Երեք կուսակցութիւնների աշխատանքային խմբի գնահատականը գորոնավիրուսի համավարակին հակազդելու` իշխանութեան գործողութիւնների վերաբերեալ
- (0)

«ԲԱՐԳԱՒԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ», «ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆ», «ՀԱՅՐԵՆԻՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
Գորոնավիրուսի համավարակին հակազդելու` իշխանութեան գործողութիւնների վերաբերեալ
2019թ. վերջից նոր գորոնավիրուսի վարակի վտանգաւորութեան մասին ահազանգեցին մի շարք պետութիւններ և Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութիւնը, սակայն ՀՀ կառավարութիւնն ի սկզբանէ արհամարհեց դրանք՝ ցուցաբերելով յանցաւոր անփութութիւն։
Համավարակի տարածումը կանխելու նպատակով հակահամաճարակային անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու փոխարէն Նիկոլ Փաշինեանը շարունակում էր սահմանադրական փոփոխութիւնների հանրաքուէի բազմամարդ քարոզարշաւը և անտեսում այդ վտանգաւոր ձեռնարկը դադարեցնելու` սթափութեան կոչերը նոյնիսկ այն ժամանակ, երբ պաշտօնապէս յայտարարուեց մեզանում վարակի առաջին դէպքի մասին:
Մարտի 12-ին Հայաստանում գրանցուեց վարակի առաջին օճախը։ Մարտի 13-ին յայտնի դարձաւ, որ այդ օրը կայացած հանրահավաքի մասնակիցներից մէկը նոյնպէս վարակակիր է։
Ըստ էութեան, համավարակի իրական տարածումն աւելի շուտ էր սկսուել, քան այն յայտնաբերուեց։ Ակնառու էր, որ համավարակի տարածման նախնական փուլում սահմանային անցակէտերում առաւել մեծ խմբաքանակներով թեստաւորումներ պէտք է կազմակերպուէին` որպէս կանխարգելիչ կարևորագոյն միջոցառում: Անբացատրելի կերպով համավարակի դէմ պայքարի գործընթացը կեդրոնացուեց Երևանում՝ անտարբերութեան մատնելով մարզերում անհրաժեշտ կանխարգելիչ գործողութիւնները: Իշխանութեան այս, ինչպէս նաև այլ գործողութիւններում ուշացած ու յանցաւոր բացթողումները անդառնալիօրէն կանխորոշեցին համավարակի դէմ պայքարի ձախողումը:
Մարտի 16-ին կառավարութիւնը յայտարարեց արտակարգ դրութիւն, ստեղծեց պարէտատուն: Ազգային ժողովի իշխող մեծամասնութիւնը դիրքաւորուեց գործադիրին սպասարկողի դերում։ Բազմաթիւ կուսակցութիւններ, քաղաքական գործիչներ, մասնագէտներ, հանրային տարբեր խմբեր, կարևորելով ուժերի համատեղմամբ, արտակարգ դրութեան միջոցով համավարակի տարածումը կանխելու հրամայականը, հանդէս եկան հակաճգնաժամային կառավարման, համահայկական ներուժի համախմբման յորդորներով և ծրագրային առաջարկութիւններով։ Իշխանութեան արձագանգը եղաւ անտեսումն ու մերժողականութիւնը, ակնյայտ սխալները քննադատողները պիտակաւորուեցին որպէս խուճապ տարածողներ՝ այսպիսով խորացնելով երկրում ահագնացած անհանդուրժողականութեան մթնոլորտն ու ներազգային պառակտումը։
Կոպիտ սխալ էր համավարակի մասին լրատուութեան նկատմամբ կոշտ գրաքննութեան սահմանումը։ Դրանով իշխանութիւնը մարդկանց զրկեց ոչ միայն գիտակցուած վարքագիծ դրսևորելու անհատական պատասխանատուութիւնից, այլև տարբեր կարծիքներ լսելու, աշխարհում համավարակի տարածման ծաւալների ու զանգուածային մահացութիւնների մասին լուրեր ստանալու իրաւունքից։
Աղէտը ընդհանուր ուժերով դիմագրաւելու և հասարակական համերաշխութիւն հաստատելու ճանապարհով մարդկանց ներգրաւելու փոխարէն` պետական յստակ ռազմավարութիւն չունեցող կառավարութիւնը, ինչպէս նաև պարէտատունը և դրա գործերին պատեհ-անպատեհ միջամտող գործադիրի ղեկավարը ծանր հարուած հասցրին վտանգի հասարակական համարժէք ընկալումներին։ Փոխարէնը որդեգրուեց էժանագին պոպուլիզմը:
Շահարկելով արտակարգ դրութեան իրաւական ռեժիմի հնարաւորութիւնները՝ նեղ խմբային նպատակներ հետապնդող իշխանութիւնն ապօրինաբար փոխեց Սահմանադրութիւնը, զաւթեց սահմանադրական դատարանը, իւրացրեց իշխանութիւնը: Շարունակաբար առաջ են մղւում օտարածին և ապազգային օրակարգեր, սոցիալ-տնտեսական աղէտի շեմին բարձրացւում է գոյքահարկը։
Իշխանութեան հակասահմանադրական վարքագիծը լիովին իմաստազրկել է արտակարգ դրութեան իրաւական ռեժիմի էութիւնը: Այն գործողութիւնները, որոնք պարունակում են հանրային առողջութեան պահպանման տարրեր, դիցուք՝ սանիտարահամաճարակային կանոնները, դրանցով պայմանաւորուած` քաղաքացիների և իրաւաբանական անձանց իրաւունքների ողջամիտ սահմանափակումները կարող են իրականացուել առանց արտակարգ դրութեան: Արտակարգ դրութեան իրաւական ռեժիմի գործարկումը ենթադրում է այնպիսի կոշտ միջոցառումներ, որոնց գործադրումը թելադրուած է սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգն արագօրէն չէզոքացնելու հրամայականով: Մինչդեռ արդէն 120 օր ձգուող արտակարգ դրութիւնը ոչ միայն չի ծառայում իր նպատակին, այլև դրանով նախատեսուած և պարբերաբար վերանայուող միջոցառումները անլրջացնում են այդ ինստիտուտը, անհամաչափօրէն սահմանափակում մարդկային իրաւունքները՝ առանց էականօրէն նպաստելու համավարակի յաղթահարմանը։ Դրա վկայութիւնն է այն փաստը, որ 1 միլիոն բնակչի հաշուով Հայաստանը տարածաշրջանում համավարակի դիմագրաւման արդիւնքներով վատթարագոյն վիճակում է: Աշխարհի միջին ցուցանիշները, այսօրուայ դրութեամբ, Հայաստանը բացասական առումով գերազանցում է` հիւանդացութեան ցուցանիշով շուրջ 7 անգամ, մահուան ցուցանիշով՝ շուրջ 2,5 անգամ:
Կառավարութիւնը և նրան ենթարկուող Ազգային ժողովի իշխող մեծամասնութիւնը անկարող գտնուեցին վարելու տնտեսական անկումը մեղմացնող և սոցիալական աջակցութեան հաւասարակշիռ քաղաքականութիւն: Ցաւալիօրէն սպասւում է երկրի տնտեսութեան խոր անկում, գործազրկութեան հսկայական աճ և սոցիալական աղէտ:
Չնայած ականջահաճոյ թիւերին՝ սոցիալական աջակցութեան ծրագրերը չեն ներառում իրական կարիքաւորների ողջ շրջանակը, հրապարակ են բերւում տնտեսական ակտիւութեան խթանման անտրամաբանական ծրագրեր, գիւղատնտեսական գործունէութեամբ զբաղուողներին բանկային աջակցութեան անպիտան գործիքներ, անորոշ է պարենային անվտանգութեան և ռազմավարական նշանակութեան պետական պահուստի համալրումը, գործարարութեանը աջակցելու փոխարէն ֆինանսաւորւում են բանկերը, որով կառավարութիւնը խուսափում է տնտեսական ծրագրի իրականացման ռիսկերից՝ բիզնեսի աջակցութեան ծրագրերը սահմանափակելով վարկերի տոկոսադրոյքների սուբսիտաւորմամբ։ Հակաճգնաժամային փաթեթների կիսատութեան ու ցածր հասցէականութեան հետևանքով փոշիացուել են շուրջ 120 մլն տոլար պիւտճետային միջոցներ, առնուազն 300 մլն տոլարով աւելացել է պետական պարտքը: Այս պայմաններում Հայաստանին տրամադրուած միջազգային սուբսիդիաները, 150 մլն տոլար միջազգային օգնութիւնը, գորոնավիրուսի կանխարգելմանն ուղղուած հիմնադրամի ֆինանսական մուտքերի անբաւարար թափանցիկութիւնն ու ծախսերի հաշուետուողականութեան բացակայութիւնը լիակատար անորոշութիւն և կոռուպցիոն հսկայական ռիսկեր են պարունակում: Կառավարութեան չմտածուած և անհաւասարակշիռ քայլերի հետևանքները խիստ ծանր են անդրադառնում ժողովրդի կենսամակարդակի վրայ, իսկ այդ տագնապները ցրելու` վարչապետի պոպուլիստական յայտարարութիւնները, որոնք աւելի ու աւելի շատ մարդիկ համարում են պարզ սուտ, նպատակ ունեն քօղարկելու իր վարկանիշի անկումը:
Պատահական չէ, որ ստեղծուած վիճակից ելքը քաղաքացիները համարում են արտակարգ դրութիւնով թելադրուած սահմանափակումների զանգուածային խախտումները: Համավարակի կանխման հիմնական պատասխանատու յայտարարելով անհատ քաղաքացուն՝ իշխանութիւնը խոստովանում է ճգնաժամային կառավարման իր անզօրութիւնը, որը դրսեւորուեց նաև դժուար պահերին Սփիւռքի բարեսիրական նախաձեռնութիւններին արձագանգելու, դրանք կեանքի կոչող աշխատանքները համակարգելու անկարողութեամբ:
Ամփոփելով վերը ասուածը՝ «Բարգաւաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» և «Հայրենիք» կուսակցութիւնների համատեղ աշխատանքային խումբը եզրակացնում է, որ համավարակի տարածման ամբողջ ընթացքում իշխանութիւնն անտեսել է ահագնացող մարտահրաւէրները, յաճախ ստեղծել նոր սպառնալիքներ, ինքնադրսևորուել իբրև քաղաքականապէս անպատասխանատու և ոչ պրոֆեսիոնալ խմբակ, առաջնորդուել սոսկ անձնական և նեղ քաղաքական շահախնդրութեամբ։ Արտակարգ դրութեան իրաւական ռեժիմի արդիւնքները համահունչ չեն այն յայտարարելու նպատակադրումներին։ Այդ ձախողման պատասխանատուութիւնը համապարտութեամբ կրում են գործադիր իշխանութիւնը և խորհրդարանի իշխանական մեծամասնութիւնը։ ԱԺ ընդդիմադիր ուժերի կողմից պահանջող ստեղծուելիք քննիչ յանձնաժողովը, ինչպէս և իրաւապահներին ներկայացուած առերևոյթ քրէական յանցագործութիւնների մասին հաղորդման անաչառ քննութիւնը անուն առ անուն կը պարզեն համավարակի տարածման և հարիւրաւոր մահերի պատասխանատուներին։
Համավարակին հակազդելու իշխանութիւնների գորոծողութիւնները գնահատելով ձախողուած՝ անընդունելի ենք համարում արտակարգ դրութեան իրաւական ռեժիմի հերթական երկարացումը, քանի որ այն պահպանւում է մարդկանց իրաւունքները և քաղաքացիական ու քաղաքական ազատութիւնները սահմանափակելու, ժողովրդական դժգոհութեան ձայնը խլացնելու նպատակներով։ Համավարակին արդիւնաւէտօրէն հակազդելու միջոցառումներն անհրաժեշտ է մշակել և գործադրել օրինականութեան, ողջամտութեան և նպատակայնութեան սկզբունքներով՝ բացառելով մարդկանց և իրաւաբանական անձանց իրաւունքների ու ազատութիւնների ինքնանպատակ, անհամաչափ և անարդիւնաւէտ սահմանափակումները:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ.
1.Անյապաղ դադարեցնել սահմանադրական ինստիտուտների կազմալուծման հակապետական ընթացքը:
2.Վերջ տալ ազգային արժէքներին, ինքնութեանը և հանրային դիմադրողականութեանը սպառնացող օտարածին օրակարգերի սպասարկմանը միտուած գործողութիւններին:
3.Վերանայել և չեղարկել համավարակին հակազդելու պատրուակով ոչ իրաւաչափ հարկադրանքի միջոցների կիրառումը, այդ թւում՝ վարչական տուգանքները։
11 Յուլիսի, 2020 թ.