«Դա նոյնն է, որ կտրես ծառի այն ճիւղը, որի վրայ նստած է հարազատ եղբայրդ». Ն. Յոխիկեանը՝ բանակի դէմ արշաւի մասին
Լրագրող, փորձագէտ Նայիրի Յոխիկեանը գրում է.
«Մէկ կենտրոնից ուղղորդուած հետեւողական քարոզչութիւն է տարւում հայկական բանակի դէմ՝ փորձելով հեղինակազրկել սպայական կազմին, գեներալներից մինչեւ ենթասպայ ներկայացնել որպէս վախկոտ ու դասալիք։
Միտումնաւոր կերպով որեւէ վատ բան չի ասւում շարքային զինուորի մասին, քանի որ լաւ են հասկանում՝ զինուորը հանրային լայն զանգուածների ներկայացուցիչն է, իսկ զանգուածներին պէտք է սիրաշահել, համոզել, որ նրանք հպարտ քաղաքացիներ են, որոնց դաւաճանեցին բանակի սպաները։
Իրականում մենք լաւ ենք հասկանում, որ առանց սպայական ճիշտ աշխատանքի ու հրահանգի, շարքային զինուորը որեւէ բան անել չի կարող։ Բնական է, որ ռազմական գործողութիւնների ժամանակ եղել են եւ միշտ են լինում վատ ծառայող սպաներ, բայց դա համատարած երեւոյթ չի։ Իսկ ինչո՞ւ են ՀՀ քաղաքական իշխանութեանը եւ արտաքին դրամաշնորհներով դրսին ծառայող ակտիւիստները տարօրինակ զուգադիպութեամբ հարուածում հայկական բանակի հեղինակութեանը։
Մէկը լուրջ դէմքով «բացայայտում է», թէ գեներալները խաբում էին Նիկոլ Փաշինեանին, մէկ ուրիշը ոչ պակաս սկանդալային «բացայայտում» է անում, թէ երբ զինուորները Հատրութում զոհւում էին, մեր գեներալները թղթախաղով էին զբաղուած, երրորդն էլ «չի կարողանում թաքցնել», որ գեներալները փախչում էին ռազմի դաշտից, իսկ շարքային զինուորները բռնում էին նրանց օձիքից ու ստիպում կռուել։
Սրանք լաւ մտածուած տեխնոլոգիաներ են, որոնց կիրառմամբ հանրութեան մէջ խորացւում է անվստահութիւնը եւ անլուրջ մօտեցումը բանակի նկատմամբ, իսկ մի բանակը, որին լուրջ չի վերաբերւում անգամ սեփական ժողովուրդը, չի կարող լաւ պատրաստուել առաջիկայ պատերազմներին։
Բանակը վերջնական կազմաքանդելու օպերացիան շարունակւում է, առաջիկայ օրերին սորոսական գրանտ ստացողներից նոր «բացայայտումներ» կը լսենք։
Պարզապէս ես ուզում եմ մարդկայնօրէն հասկանալ այն հայերին, որոնք փողի կամ այլ բանի դիմաց ստանալով նման առաջադրանք, կատարում են այն։ Ուզում եմ հասկանալ, այդ մարդիկ երբեւէ ներքին հպարտութիւն չեն զգացե՞լ մեր բանակի համար։ Արդեօ՞ք այդ մարդիկ խղճի խայթ չեն զգում, երբ իրենց հրապարակումներով արատաւորում են հայկական բանակի պատիւը։ Ախր դա նոյն է, որ կտրես ծառի այն ճիւղը, որի վրայ նստած է հարազատ եղբայրդ՝ լաւ իմանալով, որ գուցէ ճիւղը քեզ պէտք գայ որպէս վառելիք, բայց դու կորցնելու ես եղբօրդ։
Խնդրում եմ, հայկական բանակի մասին բամբասելուց առաջ գոնէ մէկ րոպէ մտածէք, ծանրութեթեւ արէք։ Ես նախընտրում եմ հայկական բանակի մասին ասել լաւը կամ ոչինչ, իսկ բանակի խնդիրները մենք կարող ենք յաղթահարել այլ կերպ»։