Երիտթուրքերի դատավարութեան եւ Թեհլիրեանի դատական գործի նշանակութիւնը միջազգային դատական ատեանում Հայոց Ցեղասպանութեան դատապարտման գործում
- (0)

Արմինէ Մուքոյեան
Երիտթուրքերի դատավարութիւն
1918 թ. Հոկտեմբերի 30-ին յունական Լեմնոս կղզու Մուդրոս քաղաքումբրիտանական «Ագամեմնոն» ռազմանավի վրայ Օսմանեան կայսրութեան ներկայացուցիչներ
Հուսէյն Ռաուֆի, Հիքմէթի եւ Սաադուլլանի եւ դաշնակից պետութիւնների միջեւ կնքուած համաձայնագրով, որով արձանագրւում էր
Թուրքիայի պարտութիւնը առաջին համաշխարհային պատերազմում, թւում էր պէտք է գնահատական տրուէր «Միութիւն եւ յառաջադիմութիւն» կուսակցութեան վարած քաղաքականութեանը, սակայն Ահմէտ Թաուֆիք փաշան ոչ միայն իթթիհատականների նկատմամբ հետաքննութիւն չսկսեց, այլեւ կարգադրեց ոչնչացնել մի շարք մեղադրական փաստաթղթեր: Սակայն երկրում օրէօր աւելացող տագնապային իրավիճակը պահանջում էր ազատուել երիտթուրքերի վարկաբեկուած վարչակարգից եւ կանխելով Առաջին համաշխարհային պատերազմում յաղթանակ տարած դաշնակիցների հնարաւոր պատժիչ գործողութիւնները Թուրքիայի հանդէպ, որոշւում է Օսմանեան կայսրութիւնը պատերազմի մէջ ներքաշելու եւ հայերի դէմ զանգուածային կոտորածներ կազմակերպելու համար դատական պատասխանատուութեան ենթարկել երիտթուրքական կառավարութեան ղեկավարներին եւ «Միութիւն եւ յառաջադիմութիւն» կուսակցութեան կոմիտէի անդամներին, երիտթուրքական պառլամենտի եւ կառավարութեան ղեկավարներին, ինչպէս նաեւ Օսմանեան կայսրութեան իսլամական հոգեւոր պետերին` ի դէմս շէյխ ուլ-իսլամին:
«Թուրքիայի, այսպէս կոչուած, նոր լիդերները, որոնք իրականում դուրս էին եկել միեւնոյն սուլթանական շինելից, փորձում էին տպաւորութիւն ստեղծել, թէ Թուրքիան երէկուայ Օսմանեան կայսրութիւնը ու նրա իրաւայաջորդը չէ եւ ընդհանուր ոչ մի բան չունի նախորդ վարչակարգի ոճրագործութիւնների
հետ, այլ մի նոր երկիր է` իր սեփական քաղաքական դիմապատկերով: Դրանով նրանք յոյսեր էին փայփայում մեղմացնել յաղթանակած Անտանտի երկրների կողմից Թուրքիային սպասուող հարուածները եւ պատիժները»(1):
Անտանտի անդամ երկրները, փորձելով հաւատարիմ մնալ 1915 թ. Մայիսի 24-ին Բարձրագոյն Դրանն ուղղուած իրենց յայտարարութեանը` հանդէս են գալիս երիտթուրքերի գործը համատեղ քննելու առաջարկով, որով էլ 1919 թ. Յունուարին Փարիզում կայացած համաժողովի արդիւնքում ստեղծւում է
«III ենթայանձնաժողով» անուանումը կրող մարմին, որը 1919 թ. Մարտի 29-ին՝ վերջնական զեկոյցի ընթերցումից յետոյ, յանգեց այն եզրակացութեան, որ «թշնամի երկրների այն բոլոր քաղաքացիները, որոնք խախտել են մարդկային օրէնքները կամ պատերազմական աւանդոյթները, ենթակայ են
դատական հետապնդման»: Թէեւ զեկոյցում բացայայտ կերպով չէր նշւում, սակայն այս յանձնաժողովը հաշուի էր առել նաեւ Օսմանեան կայսրութեան կողմից սեփական քրիստոնեայ քաղաքացիների հանդէպ գործադրուած ոճրագործութիւնները(2):«
Պատմական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր Արմէն Մարուքեանը գտնում է, որ երիտթուրքերի դատավարութիւնը Հայոց ցեղասպանութեան դատապարտման առումով ունի ոչ միայն պատմական, այլեւ քաղաքական եւ իրաւական նշանակութիւն, քանի որ այն «դատական գործի մեղադրական եզրակացութիւնների եւ դատավճռի մէջ պարունակում են Օսմանեան կայսրութեան հայ բնակչութեան նկատմամբ իրականացուած զանգուածային կոտորածների այնպիսի մեղադրանքներ, որոնք լիովին համապատասպանում են 1948 թ. ՄԱԿ-ի «Ցեղասպանութեան կանխարգելման եւ դրա համար պատժի մասին» կոնվենցիայում սահմանուած այդ յանցագործութեան յանցակազմի յատկանիշներին»(3):
Այս ժամանակաշրջանում Օսմանեան մամուլում (Թաքուիմ-ի վեքայի, Ալեմդար) խիստ մեղադրանքներ եղան երիտթուրքերի դէմ: Յատկապէս սուր քննադատութեան է ենթարկուել հայերի նկատմամբ նրանց վարած քաղաքականութիւնը: Սակայն այն տպագրւում էր սահմանափակ թուաքանակով, որով, ակնյայտ է, նպատակ են ունեցել այն լայն լայն տարածում չստանայ։ Հայերի տեղահանութեան եւ կոտորածների խնդիրն ընդգրկուել է նաեւ տուեալ ժամանակաշրջանի Օսմանեան խորհրդարանի օրակարգ, եւ վերջինս 1918 թ. Հոկտեմբեր-Նոյեմբեր ամիսներին դարձել է թէժ վիճաբանութիւնների թատերաբեմ:
Օսմանեան խորհրդարանում կայացած քննարկումների արդիւնքում փաստուել է պատերազմի ժամանակ երիտթուրքական կուսակցութեան եւ կառավարութեան կատարած չարաշահումների եւ ոճրագործութիւնների իրողութիւնը։ Ստեղծուել է Հինգերորդ յանձախումբը, որը, եւս երիտթուրքերին մեղադրել է նաեւ պատերազմի տարիներին հայ բնակչութեան բնաջնջումն իրականացնելու համար Յատուկ կազմակերպութիւն («Թեշքիլաթ-ը մահսուսէին») անուամբ անօրինական կառոյց ստեղծելու մէջ:
Հայոց ցեղասպանութեան պատասխանատուներին գտնելու ուղղութեամբ կարեւոր հետաքննութիւն է կատարել նաեւ Յանցագործութիւնների հետաքննիչ յանձնաժողովը, որը յայտնի է Մազհարի յանձնաժողով անունով:
Նշենք, որ երիտթուրքերի դատավարութիւնն անցել է երեք փուլով:
Առաջին փուլում գլխաւոր խնդիրն է եղել հաւաքել հայկական ջարդերի, դրանց կազմակերպիչների, այդ թւում եւ երիտթուրքական կուսակցութեան, ոստիկանութեան, բանակի եւ, յատկապէս` «Յատուկ կազմակերպութեան» վերաբերեալ յանցանշաններ, մեղադրական ապացոյցներ եւ վկայութիւններ։
Երկրորդ փուլը թուրքական փատիշահի` սուլթան Մեհմէտ VI Ուահիտէտտինի (1918–1922) երեք հրամաններն են յանցագործներին դատելու համար ռազմական արտակարգ ատեաններ ստեղծելու մասին:
Երրորդ փուլն ընդգրկում է բուն դատավարութիւնը եւ երեք ռազմական արտակարգ ատեանների արձակած դատավճիռները:
Դատաքննութիւնների ընթացքում հեռակայ կարգով մեղադրուեցին 11 ու դատավարութեանը ներկայ 20 կուսակցական եւ պետական բարձրաստիճան գործիչներ: Մայիսի 28-ին անգլիական հրամանատարութիւնն անսպասելիօրէն 77 մեղադրեալի թուրքական բանտից աքսորեց Մալթա կղզի:
Երիտթուրքերի յանցագործութիւնների գործով վերջիններիս դատավճիռը հրապարակուեց 1919 թ. Յուլիսի 5-ին: 31 յանցագործներից 4-ըՆերքին գործերի նախարար, երիտթուրքական կուսակցութեան կեդրոնական կոմիտէի նախագահ ու մեծ վեզիր (1917-1918) Թալիաթ փաշան, Ռազմական նախարար Էնվէր փաշան, Ծովային նախարար, Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Սիրիայում թուրքական 4-րդ բանակի հրամանատար Ճեմալ փաշան եւ «Միութիւն եւ յառաջադիմութիւն» կուսակցութեան կեդրոնական կոմիտէի, «Թեշքիլաթ-ը մահսուսէ»-ի անդամ, հանրակրթութեան նախարար դոկտոր Նազըմը հեռակայ կարգով դատապարտուեցին մահուան: Միւս 27 մեղադրեալների մեծ մասը դատապարտուեցին տարբեր տարիների ազատազրկման, իսկ մի խումբ մեղադրեալներ յանցանշանների բացակայութեան պատճառով արդարացուեցին: Դատավճռում մոռացութեան մատնուեցին անգլիացիների հովանաւորութեամբ կալանատնից Մալթա կղզի աքսորուած յանցագործները: Դատապարտուած երիտթուրք գործիչների ու պաշտօնեաների մեծ մասը հետագայում յայտնուեցին Քեմալ Աթաթուրքի կողքին
Հանրապետական Թուրքիայի զինուորական եւ քաղաքական վերնախաւում` զբաղեցնելով կարեւորագոյն պաշտօններ:
Այս դատավարութիւնները կարեւոր է Հայոց ցեղասպանութեան փաստի հաստատման առումով, դատական գործերի նիստերում ներկայացուած մեղադրական եզրակացութիւնները, դատաքննութեան վկաների եւ ամբաստանեալների ցուցմունքները, ընթերցուած ծածկագիր հեռագրերը ու, յատկապէս, դատավճիռներն ընդգրկող փաստաթղթերն անհերքելիօրէն ապացուցում են, որ հայերի զանգուածային կոտորածները եղել են կանխամտածուած եւ ծրագրուած երիտթուրքերի կուսակցութեան եւ կառավարութեան կողմից:
Ինչպէս նշում է փրոֆեսոր Նիկոլայ Յովհաննիսեանը, հենց այս դատաքննութիւնների արդիւնքում ընդունուած դատավճիռների միջոցով Օսմանեան կառավարութիւնն արդէն իսկ պաշտօնապէս ճանաչել է Հայոց ցեղասպանութիւնը. «Թուրքիայի օրինական, լեգիտիմ սուլթանիպետութեան ղեկավարի, հրամանով ստեղծուած օրինական դատարանի
Օսմանեան օրէնքներին, գործող սահմանադրութեան դրոյթներին եւ միջազգային իրաւական բոլոր նորմերին ու չափանիշներին համապատասխան արձակած դատավճիռը, որով մահուան դատապարտուեցին 1915 թ. Հայոց ցեղասպանութեան գլխաւոր մեղաւորները, իսկ նրանց կամակատարները բանտարկուեցին, հիմք են տալիս նորովի մօտենալու Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանութեան ճանաչման հարցին:
Մինչեւ հիմա տիրապետող է այն տեսակէտը, որ Թուրքիան չի ճանաչել Հայոց ցեղասպանութիւնը, եւ այդ հիման վրայ պահանջւում է, որ նա ընդունի իր մեղքը: Մինչդեռ թուրքական դատարանի 1919–1920 թթ. որոշումը ոչ այլ ինչ է, քան Հայոց ցեղասպանութեան ճանաչում եւ դատապարտում թուրքական
պաշտօնական իշխանութիւնների կողմից: Թուրքական դատարանը 1919–1920 թթ. դատավարութեան ժամանակ հանդէս է եկել թուրքական պետութեան եւ նրա սուլթանի անունից ու իր վճիռն արձակել է յանուն Թուրքիայի եւ նրա սուլթանի: Այդ որոշումը չի բեկանուել թուրքական կառավարութեան կողմից:
Դա չի բեկանուել նաեւ թուրքական պետութեան սիւզերէնի` սուլթանի կողմից, որն օժտուած էր նման լիազօրութիւններով, եւ մինչեւ 1922 թ., երբ նա դատավճռի արձակումից յետոյ եւս երեք տարի նստած էր գահին, չի դիմել այդ քայլին»(4):
Փրոֆեսոր Արմէն Մարուքեանը հիմնաւորում է, որ թուրքական կառավարութիւնը գիտակցելով երիտթուրքերի կատարած յանցագործութեան իրաւական ու քաղաքական հետեւանքների ողջ ծանրութիւնը, այդ թւում թուրքական կոլեկտիւ պատասխանատուութիւնը, որը պիտի յանգեցնէր հայերի նկատմամբ Օսմանեան կայսրութեան նախկին տարածքներում, մասնաւորաբար Արեւմտեան Հայաստանում, թուրքական իշխանութեան դադարեցմանը, ուստի քաղաքականութիւնն ուղղում է նախկին երիտթուրքական կառավարութեան օտարելուն՝ չնայած բոլոր միջոցները ձեռնարկեցին մեղմացնելու յանցանքը, փոքրացնելու յանցագործութիւնների ծաւալը, փոխելու բնոյթը:
Փրոֆեսոր Մարուքեանը առանձնացնում է Եոզղատի գործի դատավարութիւնը, որը երիտթուրքերը գնահատում են որպէս թուրք ցեղի դատավճիռ, իսկ քեմալական կառավարութեան վարչապետը այն անուանում «սեփական կառավարութեան մեղքի ճանաչումն ու հաւաստումը» եւ գտնում, որ այդ վճիռները չափազանց խիստ է երիտթուրքերի համար, ուստի քեմալականները նախաձեռնում են հակառակ մի գործընթաց՝ ռազմական տրիբունալները փոխարինել սեփական անկախութեան դատարաններով, ի վերջոյ հասան նրան, որ 1923 թ. Մարտի 31-ին ընդհանուր համաներում յայտարարուեց, այս բոլորը հաստատում է այն մասին, որ «քեմալականները հենց իրենք հաստատեցին, որ հանդէս են գալիս ոչ միայն որպէս յանցագործների պաշտպաններ, այլեւ հանդիսանում են նրանց ցեղասպան քաղաքականութեան շարունակողները»(5):
Ելնելով դատավարութեան պատմութիւնից, փրոֆեսորը համոզում է յայտնում, որ ազգային դատարանների կողմից պատերազմական յանցագործութիւնների դատավարութիւնը վերածւում է ձեւական գործընթացի, ուստի նման դատավարութիւնները օբիեկտիւ կարող են լինել միայն միջազգային դատական ատեաններում։
«Քեմալական իշխանութիւնների կողմից թուրքական ռազմական տրիբունալների անգամ մեղմ վճիռների վերանայումը եւ յանցագործների անհիմն համաներումը նոյնպէս հիմք է տալիս պնդելու, որ նման յանցագործութեան քննութիւնը պէտք է վստահուի միջազգային դատական ատեանին»(6):
Այսպիսով, երիտթուրքերի դատավարութիւնները վերջ դնելով Թուրքիայում իթթիհատական պետութեանը, փաստօրէն սկիզբ դրեցին քեմալական պետութեանը, որոնք քաղաքական կեանքում անփոփոխ թողեցին իթթիհատական գաղափարախօսութիւնը եւ պետական կառավարման մէջ որդեգարշ գործելաոճը։
Սողոմոն Թեհլիրեանի դատական գործ
Չնայած քեմալականների կողից երիտթուրքերի դատավարութեան վճիռների չէզոքացմանը, այնուամենայնիւ եղած մեղադրական եզրակացութիւնները, դատաքննութեան ընթացքում ունկնդրութեան արժանացած վկաների եւ ամբաստանեալների ցուցմունքները, ընթերցուած ծածկագիր հեռագրերը ու, յատկապէս, դատավճիռներն ընդգրկող փաստաթղթերը իրաւական հիմք հանդիսացան մէկ այլ՝ Պերլինում, Սողոմոն Թեհլիրեանի դատավարութեան համար, դրանք եղան որպէս երիտթուրքերի կուսակցութեան եւ կառավարութեան կողմից կանխամտածուած եւ ծրագրուած հայերի զանգուածային կոտորածների անհերքելի ապացոյցներ։ Յատկանշական է, որ «ողջ դատավարութեան ընթացքը եւ վճիռը աւելի շատ վերաբերում էր Հայոց ցեղասպանութեանը, քան Թալիաթի սպանութեանը»(7):
Դատավարութեան ընթացքում ցուցմունք են տուել գերմանացի բարձրաստիճան սպայ Լիման ֆոն Սանդերսը, յայտնի հասարակական գործիչ Յոհաննէս Լեփսիուսը, ցեղասպանութիւնը վերապրած հայեր, այդ թւում՝ Գրիգորիս Պալաքեանը: Իրաւական առումով Թեհլիրեանի պաշտպանութիւնը հիմնուած էր Գերմանիայի քրէական օրէնսգրքի 51-րդ յօդուածի վրայ, որը սահմանում էր. «Պատժելի արարք չկայ, եթէ արարքը կատարելու պահին յանցագործը գտնուել է անգիտակից վիճակում կամ հոգեկան գործունէութեան պաթոլոգիական խախտում ունի, որի պատճառով բացառւում է նրա կամարտայայտութիւնը»։
Ս. Թեհլիրեանի դատավարութիւնը հասարակական-քաղաքական մեծ արձագանգ գտաւ. այն լայնօրէն լուսաբանուեց ինչպէս ժամանակի եւրոպական, ամերիկեան ու հայկական մամուլում, այնպէս էլ գերմանացի եւ թուրք լրագրողների կողմից:
Դատավարութեան ընթացքում, չնայած դատախազը իր մեղադրական ճառի մէջ Թեհլիրեանին մեղադրել է կանխամտածուած սպանութեան մէջ, փորձել արդարացնել Թալիաթին եւ երիտթուրքերի կառավարութեանը՝ հիմնաւորելով իբր նպատակը չի եղել հայերի ոչնչացնելը, այլ եղել է կայսրութեան ամրապնդումը, եւ որ պատմական անցեալի դէպքերը, որի զոհ էր եղել Թեհլիրեանի գերդաստանը, գործի հետ կապ չունեն, այսով իսկ փաստելով եւ մանրամասն ներկայացնելով մասնաւորապէս երիտթուրքերի յանցագործութիւնները եւ Թալիաթի նկատմամբ կայացրած մահուան դատավճիռը։
Ս. Թեհլիրեանին դատարանում պաշտպանում էին Գերմանիայի անուանի իրաւաբաններ Ատոլֆ ֆոն Գորդոնը՝ իրաւական գաղտնի խորհրդական, Յոհաննէս Վերթաուէրը՝ իրաւական խորհրդական, եւ Նիմայերը՝ Քիլի համալսարանի իրաւագիտութեան բաժնի փրոֆեսոր։
Վերթաուերը, անդրադառնալով դատախազի դատողութիւններին, յիշեցնում Թալիաթի իր երկրում, ոչ թէ պարզ դատարանով, այլ ռազմական տրիբունալով հայերի զանգուածային սպանութիւնների համար մահուան դատապարտուած լինելու հանգամանքը՝ նշելով, եթէ գերմանական դատարանը չի ուզում ճանաչել այլ երկրի դատարանի վճիռը, ուրեմն միւսներից իր դատավճիռները ճանաչելու պահանջի իրաւունք չունի։
Վերթաուերի այսպիսի մեկնաբանութիւնը շատ կարեւոր է այն իմաստով, որ շեշտւում էր «տուեալ յանցագործութեան ու դատավարութեան օրգանական պատճառա-հետեւանքային կապը Հայոց ցեղասպանութեան ու երիտթուրքերի դատավարութեան եւ մասնաւորապէս թուրքական ռազմական տրիբունալի դատավճռի միջեւ»(8), որովհետեւ այն այդ ժամանակվա միջազգային իրավունքի տեսանկյունից պատերազմական յանցագործութիւն կատարած անձը յանցագործ էր ոչ միայն իր պետութեան տարածքում, այլ նրա սահմանից դուրս, պնդելով նաեւ, որ մինչ այդ պահը թուրքական ռազմական տրիբունալի օրինական ուժի մէջ մտած վճիռը ի կատար չի ածուել։
Վերթաուերը, ըստ էութեան, ապացուցում էր, որ Թեհլիրեանը իրագործել է հայերի զանգուածային սպանութիւնների համար միջազգային յանցագործի օրինական ուժի մէջ մտած մահուան դատավճիռը, որը խուսափում էր արդարադատութիւնից՝ կեղծ փաստաթղթերով բնակուելով Պերլինում։
Թեհլիրեանի դատավարութիւնը ունեցաւ մեծ հնչեղութիւն։ Այն դարձաւ նաեւ քաղաքական հարթակ՝ հայկական կոտորածների մասին բարձրաձայնելու եւ միջազգային հանրութեան ուշադրութիւնը վերստին այդ հարցի վրայ հրաւիրելու համար։
Դատավարութեան ընթացքում քննւում էր հայերի զանգուածային սպանութիւնների համար Օսմանեան կայսրութեան եւ նրա իրաւայաջորդ Թուրքիայի պատասխանատուութեան հարցը եւ այն քննւում էր դաշնակից Գերմանիայի դատարանում։
1921 թ. Յունիսի 3-ին երդուեալ ատենակալների վճռով Ս. Թեհլիրեանն ազատ արձակուեց։ Փաստօրէն գերմանական դատարանը երիտթուրքերի դատավարութեան թուրքական ռազմական տրիբունալի վճիռների հիման վրայ արդարացրեց հայերի զանգուածային սպանութիւնների կազմակերպիչներից մէկի՝ Թալիաթին ֆիզիքապէս ոչնչացնող Սողոմոն Թեհլիրեանին, որը չէր ժխտում իր արարքը։
Թեհլիրեանի արդարացման դատավճիռը, որով միջազգային հանրութիւնը, մասնաւորապէս Գերմանիան, գնահատական տուեցին Թալիաթ փաշային սպանելու արարքին, վերջինիս արդարացրեց` որպէս անմեղի, հայ ազգի, ըստ էութեան, իրաւական առումով առաջին յաղթանակն էր ցեղասպան Թուրքիայի նկատմամբ։
Վճիռը մտահոգիչ էր թուրքերի համար վճռի օրուանից մինչեւ այսօր։ 1943 թ. դիմեցին նացիստական Գերմանիայի՝ խնդրելով Թալիաթի աճիւնը, որը ստացան եւ վերաթաղեցին Թուրքիայում։ Այս եւ նաեւ Թալիաթին հերոսացնելու Թուրքիայի մօտեցումները խօսում է այն մասին, որ Թուրքիան շարունակում է Օսմանեան կայսրութեան քաղաքականութիւնը։
Նշենք նաեւ, որ ժամանակակից Թուրքիան եւս փորձեց վիճարկել այդ դատական գործի վճիռը, փաստարկ բերելով, որ այն չի քննուել մանրակրկտօրէն. սակայն ըստ պատմաբան Մարուքեանի, այն մանրակրկտօրէն չի քննուել այն պատճառով, որ քննութեան ընթացքում կարող էին ի յայտ գալ նոր փաստեր, որոնք կը բացայայտէին Գերմանիայի՝ իբրեւ Օսմանեան կայսրութեան դաշնակցի յանցակցութիւնը հայերի զանգուածային սպանութիւնների մէջ։
Այսպիսով պիտի փաստենք, որ համանման պայմաններով, նացիստական Գերմանիայի համար միջազգային դատավարութիւնը մահապատժի ենթարկեց պարագլուխներին եւ գերմանացի ժողովրդի վրայ տուրք դրուեց իբրեւ հատուցում հրեաներին. «հանգստացնելու համար «քաղաքակիրթ մարդկութեան» վրդոված խիղճը։ Տարբեր եղաւ նոյն այդ «քաղաքակիրթ մարդկութեան» վերաբերումը հայերու հանդէպ։ Թուրքիոյ հայութեան կէսը կոտորուեցաւ ամենատմարդի միջոցներով, միւս կէսը հողմացրիւ եղաւ։ Հայերու ստացուածքը յափշտակուեցաւ։ Գիւղեր ու քաղաքներ ամայացան։ Եւ երբ հասաւ հատուցման ժամը, «քաղաքակիրթ մարդկութիւնը» մնաց անտարբեր։ Հայ ժողովուրդը ինքը, իր «քաջ որդւոց սուրբ արիւնով» …կազմակերպեց հայկական Նիւրեմպերկ՝ թուրրք դահիճներու համար» Սիմոն Վրացեան(9):
*
1.- Յովհաննիսեան Ն., Հայոց ցեղասպանութեան ճանաչման հարցը երիտթուրքերի դատավարութեան վճռի լոյսի ներքոյ (1919-1920 թթ.), Երեւան,
2.- Անումեան Մ., Ճանաչում եւ դատապարտում. երիտթուրքերի դատավարութիւնները (1919-1921 թթ. եւ 1926 թ.), Երեւան, 2013, էջ 44-45
3.- Մարուքեան Ա., Հայոց Ցեղասպանութեան գործով միջազգային դատարան դիմելու հիմքերն ու հնարաւորութիւնները., Երեւան, 2014, էջ 15
4.- Յովհաննիսեան Ն., Հայոց ցեղասպանութեան ճանաչման հարցը երիտթուրքերի դատավարութեան վճռի լոյսի ներքոյ (1919- 1920 թթ.), Երեւան,
5.- Մարուքեան Ա., Հայոց Ցեղասպանութեան գործով միջազգային դատարան դիմելու հիմքերն ու հնարաւորութիւնները., Երեւան, 2014, էջ 25
6.- Նոյն տեղում, էջ 27-28
7.- Մարուքեան Ա., Հայոց Ցեղասպանութեան գործով միջազգային դատարան դիմելու հիմքերն ու հնարաւորութիւնները., Երեւան, 2014, էջ 28
8.- Մարուքեան Ա., Հայոց Ցեղասպանութեան գործով միջազգային դատարան դիմելու հիմքերն ու հնարաւորութիւնները., Երեւան, 2014, էջ 30
9.- Թեհլիրեան արդարահատոյցը. Լիբանան, 1981. Էջ 35