Դիւանագէտների համահայկական խորհրդի յայտարարութիւնը. Հայաստանի օրուայ իշխանութիւնների ապազգային եւ հիմնազուրկ գործողութիւնները լրջագոյն սպառնալիք են ստեղծել ՀՀ-ի համար
- (0)

ՀՀ իշխանութիւնները եւ, մասնաւորապէս, Արտաքին գործերի նախարարութիւնը հերթական անգամ ի ցոյց դրեցին իրենց քաղաքական դիմագիծը՝ ջանադրաբար փորձելով արցախեան հիմնախնդրի կարգաւորման ուղղութեամբ իրենց տոտալ ձախողումները եւ յանցաւոր անգործութիւնը բարդել ուրիշների վրայ:
Ապրիլի 5-ին լրատուամիջոցներից մէկին տրուած ԱԳՆ մեկնաբանութիւնը փորձում է տպաւորութիւն ստեղծել, որ ՀՀ իշխանութիւններն, իբրեւ թէ, առաւելագոյն ջանքեր են գործադրել Արցախի շահերի պաշտպանութեան համար՝ ընդհուպ 2024 թ. Յունուար ամիսը, բայց այդ «առաքելութեանը» խանգարել են Արցախի իշխանութիւններն՝ իրենց մերժողական պահուածքով եւ սեփական նախաձեռնութեամբ Արցախի Հանրապետութիւնը լուծարելով:
Փաստերի նենգափոխման գործելաոճը նորութիւն չէ այս իշխանութիւնների համար: Միանգամայն ակնյայտ է, որ արցախեան հիմնահարցի բանակցային գործընթացը տապալելու ֆունդամենտալ եւ առանցքային պատճառը ՀՀ գործող վարչախմբի ղեկավարի կողմից Պրահայում 2022 թ. Հոկտեմբերին կայացած քառակողմ հանդիպմանը Ատրպէյճանի տարածքային ամբողջականութեան անվերապահ ճանաչումն էր՝ ներառեալ Արցախը:
Հիմա արդէն կարելի է վստահաբար արձանագրել, թէ ինչ էր նշանակում այդ հանդիպումից ամիսներ առաջ ՀՀ Ազգային ժողովում գործող վարչապետի յայտարարութիւնը՝ «Արցախի կարգավիճակի հարցում նշաձողը մի փոքր իջեցնելու մասին» եւ ինչ աղէտալի հետեւանքներ այն ունեցաւ Արցախի ժողովրդի համար:
Ինչ վերաբերւում է երրորդ երկրներում Ատրպէյճանի եւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպումների չկայացման համար մեղադրանքներին, ապա մեր ունեցած հաւաստի տեղեկութիւններով այդ հանդիպման չեղարկումը պայմանաւորուած է եղել բոլորովին այլ հանգամանքներով, որի մասին ճիշդ կը լինի, որ վերջապէս խօսեն այդ գործի անմիջական պատասխանատուները: Եթէ խօսում ենք փաստերով, ապա առնուազն զարմանք է յարուցում, թէ ՀՀ ԱԳՆ-ից ինչու չեն անդրադառնում չկայացած հանդիպումից օրեր անց նախատեսուած մէկ այլ հանդիպման, որին Արցախի ներկայացուցիչները պատրաստ են եղել մեկնել, սակայն ատրպէյճանական կողմն է հրաժարուել: Ակնյայտ է նաեւ, որ Հայաստանի ինքնահեռացումը նշուած բանակցային գործընթացից եւ միջազգային իրաւունքի ոտնահարմամբ շրջափակման մէջ գտնուող, ուժասպառ Արցախը հակառակորդի ճիրաններում մենմենակ թողնելը ինքնըստինքեան պարարտ հող ստեղծեց Պաքուի առաւելապաշտական եւ վերջնագրային դիրքորոշման համար:
Տարակուսանք է առաջացնում նաեւ իբրեւ թէ Արցախի Հանրապետութեան լուծարման մասին հրամանագրի մէջբերումը, որի մասին պարբերաբար յիշեցնում են միմիայն ՀՀ իշխանական շրջանակները: Այստեղ տեղին ենք համարում նշել, որ այն չի հրապարակուել, հետեւաբար իրաւական ուժ չի ստացել, եւ այն չէր կարող օրինական համարուել նախ՝ Արցախի Հանրապետութեան Սահմանադրութեան իրաւակարգաւորումների տեսանկիւնից եւ ապա՝ միջազգային իրաւունքի լոյսի ներքոյ՝ ուժի սպառնալիքի տակ պարտադրուած լինելով:
Վերջապէս, Ատրպէյճանն Արցախում իրականացրել է ցեղասպանական գործողութիւններ՝ շրջափակման եւ էթնիկ զտման միջոցով, ինչն արձանագրուել է միջազգային կառոյցների ու մի շարք պետութիւնների, այդ թուում՝ ՀՀ ԱԳՆ-ի կողմից: Հայաստանի արտաքին գերատեսչութիւնը, որը վերջին տասնամեակների ընթացքում ցեղասպանութեան յանցագործութեան կանխարգելման եւ պատժման ուղղութեամբ միջազգային պայքարի առաջնագծում էր, այսօր երեսպաշտօրէն յայտարարում է, որ «Լեռնային Ղարաբաղի հայութեան բռնի տեղահանութիւնից յետոյ… խնդիրը դուրս է եկել Հայաստանի Հանրապետութեան եւ Ատրպէյճանի Հանրապետութեան միջեւ միջպետական յարաբերութիւնների կարգաւորման օրակարգից», դրանով իսկ օգնելով Ատրպէյճանին խուսափել պատասխանատուութիւնից եւ, փաստօրէն ի չիք դարձնելով Հայաստանի ու միջազգային գործընկերների ապագայ պայքարը արդարութեան վերականգման համար:
Դիւանագէտների համահայկական խորհուրդը խստագոյնս դատապարտում է Արցախի թեմայի շուրջ շահարկումները, ստի եւ կեղծիքի վրայ հիմնուած մանիպուլիացիոն յայտարարութիւնները, որոնք համահունչ են Պաքուի դատարանում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան ու ռազմագերիների դէմ մոգոնուող շինծու մեղադրանքներին: Անհրաժեշտ ենք համարում վերստին զգուշացնել, որ Արցախի թեման վերջնականապէս փակելու Հայաստանի օրուայ իշխանութիւնների ապազգային եւ հիմնազուրկ գործողութիւնները լրջագոյն սպառնալիք են ստեղծել արդէն իսկ Հայաստանի Հանրապետութեան համար:
Դիւանագէտների համահայկական խորհուրդ