛չ էլ Հայաստանը՝ առանց Արցախի։ Չպէտք է լինի արցախցի, հայաստանցի, կիւմրեցի, 2018 թուականից այս կողմ ազգին արհեստական ձեւով պառակտել են։ Այսօր, որ լսում եմ դրանց, ուղղակի մազերս բիզ-բիզ են կանգնում, ասում եմ՝ մի՞թէ սա իմ ազգն է», վրդովուած ասաց մեր զրուցակիցը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ այսօր պէտք է ամբողջ հայ ազգը մտածի Արցախի ու արցախահայութեան մասին, քանի որ, երբ մարդը միայն իր մասին է մտածում, արդէն իսկ պարտուած է՝ այդպէս չի կարելի։

«Այսօրուայ իշխանութիւնը մեր հայրենիքին ու ժողովրդին ձեռք է առնում, իրենց այս ժողովուրդը պէտք չէ, իրենց պէտք են իրենց փողերը, ունեցուածքը։ Մէկ անգամ Արկադի Տէր Թադեւոսեանն ասաց, որ ամօթ է աղքատ երկրում լինել հարուստ։ Վազգէն Սարգսեանն էլ ասել է՝ մի կռուէք աթոռի համար, կռուէք հողի համար, որ աթոռը դնելու տեղ ունենաք։ Վաղը-միւս օրն աթոռ դնելու տեղ չէք ունենալու։ Իրենց թուում է, որ վաղը թուրքը Հայաստանն ու Արցախը վերցրեց, իրենք ապրելո՞ւ են, չեն ապրելու, փախնեն էլ՝ չեն ապրելու», շեշտեց Անահիտ Մարտիրոսեանը։

Մանրամասները՝ տեսանիւթում

Comments are closed.