ԵՄ գործադիր իշխանութիւնը չի կարող անվերջ հաշուի չառնել Եւրոպական խորհրդարանի կարծիքը․ Գասպար Կարապետեան

ԵՄ գործադիր իշխանութիւնը չի կարող անվերջ հաշուի չառնել Եւրոպական խորհրդարանի կարծիքը․ Գասպար Կարապետեան

Եւրոպական խորհրդարանը Հոկտեմբերի 24-ի իր լիագումար նիստում ընդունել է «Ատրպէյճանում տիրող իրավիճակի, մարդու իրաւունքների եւ միջազգային իրաւունքի խախտման ու Հայաստանի հետ յարաբերութիւնների մասին» բանաձեւը՝ 453 կողմ, 31 դէմ, 89 ձեռնպահ յարաբերակցութեամբ։ Այս քուէարկութեանը երկու օր առաջ նախորդել էր այդ թեմայով խորհրդարանական քննարկում։

Բանաձեւի նախաբանում Եւրոպական խորհրդարանը գտնում է, որ Ատրպէյճանի կողմից մարդու իրաւունքների շարունակական խախտումներն անհամատեղելի են այդ երկրում COP-29-ի անցկացման հետ, ապա ԵՄ-ին եւ նրա անդամ երկրներին կոչ անում ձեռնարկել հնարաւոր քայլեր, որպէսզի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխութեան խորհրդաժողովները հետագայում չանցկացուեն մարդու իրաւունքների պաշտպանութեան գործում վատ ցուցանիշներ ունեցող երկրներում։

Եւրոպական խորհրդարանն արձանագրում է Ատրպէյճանում մարդու իրաւունքների շարունակաբար վատթարացումը, միջազգային իրաւունքի կոպիտ խախտումները՝ այդ թւում Հայաստանի հանդէպ ագրեսիւ պահուածքը, քաղաքացիական հասարակութեան եւ լրատուամիջոցների նկատմամբ խիստ սահմանափակումները, Եւրոպական պաշտօնեաներին կաշառելու՝ «խաւիարային դիւանագիտութեան» արատաւոր մեխանիզմները, 2023 թ․ Լեռնային Ղարաբաղի անօրինական շրջափակումը, միջազգային իրաւունքի խախտմամբ իրականացուած յարձակումը, էթնիկ զտումները, 23 հայերի՝ այդ թւում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան պատանդառումը, ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպացիան: Խորհրդարանը վերահաստատում է իր դիրքորոշումը, առ այն, որ ԵՄ-ն պէտք է պատրաստ լինի պատժամիջոցներ կիրառել ցանկացած ֆիզիքական անձի եւ կազմակերպութեան նկատմամբ, որը սպառնում է Հայաստանի ինքնիշխանութեանը, անկախութեանը եւ տարածքային ամբողջականութեանը.

Արդէն բանաձեւի բուն տեքստում խորհրդարանը, COP 29-ին ընդառաջ, խստօրէն դատապարտում է Ալիեւի ռեժիմին, գործադիր իշխանութեանը կոչ է անում կասեցնել Ատրպէյճանի հետ էներգետիկ յուշագիրը։ Եւրոպական խորհրդարանն Ատրպէյճանին յորդորում է դուրս բերել զինուած ուժերը ՀՀ ինքնիշխան տարածքից, դատապարտում է Հայաստանի նկատմամբ ագրեսիան, այդ թւում հիբրիդային յարձակումները, ողջունում է որոշ անդամ պետութիւնների կողմից Հայաստանին տրամադրուող պաշտպանական ռազմական օժանդակութիւնը։

Յատկապէս պէտք է ընդգծել Արցախի վերադարձի իրաւունքի իրացման հարցում Եւրոպական խորհրդարանի սկզբունքային ու հետեւողական դիրքորոշումը։ Այս բանաձեւում եւս, յղում անելով Արդարադատութեան միջազգային դատարանի Նոյեմբերի 17-ի որոշմանը, Խորհրդարանը պահանջում է արցախահայութեան վերադարձի իրաւունքի իրացում, արցախահայութեան հետ անկեղծ ու թափանցիկ երկխօսութեան մեկնարկ՝ վերջիններիս իրաւունքների պաշտպանութեան համար երաշխիքների տրամադրման շուրջ։ Խորհրդարանը պահանջում է հեռու մնալ սադրիչ հռետորաբանութիւնից եւ հայութեան հանդէպ խտրականութեան դրսեւորումներից։

Խորհրդարանը նաեւ պահանջում է Արցախի դէմ կատարուած պատերազմական յանցագործութիւնների անկախ հետաքննութիւն, ինչպէս նաեւ Արցախի գրաւումից յետոյ ձերբակալուած անձանց ազատ արձակում։

Յատուկ անդրադարձ կայ Արցախի պատմամշակութային ժառանգութեան պաշտպանութեանը, ինչի համատեքստում պահանջւում է ԵՈՒՆԵՍԿՕ-ի համապատասխան առաքելութեան մուտքը տարածաշրջան։

Խորհրդարանը Հայաստանի եւ Ատրպէյճանի միջեւ տրանսպորտային կապուղիների վերականգնումը դիտարկում է բացառապէս ՀՀ ինքնիշխանութեան եւ տարածքային ամբողջականութեան շրջանակներում։

Մեկնաբանելով բանաձեւի ընդունումը՝ Հայ դատի Եւրոպայի գրասենեակի նախագահ Գասպար Կարապետեանը մասնաւորապէս նկատել է․ «Այս բանաձեւի ընդունումը տրամաբանական շարունակութիւնն էր Եւրոպական խորհրդարանի նախկին բանաձեւերի եւ Հոկտեմբերի 22-ի քննարկման։ Մենք շնորհակալ ենք Եւրոպական խորհրդարանի պատգամաւորներին, գնահատում ենք նրանց սկզբունքայնութիւնն ու հետեւողականութիւնը, ինչը, ցանկանում ենք հաւատալ, որ կը բերի նաեւ Ատրպէյճանի հետ ԵՄ գործադիր իշխանութեան քաղաքականութեան վերանայման։

Այս բանաձեւի մասով, յատուկ ցանկանում եմ կարեւորել, որ խորհրդարանը ԵՄ-Ատրպէյճան իրաւապայմանագրային յարաբերութիւնների հետագայ զարգացման համար նախապայմաններ է սահմանում՝ մասնաւորապէս քաղբանտարկեալների ազատ արձակումը, Հայաստանի հետ խաղաղութեան բանակցութիւններում անկեղծ պատրաստակամութեան դրսեւորում, ինչպէս նաեւ արցախահայութեան իրաւունքների յարգումը։

Ցանկանում եմ շեշտել՝ Ատրպէյճանի հետ Եւրոպական միութեան ենթադրեալ նոր համաձայնագրի վաւերացման հարցն ամբողջութեամբ Եւրոպական խորհրդարանի իրաւասութեան ոլորտում է, եւ այս հարցով գործադիր իշխանութիւնը կաշկանդուած է Եւրոպական խորհրդարանի դիրքորոշմամբ։ Հետեւաբար, ԵՄ գործադիր իշխանութեան քաղաքականութեան զարգացումը որոշակի հանգրուանում կախուած է լինելու խորհրդարանի դիրքորոշումից, ուստի գործադիր իշխանութիւնը չի կարող անվերջ հաշուի չառնել խորհրդարանի կարծիքը։ Մենք արդէն իսկ նշմարում ենք արտաքին գործողութիւնների Եւրոպական ծառայութեան կողմից Ատրպէյճանի հետ խոսոյթի որոշակի կոշտացում եւ մեզ համար ընդունելի օրակարգերի ներառում։ ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի գրասենեակն այս ուղղութեամբ եւս շարունակելու է իր աշխատանքները»։

ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի կեդրոնական գրասենեակ
24/10/2024 թ․

Comments are closed.