«Եկուորները փորձում են իւրացնել բնիկների ոչ միայն մշակոյթը, այլեւ տարածքներն ու տեղանունները». Ռուբէն Մելքոնեան

Երեւանում՝ ԵՊՀ Իրանագիտութեան ամբիոնն ու Թեհրանի համալսարանի «Կովկասեան հետազօտութիւնների կենտրոնը» համատեղ կազմակերպել են «Հայաստան-Իրան հազարամեակների բարեկամութիւնը եւ տարածաշրջանային զարգացումները» խորագրով կլոր-սեղան քննարկում: Տեղեկացնում է Panorama.am-ը:

«Մեր առաքելութիւնն ենք համարում նաեւ Հայաստան-Իրան յարաբերութիւնների համար գիտամշակութային մթնոլորտի ստեղծմանը նպաստ բերելը, քանի որ հենց նման մթնոլորտում է շատ յաճախ ձեւաւորւում քաղաքական, դիւանագիտական, նաեւ տնտեսական յարաբերութիւններ», քննարկման մեկնարկին ասաց ԵՊՀ Իրանագիտութեան ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանեանը։

Նրա խօսքով, այս ամէնը հաշուի առնելով, ակադեմիական համագործակցութեան շրջանակներում որոշում կայացրեցին խորացնել Թեհրանի համալսարանի, մասնաւորապէս Թեհրանի համալսարանի «Կովկասեան հետազօտութիւնների կենտրոնի» հետ համագործակցութիւնը։ Վ. Ոսկանեանը յայտնեց, որ այստեղ ունենալու են նաեւ կենտրոնի ոչ պաշտօնական մշտական ներկայացուցչութիւն, հետեւաբար այս իմաստով համագործակցութիւնը երկարաժամկէտ է։

ԵՊՀ Արեւելագիտութեան ֆակուլտետի դեկան Ռուբէն Մելքոնեանն ասաց, որ մեծ պատիւ եւ ուրախութիւն է ողջունել նման գիտական, կարելի է ասել քաղաքակրթական միջոցառումը, որի արմատները գնում են հազարաւոր տարիներ առաջ, եւ իրենք էլ իրենց պարտքը գիտակցելով՝ շարունակում են հազարամեակների այդ տրադիցիան, որը կապում է այս տարածաշրջանի բնիկ ու հինաւուրց ժողովուրդներին։

«Մեր երկու ժողովուրդների մշակոյթում, աւանդոյթներում գիտութիւնը, գիտելիքի հանդէպ յարգանքն ունի բարձրագոյն աստիճան։ Եւ մշակոյթն ընկալելու համապատկերում նաեւ յարգանքն է փոխադարձ պատմութիւնների, մշակոյթների, քաղաքակրթութիւնների հանդէպ, որի վրայ էլ խարսխուած է բարեկամութիւնն ու խաղաղութիւնը», նշեց նա։

Նրա կարծիքով, յատկապէս այս փոթորկուն ժամանակաշրջանում հայերն ու իրանցիները լաւագոյն օրինակը կարող են ծառայել իրար կողք ապելու, իրար յարգելու եւ խաղաղութիւնը ոչ թէ բառերով, այլ իրականում փայփայելու ու շարունակելու հարցում։

«Տարածաշրջան ներմուծուած տարբեր ժողովուրդներ ոչ միայն չեն իւրացրել այս տարածաշրջանի բարեկամութեան ու խաղաղութեան խաղի կանոնները, այեւս փորձում են այս հաստատուած իրողութիւնները փոխել, այլափոխել, այլասերել՝ առաջ բերելով թշնամանք, պատերազմներ, վանդալիզմ եւ այլն։

Եկուոր ու ներմուծուած այդ ժողովուրդները իւրացնում են կամ փորձում են իւրացնել բնիկների ոչ միայն մշակոյթը, գրականութիւնը, մեծանուն գրողներին, այլեւ տարածքներն ու անգամ տեղանունները։

Եւ այդ համապատկերում հայերն ու իրանցիները եկուորների թիրախն են։ Հետեւաբար, մենք աւելի քան պարտաւորուած ենք դարաւոր, մեր լաւագոյն տրադիցիաները նաեւ գիտական հարթակներում շարունակել պրոպագանդել», ասաց Ռ. Մելքոնեանը։

Նա ընդգծեց, որ այս քննարկումը կը լինի եւս մէկ քայլ ընդդէմ տգիտութեան, թշնամանքի եւ ընդդէմ խաղաղութեան այլասերման. «Գիտելիքն ու իմացութեանը կը յաղթի տգիտութեանը եւ դրանից սնուող թշնամանքին։ Մենք հաւատում ենք դրան»։

 

 

Comments are closed.